Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայկական ակնկալիքներն ու Կաննը

Ապրիլ 02,2009 00:00

Հովհաննես Գալստյանի «Խճճված զուգահեռներ» լիամետրաժ խաղարկային ֆիլմը սպասում է միջազգային հրավերի:

\"\"
Հովհ. Գալստյանը՝ Սիրի Հելենե Մյուլլերի հետ՝ նկարահանման հրապարակում:

Անցյալ տարի Կաննի միջազգային 61-րդ կինոփառատոնում Հայաստանը ներկայացավ որպես էքսպերիմենտալ, սիրողական կինո ունեցող երկիր՝ արտամրցութային ծրագրում կինոռեժիսոր Արման Թադեւոսյանի «Փոխակերպումներ» ֆիլմով: Վերջին շրջանում խոսվում է տարիների ընդմիջումից հետո հիշյալ կինոփառատոնում, որը կբացվի մայիսի 13-ին, «Խճճված զուգահեռներ» լիամետրաժ խաղարկային ֆիլմով Հայաստանի մասնակցության մասին: Հիշեցնենք, որ մենք Կաննի փառատոնին խաղարկային ֆիլմով ներկայացել ենք 42 տարի առաջ՝ ճանաչված կինոռեժիսոր Ֆրունզե Դովլաթյանի «Բարեւ, ես եմ» նկարով:

«Առավոտը» հանդիպեց «Խճճված զուգահեռների» ռեժիսոր, սցենարիստ եւ գլխավոր պրոդյուսեր Հովհաննես Գալստյանի հետ: Վերջինս հայտնեց, որ ֆիլմը իրոք ներկայացված է, ինչը դեռ չի նշանակում, որ կունենա հրավեր (պարզ կլինի ապրիլի վերջին): Միակ հույսը, ըստ մեր զրուցակցի, այն է, որ այս տարվա սկզբին «Խճճված զուգահեռները» ներկայացրել է կինոգետ, կինոքննադատ, Մոսկվայի միջազգային կինոփառատոնի ծրագրերի տնօրեն Կիրիլ Ռազլոգովին, որն էլ ոգեւորվել է, խորհուրդ տալով այն ներկայացնել Կաննի միանգամից երկու ծրագրերում՝ պաշտոնական եւ կինոքննադատների շաբաթ: Հ. Գալստյանը տեղեկացրեց նաեւ, որ նկարը Հայաստան-Նորվեգիա-Ֆրանսիա համատեղ արտադրության է, երեք անկախ ստուդիաների, գումարած Հայաստանի ազգային կինոկենտրոնը. «Ֆիլմի բյուջեի 70%-ը արտերկրյա ֆինանսավորում է, իրավունքները իմ «Պարալլես ֆիլմ պրոդակշըն» եւ Ազգային կինոկենտրոնինն են: Ընդհանուր բյուջեն կազմում է 582 791 եվրո: Նկարը երկու մասից է բաղկացած, գործողությունները տեղի են ունենում Հայաստանում եւ Նորվեգիայում: Գլխավոր դերերում նկարահանվել են Սերժ Ավետիքյանը, Սոս Ջանիբեկյանը, նորվեգուհի Սիրի Հելենե Մյուլլերը եւ ֆրանսուհի Լորանս Ռիթերը… Սիրով հայաստանյան հանդիսատեսին կներկայացնեի ֆիլմս, բայց աշխարհում 4 կինոփառատոներ կան՝ Կաննի, Բեռլինի, Վենետիկի եւ Մոսկվայի, որոնց օրենքների մեջ մտնում է ֆիլմի առաջին ցուցադրման իրավունքը: Մյուս կողմից՝ հայաստանյան կինոթատրոնները վարում են զուտ կոմերցիոն քաղաքականություն, ինչը ազգային կինեմատոգրաֆին նախապատվություն չի տալիս»:

Համաձայնելով մեր զրուցակցի հետ, հարցրինք՝ իհարկե, Հայաստանում չկան մեծ կինոդահլիճներ, ըստ էության չկա եւ կինոշուկա, մինչդեռ այլ կինոփառատոներին մասնակցության պայմաններից մեկն էլ «հանդիսատեսային» եւ «շուկայական» հաջողությունն է, ձեր ֆիլմը այս առումով կարո՞ղ է մրցակցել: «Հայաստանում որեւէ շուկայական հետաքրքրություններ չունեմ, որովհետեւ բացակայում են դրա մեխանիզմները: «Խճճված զուգահեռների» մասով ասեմ, որ ֆիլմի ցուցադրությունը սկսելու ենք Սկանդինավիայից, քանի որ ունենք պայմանագրեր տեղի կինոթատրոնների հետ, բացի դրանից, ձեռք ենք բերել եվրոպական շուկա մուտք գործելու իրավունքներ, ինչը մեզանում կոչվում է պրոկատ: Հայաստանում հետաքրքրություններ չունեմ ոչ միայն կինոթատրոնների, այլեւ DVD-ների մասով, որովհետեւ վերջիններիս լիցենզիոն վաճառք պարզապես չի իրականացվում»,- ասաց նա: Հարցին էլ, թե՝ մեզանում շատերը չեն էլ պատկերացնում պրոդյուսերի դերը շուկայում, ի՞նչ անենք, որ այդ համակարգը մուտք գործի կինոարվեստ, Հ. Գալստյանն ասաց. «Որ Հայաստանում չկա պրոդյուսերական դպրոց՝ փաստ է, չկա նաեւ ռեժիսորական դպրոց, բայց դիպլոմով կինոռեժիսորներ շատ կան: Ավելի լավ է ռեժիսորները փորձեն իրենք դառնալ պրոդյուսերներ, որովհետեւ վերջիններիս թվում է, թե իրենք գիտեն ամեն ինչ, տիրապետելով միայն կոմերցիոն հնարքներին, ինչը բերում է միջակ ու վատ կինոյի տարածմանը: Եթե Հայաստանում հայտնվեն պրոդյուսերներ, որոնք արդեն կան, կինոն տանելու են զուտ կոմերցիայի ճանապարհով, արտադրվելու են ցածրաճաշակ, հանդիսատեսի նվազագույն բնազդները բավարարող ֆիլմեր՝ հենված բամբասանքի, սպանությունների ու ցածրակարգ հումորի վրա: Մինչդեռ ռեժիսորական կինոն տանում է բազմազանության, ինչն օգտակար է կինոոլորտի զարգացման համար եւ հաստատ կարող եմ ասել, որ այն երբեք չի տանի կոմերցիոն փակուղի: Մի խոսքով, ռեժիսորն ունի հոգեւոր մեսիջ՝ հանդիսատեսին ուղղված, իսկ պրոդյուսերին հետաքրքրում է միայն շուկայի պահանջները»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել