Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԱՆՎԵԼԸ՝ ԼԱԳՈՍԻՑ

Ապրիլ 02,2009 00:00

Կամ՝ ինչպես ինտեգրվել նիգերիական մշակույթին եւ հետն էլ Թաթա լսել

\"\"
Մանոն եւ իր ընկերները՝ նիգերիական ճաշ պատրաստելիս:

Բալի գինու եւ հատկապես իկոսի ապուրի հայրենիքը համարվում է Նիգերիան: Իկոսի ապուրը, որ պատրաստվում է չորացրած ձկից ու սնկից, նիգերիական ազգային ճաշատեսակ է, այդպիսին է նաեւ սպիտակ կարտոֆիլից պատրաստվող պանտետիամը: Վերջինիս հետ մատուցում են ոգելից խմիչք՝ կայկայ, որը պատրաստվում է տեղական բույսերից: Ես անձամբ չեմ համտեսել կայկայ եւ Նիգերիայում էլ չեմ եղել, դրա մասին իմացել եմ Նիգերիայում ապրող Մանվել Քոնյանի հետ զրուցելիս: Մանվելը 33 տարեկան է, Սիրիայից տեղափոխվել է Լագոս 4 տարի առաջ: Նա մենեջեր է աշխատում մի ընկերությունում: Մտերիմները Մանվելին կոչում են Մանո: Նա ապրում է Լագոսում, որտեղ ապրում է շուրջ 60 հայ: Այստեղ հայերը հիմնականում ներգրավված են նավթային ընկերություններում կամ էլ զբաղվում են առեւտրով: Նիգերիայի հայերը հիմնականում Լիբանանից են գաղթել, մի մասն էլ՝ Սիրիայից եւ Կիպրոսից: Կան հայեր, որոնք ավելի քան երեսուն տարի է, ինչ բնակություն են հաստատել այստեղ, ամուսնացել ու ընտանիք են կազմել: Նրանց զավակները, սակայն, Մանոյի պատմելով, հայերեն գրել եւ կարդալ սովորում են տանը՝ ծնողների օգնությամբ, քանի որ Նիգերիայում հայկական դպրոց ու եկեղեցի դեռեւս չկան: Նիգերիայում ապրող հայերին հաճախ հարցնում են՝ որտե՞ղ է գտնվում Հայաստանը: Այս հարցին Մանոն պատասխանում է իր ձեւով. «Նիջիրիացիները քրիստոնյա եւ մահմեդական հավատացյալ ժողովուրդ են: Իրենց կըսեմ, որ եթե Հայաստանը չըլլար, դուք գոյություն չպիտի ունենայիք: Կզարմանան ու կհարցնեն՝ ինչո՞ւ: Ես ալ Նոյյան տապանի մասին կպատմեմ ու կըսեմ, որ Արարատեն ըսկսավ նոր կյանքը: Կպատմեմ նաեւ 1915-ի Հայոց ցեղասպանության մասին եւ հայկական գաղութների, ու ինչպես մեծ հարգանք են վայելում հայերը այդ երկիրների մեջ եւ նույնիսկ պառլամենտին մեջ իրենց ներկայացուցիչներն ունեցան: Այս ամենը լսելեն հետո նիջիրիացի ընկերներս մեծ հետաքրքրությամբ Հայաստանը կփնտրեն քարտեզին վրա»:

Մեր այն հարցին՝ ինչպե՞ս է անցկացնում ժամանակը աշխատանքից դուրս, Մանոն պատասխանում է. «Շաբաթ-կիրակի օրերուն ընկերներով կհավաքվինք մեկու տունը, հայկական ճաշատեսակներ կպատրաստենք՝ քուֆթա, լահմաջու կամ քեյբաբ: Կուտենք, կխմենք եւ Թաթայի երգերին տակ կպարենք: Մեզ հետ հրավիրված կլլան եվրոպացի եւ տեղացի ընկերներ, որոնք հայկական ճաշերից ամենաշատը լահմաջուն կսիրեն: Կան օրեր, որ ես ու հայ ընկերներս գոլֆ կամ թենիս խաղալու կերթանք, մեկ-մեկ էլ՝ լողալու»:

Երկրի սովորույթներն ու ավանդույթները հարգելով՝ Մանոն կարողացել է տեղացի ընկերներ ձեռք բերել, ավելի լավ ծանոթանալ Նիգերիայի տարբեր ցեղային միավորների հետ, ինչպիսիք են, օրինակ՝ իպոն, այքուայպոն, դելտաստեիտսը, որոնց ներկայացուցիչներն ընդունել են քրիստոնեությունը, իսկ, օրինակ, հաուսաներ ցեղային միավորման ներկայացուցիչները դավանում են իսլամը: Կան նաեւ այնպիսի ցեղեր, որոնց ներկայացուցիչների մի մասը քրիստոնյա է, մյուս մասը՝ մահմեդական:

Նիգերիայում գոյություն ունի 220 խոսվածք, որոնք մենք հիմա չենք թվարկի, բայց պետական լեզուն անգլերենն է:

Մանոն պատմում է, որ շատ գյուղերում մարդիկ շարունակում են ապրել իրենց նախապապերի պես եւ դեռ չեն որդեգրել ժամանակակից հասարակության կողմից սահմանված վարվելաձեւի ընդհանուր նորմերը: «Օր մը գյուղ մը մտանք, ուր գյուղացիները կերգեին ու կպարեին: Մտածեցի՝ երեւի ուրախություն կա, բայց տեղացի ընկերներս ըսին, որ ասիկա թաղումի արարողություն է, այսպես կպահանջե ավանդույթը»: Իսկ քաղաքային կյանքի մասին ասաց. «Լագոսը մաքուր քաղաք է, կառուցվածքով կնմանի ԱՄՆ-ի ու Եվրոպայի ժամանակակից քաղաքներին: Ժողովուրդը յուրահատուկ ոճ ունի ապրելու: Օրինակ, ամեն թաղ ունի, այսպես կոչված, «արգան»՝ առաջնորդ, մենք՝ արտասահմանցիներս, նվերներով ու փողերով կայցելենք նրան որպես հարգանքի նշան: Իսկ եթե որոշենք սեփական գործ ունենալ, պարտավոր ենք տեղացի մը գործի ընդունիլ, ատի տուգանքի հավասար բան մըն է: Այսպիսի երեւույթ մըն ալ կա. նույն ընտանիքին անդամները կրնան տարբեր կրոնքներու պատկանիլ, օրինակ՝ երկու հարազատ եղբայրներ, մեկը քրիստոնյա, մյուսը մահմեդական կրնան ըլլալ եւ ապրիլ նույն տունին մեջ: Կա եւ այլ տարօրինակ երեւույթ եւս, անբարոյական աղջիկը այստեղ հաճախ եկեղեցի կերթա եւ աստուծմե կխնդրե գործի հաջողություն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել