Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Իսրայելում նախարարները շատացել են

Ապրիլ 02,2009 00:00

Երեքշաբթի երեկոյան տեղի ունեցավ Իսրայելի նոր կառավարության երդմնակալության արարողությունը: 59-ամյա Բենյամին Նեթանյահուի կառավարությունը ծնվեց տարբեր կուսակցությունների հետ բանակցությունների արդյունքում եւ այդ երկրի պատմության մեջ ամենաբազմամարդն է: Այդպիսով, վարչապետ Նեթանյահուն վարձահատույց եղավ իշխող կոալիցիայի իր գործընկերներին՝ աջակցության համար: Այդ նպատակով նա ստիված եղավ ստեղծել նախարարների նոր պաշտոններ: Օրինակ, հետախուզության եւ գաղտնի ծառայությունների նախարար, ազգային փոքրամասնությունների գործերով նախարար, հաղորդակցությունների եւ սփյուռքի նախարար: Նոր կառավարությունում կլինեն նաեւ նախարարներ՝ առանց պորտֆելի, որոնց գործառույթներն առայժմ հստակեցված չեն:

Նեթանյահուի նոր կաբինետում մեծ տեղ է հատկացվելու նախկին ԽՍՀՄ-ից եկած հայրենադարձներին: Արտգործնախարարի պաշտոնն է զբաղեցնելու Մոլդովայում ծնված, այժմ «Մեր տունն Իսրայելն է» կուսակցության ղեկավար Ավիգդոր Լիբերմանը: Նախկին մոսկվացի՝ 40-ամյա Ստաս Միսեժնիկովը, կդառնա տուրիզմի նախարար: Ինտեգրման նախարար՝ 59-ամյա Սոֆա Լինդվերը, ծնվել է Լենինգրադում, իսկ կոմունիկացիաների եւ սփյուռքի նախարարության ղեկը ստանձնած Յուլիյ Էդելշտեյնը ապրում էր Մոսկվայում եւ, լինելով «սիոնիստական ընդհատակի» ակտիվիստ, 3,5 տարի անց է կացրել խորհրդային ճամբարներում: Հետաքրքիր է, որ Էդելշտեյնի հայրը ռուս ուղղափառ եկեղեցու քահանա է եւ շարունակում է ապրել Ռուսաստանում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել