Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Դուրս մնացածների ճակատագիրն անորոշ է

Ապրիլ 02,2009 00:00

Լիցենզիաները կասեցված 13 մասնավոր բուհերի ուսանողների մեծ մասը դեռ «հանգրվան» չի գտել

Երեկ «Առավոտը» ՀՀ ԿԳ նախարարության «Լիցենզավորման եւ հավատարմագրման ծառայություն» գործակալության պետ Մհեր Մակիչյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ վիճակում է լիցենզիաները կասեցված բուհերի ուսանողների հետագա վերաբաշխման հարցը: Հիշեցնենք, որ ԿԳ նախարարի հրամանով մարտի 2-ից լիցենզիաները կասեցված այդ բուհերի մոտ 1100 ուսանողներին հնարավորություն էր տրվել մինչեւ մարտի 20-ը դիմումներ գրել՝ այլ բուհեր տեղափոխվելու նպատակով: Սակայն չեն դադարում ուսանողների բողոքները, որ այն բուհերից շատերը, որոնք տեղ են գտել նախարարության ներկայացրած ցանկում՝ որպես «ընդունող կողմ», այսինքն՝ ուր կարող էին տեղափոխվել «կասեցված» բուհերի ուսանողները, պատրաստ չեն ընդունելու իրենց:

Պարոն Մակիչյանը պատասխանեց, որ ամբողջական ինֆորմացիա դեռ չունեն, քանի որ «կասեցվածները» չեն շտապում իրենց ուսանողների մասին տեղեկություններ տրամադրել: Ներկայումս լիցենզավորման վարչությունը հերթական «շրջաբերականն» է ուղարկել այդ բուհերին՝ ուսանողների ճակատագրի մասին ինֆորմացիա տրամադրելու առաջարկով: Այս պահին հայտնի է միայն 350 ուսանողի մասին, այն էլ՝ «ընդունող» բուհերից եկած տեղեկատվությամբ: Ինչ վերաբերում է նրան, որ որոշ բուհեր չեն ցանկանում իրենց հարկի տակ ընդունել «կասեցվածների» ուսանողներին, այս մասին պարոն Մակիչյանը ասաց. «Եթե այդ բուհերը տեղ չունեն, հագեցված են, ապա մենք որեւէ հիմք չունենք նրանց պարտադրելու, որ ընդունեն», բացի այդ, նա հնարավոր է համարում, որ այդ բուհերից որոշներն անընդունելի են համարել, որ իրենց բուհերում այդ ուսանողները շարունակեն ուսուցումն այն պայմաններով, որով «սովորել են» «կասեցվածներում», ասենք՝ չհաճախեն բուհ կամ հաճախեն շատ հազվադեպ եւ այլն: Պարոն Մակիչյանից հետաքրքրվեցինք նաեւ, թե կա՞ն արդյոք դատական հայցեր, քանի որ կասեցված բուհերի ղեկավարները պնդում էին, որ անպայման դատարան են դիմելու: Լիցենզավորման գործակալության պետն ասաց, որ այս պահի դրությամբ որեւէ դատական որոշում՝ դատական հայցի վարույթ ընդունելու մասին իրենք չեն ստացել:

Ի դեպ, երեկ նաեւ ԿԳ նախարար Սպարտակ Սեյրանյանն է անդրադարձել «կասեցված» բուհերի հարցին: Ըստ «Արմինֆոյի»՝ պարոն Սեյրանյանն ասել է, որ չի հավատում կրթական պրոցեսից դուրս մնացած ուսանողների թվին՝ 1100: «Ինչպես ցույց են տալիս մեր ստուգումները, ուսանողների ընդհանուր թվի մասին տվյալները չափազանցված են լինում: Չէ՞ որ ոչ մի բուհի ձեռնտու չէ հայտնել, որ իր ուսանողների թիվը կազմում է ընդամենը 25 մարդ: Իսկ լիցենզիայից զրկվածների թվում կային նաեւ այդպիսիները: Օրինակ, «Ֆիրդուսի» համալսարանը, որը բոլորից շատ է բողոքում, ունի ընդամենը 14 ուսանող, 3 ֆակուլտետ եւ 4 կուրս»,- հաղորդել է Ս. Սեյրանյանը: Մեկնաբանելով այն հայտարարությունները, որ լիցենզիայից զրկումն ուղեկցվում էր խախտումներով՝ նախարարը նշել է, որ այդ բուհերը բազմիցս տեղեկագրեր են ստացել, որ հայտնաբերվել են խախտումներ՝ նշված խախտումների դեմ պայքարելու համար նախատեսվող միջոցների մասին նախարարությանը գրավոր տեղեկացնելու խնդրանքով: Ս. Սեյրանյանը հիշեցրել է, որ ստուգումները կատարվում են 2008 թվականի ապրիլից, եւ այդպիսով բուհերը խախտումները վերացնելու համար ունեին մի ամբողջ տարի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել