Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԷԺԱ՜Ն ԿՈՒՐՍԱՅԻՆ, ԹԱ՜ՐՄ ՌԵՖԵՐԱՏ

Ապրիլ 02,2009 00:00

\"\"Ուսանողները հնարավորություն ունեն կարճ ժամանակում եւ մատչելի գներով ռեֆերատներ, կուրսային, դիպլոմային աշխատանքներ գնել «ֆիրմաներից»:

«Մեր կուրսում մեծամասամբ տղաներ էին սովորում: Ես եւ իմ համակուրսեցի աղջիկները ստիպված էինք նրանց փոխարեն գրել ռեֆերատներ, կուրսայիններ եւ այլ աշխատանքներ: Ես ռուսերենից լավ էի, ու միշտ ինձ էին խնդրում ռեֆերատների համար նյութեր թարգմանել: Դե, ես էլ չէի կարողանում մերժել»,- մեզ հետ զրույցում պատմեց Տաթեւիկը: Նա արդեն երեք տարի է, ինչ ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը: Տաթեւիկը տնտեսագետ է, սակայն իր մասնագիտությամբ աշխատելուց բացի, լրացուցիչ գումար է վաստակում ռեֆերատներ, կուրսայիններ, դիպլոմային աշխատանքներ գրելով եւ թարգմանություններ կատարելով: «Ինձ համար սա արագ գումար աշխատելու միջոց է: Երբեմն, երբ ասում են, թե ինչ թեմայով աշխատանք են ուզում, պարզվում է, որ այդ թեմայով ես արդեն պատրաստի ունեմ: Ինձ մնում է միայն տպել եւ տալ ցանկացողին»,- ասաց Տաթեւիկը: Նրան նյութեր գտնելու հարցում օգնում է համացանցը: Այսօր կան բազմաթիվ կայքեր, որոնք ուսանողներին հնարավորություն են ընձեռում անվճար ձեռք բերել տարբեր թեմաներով ուսումնական աշխատանքներ: «Մեկ-մեկ նեղվում եմ, որ առանց աշխատանք անելու՝ ինտերնետից ռեֆերատները հանում եմ ու վաճառում ուսանողներին: Բայց դե ի՞նչ անեմ. եթե ինքը չի կարողանում էդ նույն բանը անի, ես հո իր փոխարեն անվճար չեմ անի»,- ասում է Տաթեւիկը: Նրա հաճախորդները հիմնականում տղաներ են, մեծ մասամբ՝ Ճարտարագիտական համալսարանի ուսանողներ: Տաթեւը ժամանակ առ ժամանակ հայտարարություններ է պատրաստում եւ բաժանում ուսանողներին: Նրա կարծիքով, «սա սեզոնային գործ է, որովհետեւ ուսանողները հիմնականում գործը թողնում են վերջին օրվան ու կիսամյակի վերջում ինձ մոտ հերթ է լինում»: Պատահում է նաեւ այնպես, որ միեւնույն աշխատանքը մի քանի անգամ է վաճառվում:

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի մամուլի տեսության եւ պատմության ամբիոնի վարիչ Դավիթ Պետրոսյանի կարծիքով, սա օրենքով դատապարտելի երեւույթ է. «Պետք է պատժի միջոցներ ձեռնարկել այն մարդկանց նկատմամբ, ովքեր նման գործով են զբաղվում: Ես համոզված եմ, որ այդ մարդիկ իրենք չեն գրում այդ աշխատանքները: Նրանք էլ վաճառում են ուրիշի սեփականություն հանդիսացող մտավոր սեփականությունը, իսկ դա միանգամայն դատապարտելի երեւույթ է»: Պարոն Պետրոսյանը կարծում է, որ դասախոսները պետք է այնպիսի թեմաներով զեկուցումներ հանձնարարեն ուսանողներին, որ պատրաստելու համար ուսանողը ստիպված լինի իր սեփական ուսումնասիրություններն ու դիտարկումները կատարել: «Ես հիմնականում հանձնարարում եմ որեւէ թերթի ուսումնասիրություն, տարբեր թեմաներով հրապարակումները տվյալ թերթում եւ այլն: Այս դեպքում՝ չեմ կարծում գտնվի մեկը, ով կվաճառի նման աշխատանք»,- ասաց Դ. Պետրոսյանը:

Իսկ այդպիսի մեկին գտնելը, պարզվեց, այնքան էլ դժվար չէր: Վերջերս ականատես եղանք, որ Երեւանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի ուսանողներին հայտարարություններ են բաժանում, որտեղ գրված էր, որ կարճ ժամանակում եւ ցանկացած թեմայով գրում են ռեֆերատներ, կուրսային եւ դիպլոմային աշխատանքներ եւ կատարում թարգմանություններ: Զանգելով նշված հեռախոսահամարով, խնդրեցինք պատրաստել աշխատանք, ուր ներկայացված կլինի «Ազգ», «Քրիստոնյա Հայաստան» եւ «Գրական թերթ» թերթերի հրապարակումների վերլուծությունը՝ երկու տարվա ժամկետով: Ի զարմանս Դավիթ Պետրոսյանի, պարզվեց, որ 15-20 հազար դրամ ունենալու դեպքում կարելի է ձեռք բերել նման աշխատանք՝ ընդամենը մի քանի օրում:

ԵՊՀ ուսանողների շրջանում անցկացրած լրագրողական հարցման ժամանակ պարզ դարձավ, որ հարցմանը մասնակցած ուսանողների 80%-ն անհրաժեշտության դեպքում պատրաստ է օգտվել նման ծառայություններից, 6%-ը նախընտրում է անբավարար ստանալ, քան ներկայացնել ուրիշի աշխատանքը, իսկ 14%-ը դժվարացավ պատասխանել: Հարցմանը մասնակցած ուսանողների 23%-ն արդեն օգտվել էր նման ծառայություններից, սակայն ոչ մեկը դասախոսների հետ խնդիրներ չէր ունեցել:

ԵՊՀ տնտեսագիտական ֆակուլտետի ուսանող Արմանը առաջին կուրսից իր աշխատանքները «փողով է գրել տալիս»: Նա պատրաստվում է ավարտական աշխատանքը նույնպես «ուրիշի գրածը ներկայացնել»: «Դե, կարեւորը դիպլոմն ա, թե չէ՝ ո՞ւմ ինչ՝ իմ դիպլոմայինը կամ կուրսայինը ով կգրի: Որ առաջին կուրսից ուրիշներն են գրել իմ փոխարեն՝ ո՞ր դասախոսն ա բան ասել, որ հիմա ասի»,- ասաց Արմանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել