Լրահոս
Օրվա լրահոսը

ՌՈՒԲՈՆ՝ ԻՆՉՊԵՍ ՈՐ ԿԱ

Ապրիլ 02,2009 00:00

\"\"Ռուբենի մասին պատմում են նրա ընկերները եւ գործընկերները

«Պատկեր» ստուդիայի հիմնադիր, բազմաթիվ մրցանակների եւ միջազգային մամուլում հրատարակված գործերի հեղինակ, տեղական եւ միջազգային մրցանակների արժանացած Ռուբեն Մանգասարյանի ընկերները չեն հավատում, որ նա այլեւս չկա:

Ռուբեն Մանգասարյանը ծնվել է 1960 թվականի հունիսի 29-ին, Երեւանում: Մոտ 25-ամյա փորձ ունեցող ֆոտոլրագրողի նկարները պատկերում են Հայաստանի անցած պատմական ճանապարհը, նրա ողբերգական եւ ծանր տարիները՝ Սպիտակի երկրաշարժ, Ղարաբաղյան շարժում, պատերազմ, սոցիալական ծանր իրականություն, Հայաստանի անկախացում, հայ-թուրքական հարաբերություններ եւ այլն: Ռ. Մանգասարյանը հեղինակ է մի քանի տասնյակ լուսանկարչական ռեպորտաժների, որոնք տպագրվել են «Թայմս», «Բոստոն Գլոբ», «Ֆիգարո», «Ջեո Կորեա», «Նյու-Յորք Թայմս», «Ֆոկուս» եւ մի շարք այլ պարբերականներում: Նա համագործակցել է AP, «Ֆրանս-պրես», «Ռոյթերս», ԻՏԱՌ-ՏԱՍՍ, «Ռիա-Նովոստի» եւ այլ գործակալությունների հետ:

\"\"Ռուբեն Մանգասարյանին հաջողվել էր ձեռք բերել ամերիկյան նշանավոր National Geographic Traveler հանդեսի հայաստանյան տարբերակը հրատարակելու իրավունքը: Նկարազարդ հանդեսի 2 համար արդեն լույս էր տեսել, պատրաստվում էր նաեւ 3-րդը՝ նվիրված Հայաստան-Թուրքիա սահմանամերձ շրջաններին: Սակայն վաղաժամ մահն ընդհատեց Ռուբենի բոլոր ծրագրերը:

Ռուբեն Մանգասարյանի երկար տարիների ընկեր, «Կոլաժ» գործակալության տնօրեն Աշոտ Մուրադյանը հույս ունի, որ համատեղ ուժերով ու ջանքերով կկարողանան շարունակել Ռուբենի սկսած գործը: Երրորդ համարը գրեթե պատրաստ է հրատարակման, «բայց քանի դեռ տպարան չի մտել, պետք է աշխատել դրա վրա, որպեսզի վատը չլինի եւ չզիջի նախորդներին»,- ասում է Աշոտ Մուրադյանը:

Մաքս Սիվասլյան. «Ռուբենը կյանք տվեց ֆոտոլրագրությանը»

Ֆրանսահայ լուսանկարիչ Մաքս Սիվասլյանը մոտ 15 տարի ճանաչում է Ռուբենին: Երբ Ֆրանսիայից նոր էր ժամանել Հայաստան, ծանոթացել է Ռուբենի հետ, եւ մինչեւ նրա մահը մտերմիկ հարաբերություններ են պահպանել:

«Ռուբենը անսահմանորեն նվիրված էր լուսանկարչությանը: Աշխատում էր եռանդորեն: Ինձ շատ է դուր գալիս Ռուբենի «Սեւ կյանք» շարքը, շատ տպավորիչ է: Ռուբենն ընկերության մեջ նախանձություն չուներ, որը բնորոշ է բոլորին եւ հատկապես ֆոտոլրագրողներին, Ռուբենն ազատ ու անկեղծ էր եւ չուներ այդ նախանձությունը: Նա աշխատում էր հիմնականում մարդկային ողբերգության թեմաների վրա՝ երկրաշարժ, պատերազմ, սոցիալական ծանր վիճակ եւ այլն: Նա ուզում էր ցույց տալ եւ ցույց էր տալիս այդ ամենը շատ էմոցիոնալ: Նրա նկարներում երեւում էր ժողովրդի ցավը: Ռուբենի մահը մեծ կորուստ էր մեզ համար: Ռուբենը շատ բան արեց ֆոտոլրագրության համար, նա կյանք տվեց ֆոտոլրագրությանը եւ դեռ շատ անելիքներ ուներ: Ռուբենը նկարում էր դասական ոճով, սկսել էր սեւ-սպիտակով, հետո անցել գունավորին: Անշուշտ, Ռուբենը բարձրացրեց հայաստանյան ֆոտոլրագրությունը այլ մակարդակի: Նա աչք ուներ, էլ չեմ խոսում տեխնիկայի մասին: Ֆոտոյի համար պետք է սեր, էմոցիա ունենալ, նա այս սերը, էմոցիան եւ կիրքը փոխանցել է նաեւ իր ուսանողներին: Նրա ուսանողների քննության ժամանակ ես տեսա Ռուբենի սերը, սիրտը, զգայունակությունը: Ռուբենի նկարներից շատերն են տպավորիչ եղել, օրինակ, ղարաբաղյան նկարներից՝ զինվորի նկարը՝ առանց շորերի, դիակի նկարը եւ այլն: Ֆանտաստիկ էր նրա ռեպորտաժը եզդիների մասին, որոնք գնում են դեպի Արագած»,- պատմում է Մաքս Սիվասլյանը:

Զավեն Խաչիկյան. «Ռուբենին պետք է պարզության մեջ փնտրել»

«Մի 100 տարի ճանաչում եմ Ռուբոյին: Չեմ հիշում՝ ինչպես ենք ծանոթացել, երբ ապրում ես՝ չես հարցնում, թե՝ էդ ո՞նց»,- մեր հարցին, թե որքա՞ն ժամանակ է ճանաչում Ռուբեն Մանգասարյանին, Զավեն Խաչիկյանն այսպիսի պատասխան տվեց: «Հաճախ միասին էինք, գրեթե նույն միջավայրն էր: Շատ ճանապարհներ միասին ենք անցել: Տղերքը կողքից հումորով ասում էին՝ «ֆոտոգրաֆիկ զույգ» եք: Ռուբոն ճանապարհի անփոխարինելի ընկեր էր»: Զավեն Խաչիկյանն ասում է, որ իրենց լուսանկարչական արխիվները տեղ-տեղ շատ մոտ են, քանի որ հաճախ միասին էին լուսանկարում: «Այնպես չէր, որ ես ստեղծեի, ինքը «չխկացներ», կամ ինքը ստեղծեր՝ ես «չխկացնեի», եթե ինձ մոտ լայնանկյուն օբյեկտիվ էր, ապա իր մոտ՝ տելեօբյեկտիվ, եթե ես ասում էի՝ սեւ-սպիտակ ժապավեն, նա ասում էր՝ գունավոր: Այդ իմաստով «հակառակորդներ» էինք: Երբ երկուսով էինք, մեր շուրջը ձեւավորվում էր մի միջավայր, ուր արարվում էին լուսանկարներ: Ումն էին դրանք՝ իմը, թե իրենը, հիմա առավել եւս կարեւոր չէ: Ռուբոն բավականին մեծ արխիվ ունի: Նա ավելի շատ news-ի դաշտում էր աշխատում, նա ֆոտոլրագրող էր: Հիմա Ռուբեն Մանգասարյանը շատ ալբոմներ պետք է ունենար: Նա չէր ճոռոմացնում կյանքը: Ռուբենին պետք է պարզության մեջ փնտրել, նրան նկարագրելիս բարդ ու ճոռոմ բառեր պետք չեն: Ռուբենը սիրում էր շատ մտերիմներ ունենալ: Իսկ ամենաշատ սիրում էր դոկումենտալ լուսանկարչությունը:

«…որովհետեւ ձեզ հետ միասին մենք բոլորս Նոյից ենք ելել ու Նոյն ենք, եւ շատ հնարավոր ու անխուսափելի է, որ օրերից մի օր նոյաբար, գինով ու ընկած լինենք, եւ մեր «բարիքները» անպարկեշտորեն թափթփված լինեն, եւ պարկեշտությունը պահանջվի ոչ մեր անօգ ընկած բարիքից, այլ մեր որդիների աչքից ու վարքից»,- Հրանտ Մաթեւոսյանի այս տողերով կարելի է բնորոշել Ռուբենին՝ ասում է Զավեն Խաչիկյանը եւ հավելում, որ այն, ինչ ստեղծվել է Ռուբենի կողմից, մնայուն է:

Աշոտ Մուրադյան. «Ռուբենն ասում էր՝ պետք է նկարել այն դեպքում, երբ չես կարող չնկարել»

«Ժուռնալիստիկայի բնագավառում Ռուբենը շատ բանի հասավ, շատ լավ արխիվ ունի: Ցավոք, Ռուբիկի նկարներն այն ձեւով, այն տեղում չեն ցուցադրվել, որին արժանի էին այդ նկարները եւ իր ողջ արխիվը: Միանշանակ հայ ֆոտոլրագրողներից Ռուբենը լավագույններից մեկն էր: Պրոֆեսիոնալիզմը միայն կոնկրետ լուսանկարչություն անելը չի, այլ նաեւ այդ ոլորտում կատարած աշխատանքի քանակն է: Ես ցնցվել էի «Սեւ կյանք» շարքից: Բայց ինքն էլ էր ցնցված այդ շարքից, մենք հույսեր ունեինք, որ այն կգրավի որեւէ գլխավոր մրցանակ WordPress-ի մրցույթում, բայց, ինձ թվում է, այդ շարքը ոչ թե չգնահատվեց, այլ չնկատվեց: Չեմ կարող ասել, թե որն է ավելի ճիշտ պրոֆեսիոնալիզմի առումով՝ սկզբից վազել նկարել, թե՝ վազել օգնել, բայց Ռուբիկը սկզբից վազել օգնել է, հետո նոր նկարել: Ռուբիկի նկարներում առաջին պլանի վրա է սոցիալական ու ռեալիստական ինֆորմացիան՝ իրադարձությունը:

Կա շատ լավ տեսարան եւ կա միջին տեսարան, բայց ինքը երբեք միջինը չէր նկարում: Ռուբենն ասում էր՝ պետք է նկարել այն դեպքում, երբ չես կարող չնկարել: Մենք, ընկերների հետ միասին, կատակով ասում էինք, որ ինքը գիտի օբյեկտիվի մեջ եղած գծերի կամ կետերի քանակը, դա nonsense է, քանի որ խոսքը միլիոնավոր գծերի ու կետերի մասին է, բայց մենք այդպես էինք ասում»:

Կարեն Միրզոյան. «Ռուբենը երբեք չէր մտածում Հայաստանից գնալու մասին»

\"\"«Մենք չունենք շատ ֆոտոլրագրողներ եւ եթե նայեինք, օրինակ, Ղարաբաղյան շարժման տարբեր լուսանկարներ, միանգամից կարելի է ասել, որ սրանք Ռուբոյի նկարներն են: Ռուբենի մոտ տարբեր ուղղություններ կային. սկզբում նա նկարում էր սեւ ու սպիտակով, վերջերս այլեւս երբեք սեւ ու սպիտակով չէր նկարում, միայն գունավոր ու թվային էր նկարում: Մեծ ուշադրություն էր դարձնում սոցիալապես անապահով ընտանիքներին: Շատերը միգուցե քննադատում էին նրան, որ այդպիսի նկարներ էր նկարում, բայց, իմ կարծիքով, ճիշտ է ժողովրդին ներկայացնել, թե ինչ է կատարվում երկրում, որ մարդիկ ռեալ հասկանան իրականությունը: Բայց ինքը չէր նկարում մի վատ ընտանիք եւ անցնում մեկ ուրիշ ընտանիքի: Ռուբենը հասցնում էր նրան, որ այդ ընտանիքին որեւէ ձեւով օգնեն: Ինքը մի ընտանիք նկարում էր 4-5 տարի: Այնքան էր նկարում, որ այդ ընտանիքը որոշ չափով բարելավվի: Դա կարեւոր է եւ քիչ է զարգացած Հայաստանի ժուռնալիստիկայում: Եթե դու մտնում ես մի տուն, պետք է հասկանաս, որ քո ետեւից գալիս է ուժ կամ դու պիտի ունենաս ուժ, որպեսզի պատասխան տաս, թե ինչի համար ես մտել այդ ընտանիք, եւ իրենց նկարել ես ոչ թե քո հաճույքի, այլ նրանց օգնելու համար»,- պատմում է լուսանկարիչ Կարեն Միրզոյանը: Նա վերջին շրջանում Ռուբենի հետ վարում էր ֆոտոլրագրության դասընթացը Կովկասի ինստիտուտում:

Կարենի կարծիքով՝ Ռուբենի լուսանկարներում ամեն ինչ տեխնիկապես «տեղը տեղին էր», նրա լուսանկարները պրոֆեսիոնալ էին, իսկ վերջին նկարներում նկատվում էին նմանություններ Կարավաջոյի գործերի հետ՝ գունային առումով, թեկուզ, օրինակ, «Սեւ կյանք» շարքը:

«Այդ նկարները շատ ուժեղ են արված ու նման են 17-րդ դարի նկարչությանը: Նրա գունավոր նկարները նայելիս երեւում է, որ ինքը նկարիչների ընտանիքից է դուրս եկել: Հայաստանը կորցրեց ակտիվ, խելոք գործչի, մարդու, որն ուներ գաղափարներ եւ դրանք կամաց-կամաց իրականացնում էր: Երկրաշարժ, պատերազմ, անկախացում, ազատության թեմա, Երեւանի բարելավումը, գեղեցկանալը. այս թեմաներն են եղել Ռուբենի արխիվում, սակայն, դրան հակառակ, նա նկարում էր սոցիալական անապահով շերտին: Հետո սկսվել է համագործակցությունը թուրք ֆոտոլրագրողների հետ: Նա արդեն դասավանդում էր, կուրս ուներ ու ավելի քիչ էր նկարում: Բայց քիչ նկարելը նրան ավելի մտածված նկարելու հնարավորություն էր տվել: Նա հասկացավ, որ ժամանակն է, որ ինքը մեծ պատմություններ նկարի, սկսվել էր «Մեհրաբարեւ» ծրագիրը, հետո ինքը մի այլ ծրագիր էր անում թուրք լրագրողի հետ՝ սահմանի նկարները: Ռուբենն արդեն ֆիքսվել էր այդ թեմայի վրա, ուրիշ թեմաներով գրեթե չէր նկարում: Ռուբենն այն մարդկանցից էր, որ երբեք չէր մտածում Հայաստանից գնալու մասին, մտածում էր Հայաստանում մեծ գործ անելու մասին: Մեծ կապեր ուներ դրսի աշխարհի ու հայտնի ամսագրերի հետ: Մենք դրսից արդեն շատ նամակներ ենք ստացել, որտեղ ասում են, որ իրենք կորցրել են կապը ոչ միայն Հայաստանի, այլեւ տարածաշրջանի հետ»,- պատմում է Կարեն Միրզոյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել