Սադրանքներ Տավուշի մարզում՝ «Առավոտի» թղթակցի դեմ
Լրագրողական աշխատանքիս 18 տարիների ընթացքում միշտ խուսափել եմ անձիս հետ կապված դեպքերը հանրության սեփականությունը դարձնել: Սակայն հիմա հայտնվել եմ, չգիտեմ ինչպես անվանել՝ զրպարտանքի՞, թե՞ դավադրության թիրախի ոչ հաճելի դերում: Ամեն ինչ սկսվեց այս տարվա հունվարի 21-ին (տարեսկզբից թղթակցում եմ «Առավոտին»), երբ «Առավոտ» օրաթերթի մարզային լուրերի էջի պատասխանատու Արամ Զաքարյանը էլեկտրոնային փոստով ինձ ուղարկեց, ավելի ճիշտ՝ վերադարձրեց իբր տպագրության համար թերթին ուղարկած իմ տեղեկատվությունը:
Դրանով իբր թերթին տեղեկացրել եմ Իջեւանի Գետահովիտ գյուղի մի խումբ բնակիչների անունից ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին հղված բաց նամակի մասին: Նամակի տակ նշված էր՝ Ամիրաղյաններ, Չիբուխչյաններ, Բրուտյաններ: Նամակում երկրի նախագահից արդարություն էին պահանջում, նշում Իջեւան քաղաքի մի բնակչի կողմից (նամակում «առեւանգողի» անուն-ազգանունն առկա է) մի աղջկա առեւանգելու մասին: Աղջկա անուն-ազգանունը չէր հիշատակվում, սակայն նշված էր՝ «աղջկաս առեւանգման» մասին: Այդպես էլ պարզ չէր, թե ում աղջկան են առեւանգել՝ Ամիրաղյանների՞, Բրուտյանների՞, Չիբուխչյանների՞: Նամակից պարզ չէր նաեւ, թե «առեւանգումից» հետո ինչպես է դասավորվել աղջկա ճակատագիրը: Սակայն հստակ երեւում էր անստորագիր նամակի թիրախը՝ Տավուշի մարզի դատախազ Աննա Մանթաշյանը, ով նամակում նշված է որպես «կաշառակեր, եւ հայ երիտասարդ աղջկա պատիվը ոտնահարող»: Նա, իբր, կաշառքի դիմաց կոծկել է սույն հանցագործությունը: Անստորագիր նյութը «Առավոտը» չհրապարակեց՝ մարզային էջի պատասխանատուին տարօրինակ էր թվացել, որ «նյութը» ուղարկվել էր ոչ թե իր էլեկտրոնային հասցեին (ինչպես սովորաբար Տավուշի մարզից ես ուղարկում եմ թղթակցությունները), այլ՝ «Առավոտի» ընդհանուր հասցեին, որը գրված է թերթի առաջին էջում:
Ես հավաստի տեղեկություններ ունեմ, որ ներկայումս իմ անունից շարունակվում են զրպարտչական նամակներ ուղարկվել հանրապետության ղեկավար այրերին: Ընդհանրապես, հանրապետության ղեկավարներին նամակներ ուղարկելը իմ գործելաոճը չէ: Եթե որեւէ հիմնավոր փաստերով ապացուցված տեղեկություններ եմ ունենում Տավուշի մարզում կատարվող օրինախախտման, կաշառակերության վերաբերյալ, որպես ժուռնալիստ հրապարակում եմ լրատվամիջոցներով: Դա իմ մասնագիտական պարտականությունն է:
Ես ներքին համոզմունք կամ հիմնավոր կասկածներ ունեմ, թե ով է այս ամենի կատարողը կամ պատվիրատուն: Սակայն մտադիր չեմ կասկածները փաստերի տեղ հրապարակել: Ուստի այս հրապարակումը համարում եմ հանրապետության իրավապահ մարմիններին ուղղված հարցում, պահանջ, որպեսզի նրանք բացահայտեն օրինախախտումների հեղինակին կամ հեղինակներին եւ օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկեն: