Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԵՍ ՏԱՐԻ ԱՆՑ

Ապրիլ 02,2009 00:00

\"\"Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից 2008 թվականի հոկտեմբերի 2-ին ժողովրդին եւ Ազգային ժողովին ուղղված ուղերձի 6 ամիսը լրանալու կապակցությամբ փորձեցինք պարզել այդ ուղերձի այսօրվա «ճակատագիրը»՝ Ալավերդիում:

Սերժ Սարգսյանի ուղերձում տեղ գտած կրթության ոլորտի մասին տեսակետ լսելու փորձերում տխուր իրողության հանդիպեցինք Ալավերդի քաղաքի թիվ 12 միջնակարգ դպրոցում: Մարտի 31-ին դպրոցի միջանցքում հանդիպած առաջին մարդը դպրոցի ուսմասվար Ռաֆիկ Խեչումյանն էր: «Մենք չենք կարող այդ մասին Ձեզ հետ խոսել, եթե դպրոցի տնօրենը մեզ թույլ չտա: Նա էլ դպրոցում չէ, տանն է, զանգեք եւ ստացեք թույլտվություն»,- գլխով տնօրենի աշխատասենյակի դուռը ցույց տալով՝ մեր հարցին այսպես պատասխանեց ուսմասվարը: Ուսմասվարին հիշեցրինք, որ խոսքը երկրի նախագահի ուղերձի մասին է, բայց նա մնաց անդրդվելի: Տնօրեն Գոհար Ավետյանի հետ հեռախոսազրույցն էլ չստացվեց: Նա նախ խնդրեց հեռախոսի լսափողը փոխանցել ուսմասվար Խեչումյանին: Վերջինս էլ տնօրենի հետ մի քանի րոպե կցկտուր վեճից հետո ցած դրեց լսափողը ու զայրացած պատասխանեց. «Ես ոչնչից տեղյակ չեմ, չեմ կարող Ձեր հարցերին պատասխանել»: Ասաց ու արագ հեռացավ:

Փողոցում մեզ հանդիպած առաջին մանկավարժը Ալավերդու պրոֆտեխուսումնարանի ֆիզիկայի ուսուցիչ Սլավիկ Նազարյանն էր եւ ուղերձի մասին հիշում էր. «Հա, հիշում եմ, շատ ընտիր բան էր, որոնք որ յուրահատուկ են ցանկացած պրեզիդենտի, այդ թվում նաեւ մեր պրեզիդենտին»: Սլավիկ Նազարյանը ասաց նաեւ, որ ուղերձից հետո կյանքը փոխվեց. «Այն, որ ես լավ եմ ապրում, չեմ գիտակցում գուցե, որ լավ եմ ապրում: Բայց դե, լավ եմ ապրում»:

Ուղերձի էությունը՝ ըստ Նազարյանի. «Որ մարդը պետք է ընտանիք ունենա, իրա ընտանիքը սիրի, հարգի, չարչարվի, աշխատի: Սա կապիտալիզմ է: Կապիտալիստական աշխարհում գոյություն ունի պահանջարկ եւ առաջարկ: Եթե դրանցից մեկը մյուսի հետ ներդաշնակ չէ, ապա ստացվում է այն, ինչ ստացվում է: Դպրոցի մասին մի շատ ընտիր բան ասավ, ասավ՝ պետք ա մենք կարողանանք կրթությունը, գիտությունը եւ այլն, գուցե ուղերձում չէր, նրա բոլոր ելույթները, այդ թվում Բժեզինսկու, այդ թվում նաեւ Բրեժնեւի, բոլորի զեկուցումները էսօրվա պես հիշում եմ: Ոչ միայն իմ պրեզիդենտի՝ Սերժ Սարգսյանի: Գուցե էդտեղ չէր, մեկ այլ տեղ էր, կրթության գերակա ուղղություն ա համարում էսօրվա տեղեկատվական եւ բարձր տեխնոլոգիաները, նա նոր տեխնոլոգիաներին բարձր տեղ ա տալի, ինչը մինչեւ օրս շատ գեղեցիկ ա ու լավն ա»:

Ուշագրավ էր ալավերդցի, սակայն այսօր վանաձորաբնակ Անահիտ Մարգարյանի կարծիքը. «Ուղերձը որոշ չափով հիշում եմ, 6 ամիս է անցել, սակայն, ճիշտն ասած, սկզբում դա ժողովրդի մեջ լավ արձագանք գտավ, մեր տպավորությունը այն էր, որ նախագահը ասում էր, որ քաղաքական ուժերը պետք է համախմբվեն: Բայց էդ հրաշքը երբեք չի լինի, որովհետեւ հասարակ ժողովուրդը այս երկրում իշխանության խամաճիկն է: Ես 30 տարի ապրել եմ Վանաձորում, որից 20 տարին տնակում եմ ապրում, ինձ հետ տնակներում ապրում է նաեւ 150 մարդ: Անցյալ տարի նախագահական ընտրությունների շեմին հենց մեր տնակների մոտ նախագահը մեզ ասաց. «Մինչեւ Ձեզ տան բանալիներ չտան՝ դուրս չգաք էստեղից»: Մի ամիս հետո, երբ քաղաքապետարանի աշխատողները մեզ դուրս էին անում տնակներից, նախագահի խոսքը հիշեցրինք: Նրանք էլ ասացին, հա, դե մարդ ա, բան ա՝ ասել ա… Կարող ա լավ ուղերձ էր, բայց ժողովրդի կյանքում ոչինչ չփոխեց»:

«Ես ինքս պատանեկության տարիներից երազել եմ ուղերձում հիշատակված հայկական հրաշքի մասին, սակայն ներկայումս ավելի քան համոզված եմ, որ այն կիրականանա միայն երկրի սահմանադրական կարգը վերականգնելու պարագայում, երբ ազգային արժեքները ոտնատակ չտրվեն, երբ Հայաստանի քաղաքացին իրեն կզգա երկրի տեր»,- ասաց տնտեսագետ Գեւորգ Հովհաննիսյանը:

Նախագահի ուղերձի մասին՝ Ալավերդու քաղաքապետի տեղակալ, ՀՀԿ Ալավերդու տարածքային խորհրդի նախագահի տեղակալ Արտավազդ Վարոսյանն էլ ասաց. «Ուղերձին մենք նայում ենք մեր պարտականությունները կատարելու կտրվածքով, մեր անելիքների առումով: Ուղերձում առաջնահերթ եւ գլոբալ խնդիրներ են շոշափվում, ընդհանուր երկրի կառավարման համակարգի, տնտեսության զարգացման առավել հրատապ հարցեր, երկրաշարժի գոտու հիմնախնդիրներ, էներգետիկ անկախության հետ կապված՝ նոր ատոմակայանի կառուցում եւ այլն: Մեր լիազորությունների սահմաններում աշխատում ենք իրականացնել նախագահի հանձնարարականները: Փորձում ենք աշխատանքները իրականացնել ավելի արդյունավետ ու նպատակասլաց: Իշխանություն-հասարակություն կապը հենց համայնքների միջոցով պետք է սերտանա, եւ մենք փորձում ենք դրան հասնել: Իհարկե, ուղերձից հետո սկսված միջազգային տնտեսական ճգնաժամը, մասնավորապես՝ Ալավերդուն մեծ վնասներ պատճառեց գործազրկության առումով, միգուցե նաեւ իր ազդեցությունը ունեցավ նախատեսված ծրագրերի վրա, սակայն, այնուամենայնիվ, մենք ուղերձի պահանջներին համապատասխան իրականացնում ենք հասարակության հետ դիալոգի եւ բաց աշխատելու պահանջները»: Ըստ Վարոսյանի, ուղերձը ՀՀԿ Ալավերդու տարածքային կառույցի խորհրդի նիստում չի քննարկվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել