Առանց զգուշացնելու՝ աշխատանքից ազատել են
Ավան եւ Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանում հունվարի 8-ին ավարտվել էր Անզոր Իսախանովի հայցի քննությունը: Վերջինս աշխատել է ՀՀ պաշտպանության նախարարության Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում՝ որպես հյուսն-ապակեգործ: Իր արձակուրդից մնացած 11 օրերն օգտագործելու խնդրանքով դիմել է ինստիտուտի վարչակազմին: Սակայն, երբ վերադարձել է արձակուրդից, տեղեկացել է, որ իրեն աշխատանքից ազատել են: Ավան եւ Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանը վերականգնեց Անզոր Իսախանովի նյութական եւ աշխատանքային իրավունքները:
Երեկ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում (դատավորներ Նազարյան, Հակոբյան, Սահակյան կազմով) սկսվեց Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի բերած բողոքի քննությունը: Բողոքաբերը ինստիտուտի պետ, գեներալ-մայոր Մ. Կարապետյանն էր, որի լիազոր ներկայացուցիչը Հրաչ Հակոբյանն էր: Նա դատարանին հայտնեց, որ ընդհանուր իրավասության դատարանը անտեսել է հայցային վաղեմություն կիրառելու իրենց ներկայացրած դիմումը, արդյունքում կայացվել է «գործի փաստական հանգամանքների հետ կապ չունեցող վճիռ»: Նա պահանջում էր բեկանել ընդհանուր իրավասության դատարանի վճիռը, գործն ուղարկել նոր դատարան՝ նոր քննության: Անզոր Իսախանովը, որը հնարավորություն չուներ դիմելու իրավաբանական վճարովի օգնության, երեկ ստիպված էր հրաժարվել դատարան եկած Քրիստինե Գեւորգյանի ծառայությունից, քանի որ նոտարական վավերացման համար նա չուներ 5000 դրամ գումար: Սակայն դատարանը բավարարեց նրան թարգմանիչով ապահովելու հարցը:
Ա. Իսախանովն ասաց, որ գեներալը չի ուզում հաշտվել այն մտքի հետ, որ ընդհանուր իրավասության դատարանում պարտվել է, «դատարանը դեմքով դեպի ժողովուրդն է շրջվել»: Նա նաեւ գրավոր տեղեկացրել էր, որ իրեն առանց զգուշացնելու աշխատանքից ազատել են, որովհետեւ ինքը համարձակություն է ունեցել չկատարել վերադասի ցանկությունները, սկսած նրանց տան կոյուղու, ապա վերադասի նախնիների գերեզմանների վրա աշխատանքներ կատարելուց: Դատավորների հարցին, թե հյուսնի ազատման հրամանը ռազմական ինստիտուտը ե՞րբ է հանձնել նրան, լիազոր-ներկայացուցիչ պարոն Հակոբյանն ասաց՝ 9 ամիս հետո, այն էլ՝ Սախարովի անվան իրավապաշտպան կազմակերպության ահազանգից հետո: Հարցին, թե՝ որտե՞ղ է ստորագրել Անզոր Իսախանովը, որ իր ազատման հրամանը ստացել է, ինստիտուտի լիազոր-ներկայացուցիչը տվեց տարօրինակ պատասխան: Այն է՝ «դիմումի»: Սակայն երբ հարցրին, թե ո՞ւր է դիմում-ապացույցը, Հ. Հակոբյանը ասաց. «Դիմումը չկա»: Հետեւեց դատավորների ռեպլիկը. «Եթե Անզոր Իսախանովի դիմումը չի հասել վերադասին, ապա ի՞նչն են մերժել»:
Դատարանը վճիռը կհրապարակի ապրիլի 16-ին:
Հ. Գ. Դատական կարգադրիչներից մեկն ինձ հարցրեց, թե ինչո՞ւ եմ նշումներ անում: Բացատրեցի, որ լրագրող եմ եւ իրավունք ունեմ ԶԼՄ օրենքով դռնբաց նիստում սղագրել, ձայնագրել: Զարմացած մոտեցավ դատավորներին: Ժամանակն է, որ այդ անգրագետ դատական կարգադրիչների համար կազմակերպվեն դասընթացներ, մամուլի մասին օրենքը վերջապես բացատրվի նրանց: Թե չէ՝ նիստերի դահլիճ մտնելուց առաջ իրենց իրավունք են վերապահում ընկնել հետեւիցդ, գռեհիկ տոնով հեռախոսդ անջատել տալ, դատավորից հարցնել, թե լրագրողի հետ ինչպես վարվել եւ նման տարօրինակություններ: Լավ է, որ կյանքում զենք չեն տեսել ու դեռ դրանից չեն օգտվում: