Վիճարկվում էր գրավադրման պայմանագիրը
Ինչպե՞ս եղավ, որ Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Հ. Մարգարյանի, վճռեց բավարարել Կարեն Հարությունյանի հայցը. թույլ տվեց, որ վերջինիս կողմից Ռոբերտ Մարտիրոսյանին «հանձնված» 20 մլն դրամի դիմաց բռնագանձում տարածվի Բաբկեն Մելքոնյանի՝ Սարի թաղում գտնվող առանձնատան, հողի վրա եւ վաճառվի հրապարակային սակարկություններով: Բայց Բաբկեն Մելքոնյանը պնդում է, որ Կարենին գումար պարտք չէ: Կարենի փաստաբանն էլ հակադարձում է, որ իր վստահորդը 20 մլն դրամ փոխանցել է Բաբկենի լիազորած անձ Ռոբերտ Մարտիրոսյանին՝ 1 ամսով եւ վերջինիս հետ կնքել անշարժ գույքի գրավադրման հիպոտեկային պայմանագիր: Այսինքն, եթե Բաբկենը 1 ամսից չվերադարձներ 20 մլն-ը, նրա անշարժ գույքը պետք է իրացվեր եւ գումարը վերադարձվեր Կարենին: Բաբկենն էլ պարզաբանում է, որ ինքը խաբեության զոհ է դարձել: «Գինդում» տպագրված հայտարարության միջոցով Բաբկեն Մելքոնյանի հետ հեռախոսով կապվել է ոմն Արսեն Բաղրամյան եւ համոզել, որ կարող է Բաբկենին անհրաժեշտ 6 մլն վարկը արագ «դասավորել»՝ անշարժ գույքի գրավի դիմաց: Այդպես, Բաբկենի վստահությունը չարաշահելու միջոցով, խաբեությամբ նրա անշարժ գույքի նկատմամբ Արսենը իրավունք է ձեռք բերել, հետո վազել «Կենտրոն» նոտարական գրասենյակի նոտար Ա. Աբրահամյանի մոտ եւ Ռոբերտ Մարտիրոսյանի (որը, իբր, Բաբկենի լիազորված անձն է) անվամբ մի լիազորագիր կազմել:
Մարտիրոսյանն այդ լիազորագրով իրավունք է ստացել Բաբկենի անշարժ գույքի հետ կապված մի շարք գործարքներ անելու, այդ թվում՝ գրավ դնելու, հանելու: Նման դեր ստանձնելու համար Մարտիրոսյանին Արսենը խոստացել է 5 մլն դրամ (ըստ Բաբկենի փաստաբանի): Մարտիրոսյանն էլ Բաբկենի անշարժ գույքը գրավ է դրել 20 մլն-ի դիմաց, բայց ոչ Մարտիրոսյանն է այդ գումարը տեսել, ոչ էլ Բաբկենը: Միայն մոտ 5 միլիոնն է հաջողվել ստանալ: Եվ երբ Բաբկենը հասկացել է, որ խաբված է՝ դիմել է իրավապահներին: Սույն փաստով քրեական գործ է հարուցվել Երեւանի քննչական վարչությունում: Եվ տուժած կողմը եզրակացնում է, որ գործել է հանցախումբ, քանի որ այդքան մեծ գումարների հետ կապված գործարքները կնքվում են 1 տարի եւ ավելի ժամկետով: Երեկ վերաքննիչ քաղաքացիական դատարանում Մելքոնյանի փաստաբանի միջնորդությամբ կասեցվեց գործի քննությունը, քանի որ ընդհանուր իրավասության դատարանում վիճարկվում է գրավադրման պայմանագիրը չեղյալ համարելու հարցը, իսկ քրեական գործը, որտեղ տուժող է ճանաչվել Բաբկենի մայրը, դեռ չի ավարտվել: Մելքոնյանի ընտանիքը մտահոգություն ունի կարեւոր վկայի՝ Ռոբերտ Մարտիրոսյանի առողջության հետ կապված. նա սրտանոթային տագնապ է ունեցել, ոտքն էլ կոտրվել է: Ի դեպ, մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Կարեն Հարությունյանը «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի նախագահն է: