Լրահոս
Օրվա լրահոսը

Լույսերը չանջատեցին

Ապրիլ 02,2009 00:00

\"\"Աշխարհն էկոլոգիական աղետից փրկելու համար մարտի 28-ին ողջ աշխարհում մեկ ժամով պետք է անջատեին լույսերը: «Միացի՛ր կլիմայի փոփոխության դեմ պայքարին, անջատի՛ր լույսը» կարգախոսով բնապահպանական ակցիան Հայաստանում նախաձեռնել էին Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը (WWF), ԵՊՀ երիտասարդ էկոլոգների խումբը եւ որոշ բնապահպաններ: Ըստ կազմակերպիչների, ակցիայի նպատակն է կոչ անել խնայել համաշխարհային էներգետիկ ռեսուրսները եւ ջերմոցային գազերի արտանետումը կրճատել, քանի որ այդ երեւույթների հետեւանքով տեղի է ունենում կլիմայի փոփոխություն:

Վերոնշյալ բնապահպանների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մեր համաքաղաքացիներն ակցիային այնքան էլ լուրջ չեն վերաբերվել, եւ մեկ ժամով լույսից զրկվելու փաստը նույնիսկ մտահոգությունների առիթ է տվել:

«Արդյունքներն այդքան էլ վատ չեն, անջատվել է ԵՊՀ-ի արտաքին լուսավորությունը, «Մարիոթ» հյուրանոցի լույսերը եւ քիչ թվով բնակարանների: Մինչդեռ պետք է յուրաքանչյուրը հասկանա, որ սպառողական վերաբերմունքը բնության եւ բնական ռեսուրսների նկատմամբ՝ կարեւոր է, քանի որ դա վտանգ է իրենց եւ իրենց երեխայի, ապագա սերունդների համար»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնի իրավաբան Հեղինե Հախվերդյանը:

ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի Գայանե Գալստյանը, որը համագործակցում է ԵՊՀ էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնի հետ, մեզ հետ զրույցում նկատեց. «Պետք չէ անտարբեր անցնել ու աչք փակել մոլորակի էկոլոգիական քայքայման առաջ: Յուրաքանչյուր անհատ կարող է իր ներդրումն ունենալ, ուստի նույնիսկ շատ չնչին տոկոսներով կարող է նպաստել աշխարհը էկոլոգիական աղետից փրկելու գործում»:

Գայանեն պատմեց, որ ակցիայից առաջ շատ ոգեւորված իր ընկերներին բաժանել է թռուցիկներ՝ հույս ունենալով, որ նրանք կմիանան ակցիային եւ անպայման լույսերը կանջատեն:

Գայանեի խոսքերով, նմանատիպ ակցիաները շարունակական են լինելու, եւ ինքը պատրաստ է աջակցելու կենտրոնի յուրաքանչյուր նախաձեռնությանը, «քանի որ աշխարհն այսօր կանգնած է մի շարք էկոլոգիական մարտահրավերների առաջ եւ հենց իրենց՝ երիտասարդների ջանքերով գուցե լուծվեն որոշ էկոլոգիական խնդիրներ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել