Երեկ նորանշանակ քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը Երեւանի բոլոր թաղապետերի մասնակցությամբ Նոր Նորք համայնքի թաղապետարանում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել: Այնուհետեւ պարոն Բեգլարյանը շրջել է այդ համայնքի բոլոր զանգվածներով՝ ծանոթանալու Նոր Նորքում իրականացվող կանաչապատման, սանմաքրման, ասֆալտապատման եւ այլ բարեկարգման աշխատանքներին: Ըստ քաղաքապետարանի պատասխանատուների, մայրաքաղաքում, ընդհանուր առմամբ, պետք է մաքրվեն 4700 բակային տարածքներ, 100-ից ավելի նրբանցքներ ու փողոցներ: Բացի այդ, փողոցներում կտեղադրվեն 1200 նոր եւ մեծ աղբամաններ: Այդ բոլոր աշխատանքները պետք է ավարտին հասցվեն մինչեւ ապրիլի 25-ը: Այս մասին հայտնում են Երեւանի քաղաքապետարանից: