Հայաստանի կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը կարծում է, որ Սեւանա լճի ավազանում վերամշակման գործարան կառուցելն ուղղակի «դիվերսիա» է մեր երկրի դեմ:
Չնայած այն փաստին, որ «ՀՀ Սեւանա լճի մասին» օրենքն արգելում է լճի ջրհավաք ավազանում հանքարդյունաբերական ձեռնարկությունների կառուցումն ու շահագործումը, Սոթքի ոսկու հանքավայրը շահագործող ընկերությունները չեն հրաժարվում տեղում հանքաքարի վերամշակման գործարան կառուցելու ծրագրից, ինչը, բնապահպանների կարծիքով, կարող է աղետալի հետեւանքներ ունենալ մեր երկրի բնապահպանական անվտանգության համար:
Դեռեւս նախորդ դարի 60-ական թվականներին, երբ հայտնաբերվեց Սոթքի ոսկու հանքավայրը, խորհրդային իշխանությունների կողմից քննարկվեց տեղում հանքաքարի վերամշակման գործարան կառուցելու ծրագիրը, սակայն, հաշվի առնելով բնապահպանական վնասն ու հնարավոր լուրջ վտանգները, որոշվեց ոսկու մշակման գործարանը կառուցել Սեւանի ավազանից 160 կմ հեռավորության վրա գտնվող Արարատ քաղաքում: Եվ մինչ օրս Սոթքից հանքաքարը տեղափոխվում է հատուկ այդ նպատակով կառուցված երկաթգծով: Անկախությունից հետո, սակայն, երբ հանքավայրի շահագործման իրավունքը վաճառվեց օտարերկրյա մասնավոր ընկերության, որի միակ նպատակը գերշահույթներ ստանալն էր, կրկին օրակարգում հայտնվեց Սեւանի ավազանում գործարան կառուցելու ծրագիրը: Բարեբախտաբար, հանրային ճնշումների արդյունքում 2004 թ. հնդկական «Վեդանտա» ընկերությանը չհաջողվեց իրականացնել այդ վտանգավոր նախագիծը: Սակայն հարցն այդպես էլ օրակարգից դուրս չեկավ, եւ այժմ արդեն Արարատի ոսկու արդյունահանման ձեռնարկության նոր սեփականատերը՝ «Geopromining» ընկերությունն է ձեռնամուխ եղել լճի ավազանում վերամշակման գործարան կառուցելու ծրագրին:
«Առավոտի» հետ զրույցում Հայաստանի կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը տեղեկացրեց, որ Գիտությունների ազգային ակադեմիայի Հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտը, Նոոսֆերային ուսումնասիրությունների կենտրոնը եւ Երկրաբանության ինստիտուտը 1 միլիոն դոլարի չափով դրամաշնորհ են ստացել ընկերության կողմից՝ ուսումնասիրելու համար գործարանի կառուցման ծրագիրը եւ տալու իրենց եզրակացությունը: Ըստ պարոն Սանասարյանի, վերջին 2 կենտրոնները պատրաստվում են տալ դրական եզրակացություն, ասելով, որ հնարավոր վնասները փոխհատուցելի են, իսկ վտանգները՝ կանխարգելելի. «Փաստորեն, ընկերությունը տվել է գումարը եւ հիմա ստանում է դրա գինը: Ինձ համար անհասկանալի է, երբ որեւէ օտարերկրյա ընկերություն իրեն թույլ է տալիս չհարգել այն երկրի օրենքները, որտեղ գործում է, սակայն առավել զարմանալի է, երբ սեփական երկրի օրենքին լուրջ չի վերաբերվում մեր Գիտությունների ազգային ակադեմիան, որը գումար է վերցնում՝ ուսումնասիրելու հակաօրինական մի ծրագրի իրագործման նպատակահարմարությունը»: Բնապահպանի պնդմամբ՝ Սեւանի ավազանում ոսկու մշակման գործարանի ամենամեծ վտանգը ոչ այնքան այնտեղ գոյացող խոռոչներն են եւ մակաբացման ապարները, որքան պոչամբարի կառուցումը, որն ուղղակիորեն վտանգում է մեր պետության խմելու ջրի 70%-ը կազմող Սեւանա լճի էկոհամակարգը:
«Դա ռազմավարական կարեւորության խնդիր է: Այդ պոչահանքն ուղղակիորեն վտանգում է մեր պետության խմելու ջրի պաշարների գոյությունը: Իսկ Սեւանա լիճն այդ դեպքում, եթե աղտոտվի ծանր մետաղներով, ապա դա նշանակում է, որ այն կաղտոտվի հավերժորեն, քանի որ բնության մեջ ծանր մետաղները չեն փոխակերպվում»:
Մեր հարցին, մի՞թե հայրենի իշխանությունները չեն գիտակցում նման վտանգի լրջությունը, պարոն Սանասարյանը պատասխանեց. «Ինքներդ ապրում եք այս երկրում եւ կառավարության՝ վտանգի գիտակցության դրսեւորումները շատ լավ տեսնում եք, ինչի՞ մասին է խոսքը: Այսօր Հայաստանի ընդերքը հիմնականում տրված է օտարերկրյա ընկերություններին եւ իրավիճակի տերը նրանք են: Ինքներդ գիտեք, որ այդօրինակ հանքավայրերի վաճառքի ժամանակ կան նաեւ մթության մեջ արվող գործողություններ՝ կապված եւ հարկային խնդիրների, եւ առեւտրի հետ: Այսինքն՝ այն, ինչ չի հրապարակվում, եւ ոչ էլ պետական գանձարանը դրանից տեղյակ է լինում»:
Կանաչների միության նախագահի պնդմամբ. «Սեւանի ավազանում գործարան կառուցելու այլ հիմնավորում, քան գերշահույթներ ստանալն է՝ չկա: Եթե իհարկե սա դիվերսիա չէ Հայաստանի Հանրապետության նկատմամբ, ինչը ես չեմ բացառում»:
Ինչ վերաբերում է այն փաստին, որ համաձայն ՀՀ օրենսդրության, Հայաստանի ընդերքը եւ բոլոր հանքավայրերը Հայաստանի անձեռնմխելի սեփականությունն են, ապա դա, ըստ բնապահպանի, իրականում այդպես չէ. «Ամենամեծ կեղծիքն այն բանում է, որ հանքանյութը, հարստությունը մասնավոր ընկերություններինն է, դատարկ խոռոչը՝ պետական: Նույնն է նաեւ ջրի դեպքում. ակը, ակունքը պետական է, ջուրը՝ օտարներինը»:
Հակոբ Սանասարյանի ունեցած տեղեկություններով, ընկերության հետեւում այսօր կանգնած է մեր կառավարության շատ բարձրաստիճան մի պաշտոնյա: Եվ ընդհանրապես, բնապահպանը կարծում է, որ այսօր մեր իշխանական օղակներում կան ոչ պրոֆեսիոնալներ եւ ապազգային դեմքեր. «Թե չէ՝ նույն այդ հրեաներն ու վրացիները, որոնք այսօրվա «Geopromining»-ի տերերն են, նրանք ոչ ԱՄՆ-ում, ոչ էլ եվրոպական որեւէ երկրում համարձակություն անգամ չէին ունենա բարձրաձայնել այդ մասին: Սա անպատվություն է եւ արհամարհանք մեր երկրի օրենքների նկատմամբ»:
Բնապահպանը նաեւ զգուշացնում է Ազգային ակադեմիային. «Այն մարդիկ, ովքեր այսօր տալիս են դրական եզրակացություն, նրանց մտքով հանկարծ չանցնի, որ այդ եզրակացությունը որեւէ արժեք ունի, քանի որ, վստահ եմ՝ Սեւանը համայն հայության հարստությունն է, եւ հնարավոր չէ որեւէ մեկի շահի համար այն վտանգել: Բացի այդ, ես կարծում եմ, որ Ազգային ակադեմիայում լուրջ քննարկման դեպքում այդ ծրագիրը միանշանակ կմերժվի, քանի որ այնտեղ կան լուրջ եւ սրտացավ գիտնականներ, որոնք թույլ չեն տա նման բան»: