«Հայփոստի» վարչական շենքում բջջային հեռախոսների վաճառքով զբաղվող 45 տաղավարների աշխատակիցներ կարող են դառնալ գործազուրկ: Բանն այն է, որ «Հայփոստում» հրաժարվում են նրանց հետ պայմանագրեր կնքել, պարտադրելով մարել նախկին պարտքերը, որոնք կուտակվել են մի քանի տարվա ընթացքում: Այս մասին տեղեկացնում է «Ա1+»-ը: Նշենք, որ տաղավարների աշխատակիցների պարտքերը տատանվում են 300 հազարից մինչեւ 800 հազարի սահմանում: «Մեզ պարտադրում են 3 օրվա ընթացքում մարել պարտքերը, այլապես պայմանագիր չեն կնքում: Մեր պարտքից չենք հրաժարվում: Թող ժամանակացույց կազմեն, մենք 1 տարվա ընթացքում կմարենք մեր պարտքերը»,- ասել են վաճառողները: Մեկ այլ առեւտրականի ներկայացմամբ էլ, որն արդեն հրաժարվել է իր տաղավարից. «Ես տեղափոխվելու եմ ուրիշ տարածք, քանի որ եւ տեղի վարձավճարն է շատ, եւ առանց պայմանագրի մեզ չեն կարող ստիպել մարել նախկին պարտքերը»: Նշենք, որ 1 քմ-ի համար ամսական վարձավճարը կազմում է 40-50 հազար դրամ:
Վաճառողների խոսքերով, տեղի վարձը պետք է 50%-ով իջեցվի, քանի որ տնտեսական ճգնաժամ է եւ առեւտուր չկա, բացի այդ, ծախսած հոսանքի վճարը չի ներառվում այդ գումարի մեջ: Նրանք դժգոհել են նաեւ, որ իրենց մոտ ապահովված չեն անգամ անվտանգության տարրական պայմանները եւ գողացած ապրանքը հնարավոր չէ գտնել: