«Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի» փորձագետ Հովսեփ Խուրշուդյանը երեկ տեղի ունեցած քննարկման ժամանակ ներկայացրել է, թե ինչ ազդեցություն է ունեցել տնտեսական ճգնաժամը տարածաշրջանի 2 երկրների՝ Հայաստանի եւ Ադրբեջանի վրա: Ըստ փորձագետի, Հայաստանի միջազգային արժույթի պահուստը 2008-ի հունիսի 1-ի տվյալներով կազմել է $1 մլրդ 547 մլն, իսկ այս տարվա հունվարին՝ ընդամենը $1 մլրդ 260 մլն: Հ. Խուշուդյանի հավաստմամբ, դա պայմանավորված է նրանով, որ Հայաստանի Կենտրոնական բանկը ժամանակավոր հրաժարվեց լողացող կուրսի քաղաքականությունից, եւ որոշ ժամանակ փորձեց դոլարի փոխարժեքը պահել 305 դրամի սահմանում: Փորձագետի խոսքերով, Ադրբեջանի Կենտրոնական բանկը իր ազգային արժույթի փոխարժեքը դոլարի նկատմամբ պահելու համար ծախսել է $300 մլն. «Ադրբեջանի ներքին պարտքը նախորդ տարի աճել է 22,9%-ով եւ այս տարվա հունվարի 1-ի դրությամբ կազմում է $3 միլիարդ 100 միլիոն: Մինչդեռ Հայաստանի ներքին պարտքը նախորդ տարվա մարտի դրությամբ եղել է $248 միլիոն»: Փորձագետի հավաստմամբ, Համաշխարհային բանկի եւ Ռուսաստանի հետ նոր վարկերի ձեռքբերման մասին պայմանավորվածությունը հաշվի առնելով, մեր երկրի ներքին պարտքը կարող է կրկնապատկվել եւ հասնել Ադրբեջանի ցուցանիշին: