Երեւանի «Նաիրիտ» քիմիական գործարանը ապրիլի կեսերից կտա վերագործարկումից հետո առաջին արտադրանքը: Գործարանի ղեկավարությունը որոշել է ետ կանչել հարկադիր պարապուրդում գտնվող աշխատակիցներին: «Նաիրիտի» լրատվական ծառայությունից «Առավոտին» տեղեկացրին, որ պարապուրդում գտնվող 1500 աշխատակիցների մի մասին ետ են կանչել, իսկ 702-ը դեռեւս հարկադիր պարապուրդի մեջ է. «Քանի որ արտադրամասերը աստիճանաբար են վերագործարկվում, հետեւաբար աշխատակիցներին էլ մաս-մաս ենք ետ կանչում: Պարապուրդում գտնվող բոլոր աշխատակիցներն էլ աստիճանաբար ետ կգան գործի, եւ երբ սկսենք ամբողջությամբ աշխատել՝ մյուսները եւս կանցնեն աշխատանքի»:
Հիշեցնենք, որ նախորդ ամիս «նաիրիտցիները» պարբերաբար ցույցեր էին կազմակերպում, դժգոհելով, որ գործարանը չի վճարել աշխատավարձերը, բացի այդ, նրանք պահանջում էին 50%-ով բարձրացնել իրենց աշխատավարձերը: «Նաիրիտից» «Առավոտին» վստահեցրին, որ աշխատավարձերի պարտքերն ամբողջությամբ մարված են, իսկ աշխատավարձերի բարձրացման առնչությամբ որեւէ հստակ պատասխան չտվեցին: