Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՐԿԱՅԻՆԻ ՀՈՒՅՍԸ «ԳՈՐԾ ՏՎՈՂՆԵՐՆ» ԵՆ

Ապրիլ 02,2009 00:00

Պետեկամուտների կոմիտեում հույս ունեն, որ հարեւան-բարեկամների միջոցով կհայտնաբերեն բոլոր այն մարդկանց, որոնք տան պայմաններում հարկայինից թաքուն փող են աշխատում:

Եթե մեր քաղաքացիներից ոմանք կարծում են, որ տանը նստած կարող են փող աշխատել, ասենք՝ գաթա կամ «բուլկի» թխել ու վաճառել, կամ էլ վարսավիրությամբ զբաղվել ու հանգիստ խղճով գումարը ծախսել, ապա նրանց խորը հիասթափություն է սպասվում: Պարզվում է, որ հարկայինի աշխատակիցները «ընդհատակյա» ինֆորմացիա են հավաքում, թե յուրաքանչյուր մարդ իր բնակարանում ինչ գործով է զբաղվում: Օրինակ, եթե մեկն իր հարեւանին վատություն անելու համար զանգի Հարկային ծառայություն եւ «գործ տա», որ իր հարեւանը, ասենք, Դուբայից հագուստ է բերում եւ վաճառում, ապա հարկայինի աշխատակիցներն անմիջապես անցնում են գործի եւ տեղում բռնացնում ապօրինի առեւտրականին: Բացի այդ, երբ հարկայինի տեսուչները պարզում են, որ տվյալ ընտանիքի անդամներից որեւէ մեկը չի աշխատում, բայց նրանք շատ պարտաճանաչորեն բավականին բարձր կոմունալ վճարումներ են կատարում, ապա այդ ընտանիքն անմիջապես հայտնվում է հարկային տեսուչների ուշադրության կենտրոնում: «Առավոտն» արդեն անդրադարձել է այն խնդրին, որ տարբեր մարզերում Հարկային ծառայության աշխատակիցները դպրոցականների միջոցով տեղեկություններ են հավաքում աշակերտների հետ արտաժամյա պարապմունքներ անցկացնող ուսուցիչների մասին:

Որոշ դպրոցների տնօրեններ էլ հարկայինի հետ խնդիրներից խուսափելու համար ժողով են հրավիրել եւ ուսուցիչներին «գլխի» գցել, որ կրկնուսուցմամբ զբաղվեն ոչ թե դպրոցում, այլ տանը:

Նշենք, որ պետությանը պետք է հարկ վճարեն բոլոր նրանք, որոնք տան պայմաններում հագուստ են կարում, օտար լեզուներ են դասավանդում, խմորեղեն են պատրաստում, կենցաղային տեխնիկա են նորոգում կամ կոշկակարություն են անում: Այս ամենը սահմանված է «Արտոնագրային վճարների մասին» օրենքով, որն ուժի մեջ է մտել այս տարվա հունվարի 1-ից:

Հարկատու պետք է դառնան մեծահարուստների թիկնապահները, վարորդներն ու դռնապանները, որոնք իրենց կատարած աշխատանքի դիմաց վարձատրվում են: «Առավոտը» Պետեկամուտների կոմիտեից հետաքրքրվեց, թե ի՞նչ մեթոդներով են հայտնաբերվում այն մարդիկ, որոնք պետությունից թաքուն փող են աշխատում: Պարզվում է, որ այս հարցում Հարկային ծառայությանը մեծապես աջակցում են երրորդ անձինք, այլ կերպ ասած՝ «գործ տվողները»:

Պետեկամուտների կոմիտեի «Ուղղակի հարկերի ընթացակարգերի բաժնի» գլխավոր տեսուչ Աստղիկ Ղազարյանի ներկայացմամբ. «Անկախ օրենքի ընդունումից, հարկայինը ձգտել է ի հայտ բերել ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվող անձանց: Նրանց գտնելու համար օգտագործվում են երրորդ անձանց տեղեկությունները: Այսինքն՝ մեկն ասում է, որ, ասենք, այս գումարով առել եմ ապրանք այսինչ տեղից եւ այդ ինֆորմացիայի հիման վրա որոշակի համադրումներով ստացվում է տեղեկատվություն: Դա լրացուցիչ ինֆորմացիայի աղբյուր է, որից հետո չափագրումների եւ ինչ-որ այլ մեխանիզմների միջոցով հարկայինը հնարավորություն ունի բացահայտումներ անելու»: Բացի այդ մեխանիզմներից, հարկայինը հույսը դրել է նաեւ հարկատուների ազնվության եւ ինտելեկտի վրա: Ա. Ղազարյանի խոսքերով. «Եթե մարդն ուզում է հանգիստ ծավալել իր գործունեությունը ու հարկայինի հետ որեւէ խնդիր չունենալ, ապա պետք է գիտակցի, որ գոնե ինչ-որ ծավալի հարկ պետք է վճարի: Շատ անգամ լինում են դեպքեր, երբ ամբողջ ընտանիքը որեւէ տեղ չի աշխատում եւ օրինական կերպով ոչ մի եկամտի աղբյուր չունի: Բայց գազի, հեռախոսի, տան վարձի եւ այլ վճարումների հիման վրա կամ ասենք այն, որ մեքենա են վարում, հարկայինը կարող է մտածել, եթե վճարումները կատարվում են, ապա այս ընտանիքը որտեղի՞ց է այդ գումարները ստանում: Այսինքն՝ կան մեթոդներ եւ լծակներ, որոնց միջոցով հարկայինը կարող է իմանալ մարդկանց լրացուցիչ եկամուտների մասին»:

Օրենքը նաեւ բավականին խիստ պատիժ է նախատեսել այն մարդկանց համար, որոնք հարկայինից թաքուն տան պայմաններում փող են աշխատում: Ա. Ղազարյանի տեղեկացմամբ. «Եթե զբաղվել է ապօրինի գործունեությամբ, այսինքն՝ չունի պետական գրանցում եւ չունի արտոնագիր, որով նա կարող է այդ գործունեությամբ զբաղվել, ապա օրենքով սահմանված է հասույթի 50%-ի չափով տուգանք, եթե խախտումը հայտնաբերվել է առաջին անգամ, իսկ եթե այն կրկնվում է նույն տարվա մեջ 2-րդ անգամ, ապա տուգանվում է հասույթի 100%-ի չափով: Բացի դրանից, հնարավոր է, որ հարուցվի քրեական գործ՝ նայած ինչ գործունեության տեսակ է եւ ծավալներն ինչպիսին են»:

Մեր այն հարցին, թե հարկայինը ի՞նչ մեթոդներով է պարզում՝ թե տվյալ մարդը ստույգ որքան ժամանակ է զբաղվել ապօրինի գործունեությամբ եւ որքան հասույթ ստացել: Ըստ Ա. Ղազարյանի. «Շատ անգամ, երբ 3-րդ անձը մեզ տեղեկություններ է տալիս, ապա մենք այդ մարդկանց կանչում եւ ասում ենք, որ նման ինֆորմացիա ունենք եւ խնդրում ենք բացատրություն տալ: Եթե ինչ-որ բան նրանք մեզ սխալ են տեղեկացնում, ապա այլ մեթոդներով, ասենք՝ օպերատիվ աշխատանքների եւ այլնի շնորհիվ, ի վերջո՝ դատական կարգով վերջնական որոշում է կայացվում»: Ըստ Հարկային ծառայության, մեր քաղաքացիներն այս կերպ կվարժեցվեն հարկային կուլտուրային:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել