Տիգրան Կարապետիչը զարմանում է, թե ինչո՞ւ են կեղծիքների մասին ընդդիմադիրների ահազանգերն անանուն:
Երեւանի ավագանու եւ քաղաքապետի ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած «Ժողովրդական կուսակցության» ցուցակը կազմված է 20 մարդուց: Նրանցից երեքը թոշակառուներ են, 8-ը չեն աշխատում: Կուսակցության ցուցակը ղեկավարող ԱԼՄ հոլդինգի նախագահ Տիգրան Կարապետյանից «Առավոտը» երեկ հետաքրքրվեց՝ կուսակցական գործազուրկ ընկերներին աշխատանքի տեղավորելու խնդի՞ր կա: Պարոն Կարապետյանն ասաց. «Նրանք չեն աշխատում՝ ոչ թե չեն ուզում աշխատել, այլ աշխատանքի տեղ չկա. աշխատել են, հետո դուրս են մնացել: Ես հասկանում եմ, որ դուք հումոր եք դնում ենթատեքստում, բայց մենք մեր ընկերներին աշխատանքի տեղավորելու հարց չենք լուծում, մենք մտածում ենք ժողովրդի բարեկեցության մասին, ոչ թե մեր անհատական բարեկեցության»: Իսկ ի՞նչ նշանակություն ունեն մայրաքաղաքային նշանակության այս ընտրությունները Տիգրան Կարապետյանի համար՝ քաղաքակա՞ն, թե՞ թաղային ռազբորկաների: «Տեղական ինքնակառավարման նշանակություն ունեն»,- դիվանագիտական պատասխան տվեց Կարապետիչը:
ԵԽԽՎ նստաշրջանին ընդառաջ եւ ՀՀ քրեական օրենսգրքի 300 եւ 225 հոդվածների փոփոխությունների ֆոնին տպավորություն կար, որ «7»-ի մեղադրանքի փոփոխության արդյունքում կվերանայվի գոնե նրանց խափանման միջոցը, բայց երեկ կայացած հերթական դատական նիստը ցույց տվեց, որ իշխանությունների դիրքորոշումն անփոփոխ է: Այս առիթով Տիգրան Կարապետիչն այսպես արտահայտվեց. «Այս հարցում ես միշտ էլ դատապարտել եմ իշխանություններին եւ, ընդհանրապես, կարծում եմ, որ տղաները ոչնչում մեղավոր չեն: Ուղղակի, գիտեք ինչ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը, որ առաջադրվեց, իրենց դուրս գալը մի քիչ պրոբլեմային է դարձել: Եթե բաց թողնեն տղաներին՝ կստացվի, որ իշխանությունը Լեւոն Տեր-Պետրոսյանին լրացուցիչ ներուժ է տալիս: Դա իմ մասնավոր կարծիքն է»: Թե ՀԱԿ-ից տարբեր ահազանգեր են հնչում, որ արդեն իսկ իշխանությունները սկսել են կեղծիքների գործադրումը՝ ինչ-որ ցուցակների լրացմամբ, անձնագրային տվյալների հավաքագրմամբ եւ այլն, ԿԸՀ-ում «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչը հայտարարեց, որ կոալիցիոն կուսակցություններից մեկը հանձնաժողովներում իրենց ձայները գնելու փորձեր է արել՝ կա՞ն համանման կամ այլ խախտումների եւ կեղծիքների նախապատրաստությունների մասին ահազանգեր Կարապետիչի գրասենյակում: «Դեռ ոչ: Ուղղակի, այստեղ մի քիչ զարմանալի է, որ ահազանգում են ու անուններ չեն տալիս: Ասում են՝ կտանք. էդ ի՞նչ ընդդիմադիր են, որ անուններ չեն տալիս, թող ասեն այդ անունները»,- եղավ մեր զրուցակցի արձագանքը: