Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽ ՓՈՐՁԱԳԵՏԻ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ ԴՐԱԿԱՆ Է

Ապրիլ 02,2009 00:00

«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում փոփոխությունները, որոնք ԵՄԱ նախագահն անվանել էր «բորշչի համով պաղպաղակ», դուր են եկել ԵԽ փորձագետին:

ԱԺ նախագահը երեկ ստացել է Եվրոպայի խորհրդի իրավական եւ մարդու իրավունքների ներուժի ամրապնդման դեպարտամենտի փորձագետի եզրակացությունը Հայաստանի հեռուստատեսության եւ ռադիոյի մասին օրենսդրության մեջ մի քանի պատգամավորների նախաձեռնած փոփոխությունների փաթեթի վերաբերյալ: Այս մասին մեզ հայտնեց այդ փաթեթի համահեղինակներից մեկը՝ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը. «Պետք է փաստեմ, որ հիմնականում դրական են գնահատված այն փոփոխությունները, որոնք մենք ամրագրել ենք առաջին ընթերցմամբ ընդունված փաթեթում»:

Իրոք, ըստ ԵԽ փորձագետ Իվ Սալոմոնի եզրակացության՝ առաջարկվող փոփոխությունները «նշանակալի առաջընթաց են նախորդ տարբերակից: Ընդունվել են գրեթե բոլոր էական երաշխավորությունները, որոնք արվել էին ԵԽ փորձագետների կողմից: Միակ էական չլուծված խնդիրը մնում է նախագահի կողմից ՀՌԱՀ-ի եւ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամների նշանակման միջոցը»: Ըստ ԵԽ փորձագետի՝ այս խնդրի լուծման առաջընթացին պիտի հետեւեն միջազգային դիտորդները, «որպեսզի երաշխավորվի, թե դրական քայլեր են արվելու, որ անկախ լինեն հեռարձակումը կարգավորող այս մարմինները»:

Չլուծված այս խնդրի վերաբերյալ դիտողության կապակցությամբ Արմեն Աշոտյանն ասաց. «Հայաստանի օրենսդրությամբ ու մասնավորապես՝ Սահմանադրությամբ, ՀՀ նախագահին վերապահված լիազորությունների սահմանափակումը չի կարող արվել օրենքով: Ըստ այդմ՝ ԱԺ-ն չի կարող օրենքով սահմանել ՀՌԱՀ անդամների նշանակման կարգ: Եվ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամների նշանակումը, ինչպես Եվրոպայի խորհրդի մի շարք երկրներում՝ Հայաստանում նույնպես վերապահված է երկրի նախագահին. ըստ օրենքի՝ նա այդ անդամների նշանակումը կատարում է իր հաստատած մրցութային կարգի հիման վրա: Հիմնական խնդիրը, որ ապագայում լինելու է փորձագետների ուշադրության կենտրոնում, ինչպես նշված է այս եզրակացության մեջ՝ մեր օրենսդրական բարեփոխումների ոգուն նախագահի ապագա հրամանագրերի համապատասխանության քննարկումն է: Սա, վստահաբար կարծում եմ, լուծվող խնդիր է»:

Փորձագետը նաեւ մի շարք առաջարկներ է արել, որոնք, ըստ Արմեն Աշոտյանի՝ «Սկզբունքային չեն, բայց կարող են էլ ավելի բարելավել նախագիծը»:

Մի օրինակ՝ Իվ Սալոմոնն առաջարկել է փոփոխություններում ներառել նաեւ թվային հեռարձակման հաճախությունների բաշխման եւ արտոնագրման պայմանների վերաբերյալ դրույթներ: Օրենսդրական փաթեթի համահեղինակն այս կապակցությամբ հիշեցրեց. «Սա վերջնական փաթեթ չէ. առնվազն երկու առիթ կա եւս մեկ անգամ վերանայելու այս օրենսդրությունը: Փորձագետը նույնպես շեշտել է Հայաստանի կողմից Անդրսահմանային եվրոպական կոնվենցիայի վավերացման կարեւորությունը եւ այդ կոնվենցիայի դրույթներն օրենքով ամրագրելու խնդիրը: Սա եւս մի առիթ է լինելու օրենսդրության բարեփոխման համար: Եվ երկրորդ առիթը. թվայնացման ռազմավարության մշակմանը զուգընթաց՝ պետք է լինեն օրենսդրական համապատասխան փոփոխություններ, որոնք նույնպես ապագայի խնդիր են: Ա՛յս փուլում, ա՛յս փաթեթով դրված չէ թվայնացման հարցը լուծելու խնդիր կամ ամբողջությամբ եվրոպական նորմատիվային բազային համապատասխանեցնելու հարցը, քանի դեռ մեր երկիրը չի վավերացրել այդ կոնվենցիան»:

Նկատենք, որ ԵԽ փորձագետի այս, ընդհանուր առմամբ, դրական եզրակացությունը հակասում է Երեւանի մամուլի ակումբի, «Ինտերնյուսի» եւ մի քանի այլ լրագրողական կազմակերպությունների բացասական գնահատականին: Հիշեցնենք, որ փետրվարի 3-ի հայտարարության մեջ նրանք նշել էին, թե այս փաթեթը լի է «դրույթներով, որոնց մի մասն այլ բնութագրման, քան «թյուրիմացությունն» է, արժանի չէ»: Իհարկե, դրանց մի մասը հետագայում դուրս մնաց նախագծից: Սակայն հայտարարության հեղինակներն ուղղակի երեսպաշտություն էին համարել, որ «չմշակելով Խորհրդի, ինչպես նաեւ ՀՌԱՀ-ի անկախության որեւէ իրական երաշխիքներ, ինչի անհրաժեշտության մասին նույնպես մշտապես խոսվում է, հեղինակները հորինել են այդ մարմինների անդամների երդման տեքստ»: Մինչդեռ ԵԽ փորձագետը, որն ինչպես մեջբերեցինք՝ նույնպես կարեւորել է հեռարձակող ոլորտի կարգավորող մարմինների անկախության հարցը, այնուամենայնիվ, երդումն էլ ավելորդ չի համարել եւ անգամ առաջարկել է, որ երդման տեքստում ներառվեն խոսքեր, թե պարտավորվում են գործել քաղաքական կամ ֆինանսական ցանկացած շահերից անկախ:

«Ցավում եմ, որ լրագրողական այդ կազմակերպությունների կարծիքը հիմնված չէր մեր ներկայացրած օրինագծի մանրամասն վերլուծության վրա, այլ սուբյեկտիվ շահերի եւ ընկալումների խտացված ներկայացում էր,- ասաց պրն Աշոտյանը:- Ինչպես ասում էինք նաեւ մինչ փորձագետի եզրակացությունը՝ մեր այս նախաձեռնությամբ լուծվում են տվյալ պահին Հայաստանի էլեկտրոնային մամուլի առջեւ դրված խնդիրներն օրենսդրական դաշտում: Եվ երկրորդը՝ լուծվում է ԵԽԽՎ բանաձեւերով մատնանշված՝ էլեկտրոնային մամուլի ազատությունը հստակեցնելու մեխանիզմների խնդիրը, նաեւ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում «Մելտեքսի» վերաբերյալ վճռի հիման վրա՝ 1620 բանաձեւում արտացոլված արտոնագրման գործընթացի հաշվետվողականության, թափանցիկության եւ հիմնավորվածության բարձրացման խնդիրը»:

Օրինագծի համահեղինակը հայտնեց, թե այս եզրակացությունն ուղարկելու է աշխատանքային խմբի անդամներին. «Հաջորդ շաբաթվա ընթացքում ծրագրում ենք քննարկել թե՛ ԵԽ, թե՛ կառավարության արդեն ստացված եզրակացությունը, եւ տեսնել, թե որ նոր առաջարկները կարող ենք ներգրավել փաստաթղթի մեջ: Դրանից հետո՝ ապրիլի 9-ին, ԵԽ Երեւանի գրասենյակի աջակցությամբ, մենք նորից ենք հրավիրելու ԵԽ փորձագետին այստեղ՝ քննարկելու իր առաջարկների հիման վրա արդեն լրամշակված տարբերակը: Այդ պահից կկարողանանք փաստել, որ կունենանք երկրորդ ընթերցման համար լիարժեք պատրաստ փաստաթուղթ, որը հուսով եմ՝ ապրիլի վերջին քառօրյայում կքննարկվի եւ կընդունվի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել