Այժմ էլ իրավապահները ՀԱԿ-ի ներկայացուցիչներին կասկածում են խանութ թալանելու ու գողոնը թաքցնելու մեջ:
Երեկ, առավոտյան ժամը 8-ին, Շիրակի մարզի մի խումբ ոստիկաններ լցվել են գյումրեցի ազատամարտիկ Սերիկ Տոնոյանի բնակարանը՝ քնից արթնացնելով ու լեղապատառ անելով ընտանիքի անդամներին: Ոստիկանները փնտրել են Գյումրիի Անի թաղամասի սննդի խանութներից մեկում դեռեւս անցած տարի կատարված գողության գողոնը: Իսկ թե ինչպես է ազատամարտիկի անունը հայտնվել կասկածյալների ցանկում՝ «հյուրերը» պարզաբանել են, թե ոստիկանությունը օպերատիվ տեղեկություններ է ստացել, թե գողոնը՝ կոնյակը, ծխախոտը եւ հեռուստացույցը, պահվում է հենց Սերիկ Տոնոյանի նկուղում: Տանը ոչինչ չհայտնաբերելով ու այս մասին արձանագրություն կազմելով՝ ազատամարտիկին բերման են ենթարկել Շիրակի մարզի ոստիկանության քննչական բաժին: Չորս ժամ ապօրինի պահելով՝ քննիչ Արա Դարբինյանը նրանից ստորագրություն է վերցրել յոթ օր քաղաքից չբացակայելու պահանջով: Հայ ազգային կոնգրեսի Շիրակի մարզային կառույցի ներկայացուցիչները առավել քան վստահ են, որ սա քաղաքական հետապնդում է իրենց նկատմամբ, եւ այն կապված է Երեւանի քաղաքապետի առաջիկա ընտրությունների հետ, որին մասնակցում է նաեւ Հայ ազգային կոնգրեսի առաջնորդը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Կոնգրեսականների ասելով՝ Երեւանի Կենտրոն համայնքի թաղապետի ընտրությունների ժամանակ իրենք տեղափոխվել են Երեւան՝ սատարելով Արարատ Զուրաբյանին, ու որպեսզի այս անգամ նման «պադեռժկա» չլինի, Գյումրիի նորանշանակ ոստիկանապետ Շիրակ Շահնազարյանը որոշել է այս միջոցով ընդդիմադիրների մուտքն արգելափակել: Հիշեցնենք, որ Շիրակ Շահնազարյանը երկու անգամ տարբեր պատճառներով հեռացվել է համակարգից, նրա դեմ նույնիսկ քրեական գործեր են հարուցվել, այնպես որ, ոստիկանապետի՝ հին պաշտոնին վերականգնվելը չէր կարող իր վրա էժան նստել, նա ստիպված է նաեւ քաղաքական պատվերներ կատարել:
Սերիկ Տոնոյանի պատմելով՝ ինքը ոստիկաններին հոժարակամ ընդունել է, քանի որ վախենալու ոչինչ չուներ, թալանված խանութի մասին էլ առաջին անգամ հենց ոստիկաններից էր լսում: «Ինձ յոթ օր հետո նոր միայն պատասխան են տալու՝ ես կասկածյա՞լ եմ, թե՞ չէ: Բայց ես էդ խանութից երբեք առեւտուր արած չկամ, տեղն էլ չգիտեմ: Ամոթ է՝ էլի սկսեցի՞ն նույն սադրիչ մեթոդները, էս ի՞նչ է, ապրիլմեկյան կատա՞կ է»,- հարցնում է Սերիկ Տոնոյանը:
«Առավոտը» Շիրակի մարզի քննչական բաժնից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ են գողությունից մեկ տարի անց կասկածել ազատամարտիկ Սերիկ Տոնոյանին: Այստեղից մեզ փորձեցին համոզել, որ պատճառը քաղաքական չէ, այլ իրենք գնացել են քրգործի հետքերով, ահազանգ են ստացել, տունը խուզարկել են ու ոչինչ չհայտնաբերելուց հետո ազատամարտիկին «հաջողություն են մաղթել»: «Մենք տասնյակ տներ ենք խուզարկել՝ լինի բանվոր, զինվոր, կուսակցական, թե անկուսակցական»,- պատասխանեցին քննչական բաժնից: Այդ դեպքում ինչո՞ւ են Սերիկ Տոնոյանից ստորագրություն վերցրել յոթ օր քաղաքից չբացակայելու մասին: Մեր այս հարցին ոստիկանությունը պատասխան չուներ: