Լրահոս
Օրվա լրահոսը

«ՅՈԹԻ» ԳՈՐԾԸ ԿԱԶՄԱՔԱՆԴԵՑԻՆ

Ապրիլ 02,2009 00:00

Կազմաքանդողն էլ այս անգամ ոչ թե ընդդիմությունն էր, այլ մեղադրողներն ու դատավորը

ՀՀ ԱԺ-ում ընդունված ու արդեն օրենքի ուժ ստացած ՀՀ Քրեական օրենսգրքի 225 եւ 300 հոդվածների փոփոխություններից հետո շատ քչերը կարող էին պատրանքներ տածել, թե այդ փոփոխությունների համատեքստում կփոխվեն, մասնավորապես, «Յոթի» գործով անցնող քաղբանտարկյալների խափանման միջոցները, նրանց նկատմամբ քրեական հետապնդումը կդադարեցվեր, եւ նրանք հենց դատարանի դահլիճից ազատ կարձակվեին: Բայց այն, ինչ երեկ տեղի ունեցավ «Յոթի» գործով Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի շենքում վերսկսված դատավարության ժամանակ, իսկապես անակնկալ էր: Նախ, Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների 1-ին ատյանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը երեկ շատ գործնական տրամադրվածությամբ մտավ նիստերի դահլիճ ու միանգամից ազդարարեց՝ «շարունակվում է դատական նիստը», որից հետո մեղադրող Կորյուն Փիլոյանը «հարգելի դատարանին» մեղադրողների անունից ներկայացրեց իրենց՝ 7 քաղբանտարկյալների մասով «քրեական հետապնդումից մասամբ հրաժարվելու, առաջադրված մեղադրանքը փոփոխելու եւ նոր մեղադրանք առաջադրելու մասին» կայացրած որոշումը: Քաղբանտարկյալները, որոնք մտադիր էին հայտարարություններ անել, ըմբոստացան, ինչը, սակայն, չխանգարեց մեղադրողին ձայնի նույն տոնայնությամբ շարունակել ընթերցել որոշումը: Վերջինիս հրապարակումը սկզբից մինչեւ վերջ ընթացավ քաղկալանավորների հախուռն բացականչությունների ներքո: Ո՛չ դատավորը, ո՛չ մեղադրողը որեւէ կերպ այդ աղմուկին չարձագանքեցին: Փիլոյանն իր տեքստն արագ հրապարակելուց հետո հայտարարեց, թե սույն որոշումն ու փոփոխված մեղադրանքների մեկական օրինակ, ծանոթանալու համար, հանձնում է ամբաստանվողներին: Վերջիններս, սակայն, հրաժարվեցին այն ստանալուց, ինչը եւ դատավորն անմիջապես արձանագրեց, հետո հայտարարեց, որ անցնում է խորհրդակցական սենյակ՝ որոշում ընդունելու, ու փախավ:

Երկու ժամանոց ընդմիջումից հետո դատավորը հրապարակեց իր որոշման եզրափակիչ մասը: Այն էր՝ «ամբաստանյալներ Ալեքսանդր Ռոբերտի Արզումանյանի, Մյասնիկ Ժորայի Մալխասյանի, Սասուն Մեխակի Միքայելյանի, Հակոբ Վարդանեսի Հակոբյանի, Գրիգոր Հարությունի Ոսկերչյանի, Սուրեն Ռաֆիկի Սիրունյանի եւ Շանթ Շահենի Հարությունյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 300 հոդվածի («պետական իշխանությունը յուրացնելը») 1-ին մասով քրգործի վարույթը կարճել եւ դադարեցնել քրեական հետապնդումը՝ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ։

Ամբաստանյալ Մյասնիկ Մալխասյանի վերաբերյալ ՀՀ ՔՕ 225 հոդվածի 1-ին մասով («զանգվածային անկարգություններ կազմակերպելը») եւ 38-316 հոդվածի 2-րդ մասով («իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելուն օժանդակելը») քրգործն անջատել եւ ըստ ընդդատության ուղարկել Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան։ Սասուն Միքայելյանի վերաբերյալ ՀՀ ՔՕ 225 հոդվածի 1-ին մասով եւ 235-ի 1-ին եւ 2-րդ մասերով («ապօրինի զենք, զինամթերք պահելը») քրգործն անջատել եւ ըստ ընդդատության ուղարկել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան»։

Դատավորի նույն որոշման համաձայն, նաեւ Գրիգոր Ոսկերչյանի, Շանթ Հարությունյանի եւ Հակոբ Հակոբյանի վերաբերյալ ՀՀ ՔՕ 225 հոդվածի 1-ին մասով քրգործերն անջատվեցին եւ ուղարկվեցին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: Իսկ ահա Ալեքսանդր Արզումանյանի եւ Սուրեն Սիրունյանի վերաբերյալ նույն մեղադրանքով քրգործը դատավորը որոշեց թողնել իր վարույթում եւ դատական քննությունը շարունակել Շենգավիթի դատարանի դահլիճում՝ արդեն ապրիլի 8-ին։

Բոլոր 7 ամբաստանվողների գործերն առանձնացվեցին, եւ նրանց նկատմամբ խափանման միջոցը՝ կալանքը, մնաց անփոփոխ: Նոր մեղադրանքներին ծանոթանալու համար դատարանը ամբաստանվողներին եւ նրանց պաշտպաններին տրամադրեց մեկ շաբաթ: Այսքանով դատական նիստը համարվեց փակված, ինչը ազդարարումն էր այն բանի, որ «Յոթի» գործ, որպես այդպիսին, այլեւս գոյություն չունի. այն տրոհվեց 6 տարբեր գործերի, որոնք լսվելու են տարբեր դատարաններում:

Պաշտպաններն այս որոշումը որակեցին որպես հերթական ապօրինություն եւ հայտարարեցին, թե այդ որոշումը՝ դրան ավելի մանրամասնորեն ծանոթանալուց հետո, իրենք կբողոքարկեն: «Յոթի» գործով այս շրջադարձն արձանագրեց երկու բան. մեկ՝ որ, ինչպես Հակոբ Հակոբյանի պաշտպան Մելանյա Առուստամյանն ասաց, դատարանն ինքն իր որոշմամբ, գործերը միմյանցից տարանջատելով, ընդունեց, որ «Յոթի» գործում որպես ամբաստանվողների կողմից զանգվածային անկարգություններ հրահրելու նպատակով փոխհամաձայնեցված եւ համատեղ կազմակերպված քայլեր, ասել է թե՝ հանցակազմ, չկային եւ չկան: Իհարկե, ավելի ուշ Գլխավոր դատախազության պաշտոնական կայքում տեղադրված եւ 7-ից յուրաքանչյուրին ներկայացված արդեն նոր մեղադրական եզրակացություններում շարունակում են մնալ բոլորի համար ընդհանուր «շտամպներ»: Օրինակ՝ այսինչ-այսինչյանին «… նոր մեղադրանք առաջադրել ՀՀ ՔՕ 225-րդ հոդվածի 1-ին մասով` այն բանի համար, որ նա, մի խումբ անձանց հետ, կազմակերպել է զանգվածային անկարգություններ, որպիսի գործողություններն արտահայտվել են հետեւյալում. Ալեքսանդր Արզումանյանը, Հակոբ Հակոբյանը, Սասուն Միքայելյանը, Մյասնիկ Մալխասյանը, Շանթ Հարությունյանը, Գրիգոր Ոսկերչյանը, Սուրեն Սիրունյանը, Նիկոլ Փաշինյանը, Խաչատուր Սուքիասյանը, Համլետ Հովհաննիսյանը, Վիրաբ Մանուկյանը եւ մյուսները երկրում ներքաղաքական վիճակն ապակայունացնելու եւ զանգվածային անկարգություններ հրահրելու դիտավորությամբ կազմակերպել ու անմիջականորեն իրականացրել են հանցավոր մտադրությունն ի կատար ածելուն ուղղված գործողություններ»: Հետո նշվում է կոնկրետ ամբաստանվողի անունը, ու շարունակությունը նույնն է՝ «…եւ մյուսները, տարբեր միջոցներով` իրենց շրջապատի նկատմամբ անձնական եւ ծառայողական ազդեցություն գործադրելով, հարկադրելով, խոստումների եւ որոշակի վարձատրության դիմաց…» կամ՝ «… Երեւան քաղաքում զանգվածային անկարգություններ իրագործելու մտադրությամբ խմբի անդամներն ինչպես անձամբ, այնպես էլ իրենց հետ համագործակցող այլ անձանց միջոցով կազմավորել են զանգվածային բռնարարքների կատարմանը պատրաստ անձանց խմբեր եւ կազմակերպել նրանց շրջանում ապօրինի կերպով ձեռք բերված հրազենի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի, պայթուցիկ սարքերի, ինչպես նաեւ մարմնական վնասվածքներ պատճառելու համար հարմարեցված տարատեսակ առարկաների բաշխում» եւ այլն:

Երկրորդ, դատավորը թեեւ «Յոթի» գործերն առանձնացրել է, այդուհանդերձ, նրանք բոլորը նախկինի պես առանձին-առանձին մեղադրվում են միմյանց հետ եւ համատեղ «զանգվածային անկարգություն կազմակերպելու» մեջ: Իսկ այս դեպքում առնվազն տարօրինակ է գործերը տրոհելու որոշման տրամաբանությունը: Տրամաբանություն՝ ո՛չ թե իրավական առումով, այլ քաղաքական նպատակահարմարության տեսանկյունից, իհարկե, կա: Բանն այն է, որ «Յոթի» գործը սպասվածից ավելի մեծ աղմուկ էր առաջացրել եւ գտնվում էր մեր եւ միջազգային հանրության ուշադրության կենտրոնում: Իսկ այսպես՝ առանձին-առանձին դրանք քննելիս, ըստ իշխանությունների, այդ ուշադրությունն ու սեւեռվածությունը, ուստի՝ նաեւ դրանից բխող գլխացավանքն ավելի պակաս եւ տեղայնացված կլինեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել