Ապրիլի 2-ին նշվում է Հանրապետական կուսակցության հիմնադրման օրը: 19 տարի առաջ այս օրը Աշոտ Նավասարդյանի եւ նրա համախոհների նախաձեռնությամբ հիմնադրվեց մի կուսակցություն, որն առայժմ ավելի երկար իշխանության մաս է եղել, քան ընդդիմություն:
Հանրապետականի հոբելյանի կապակցությամբ «Առավոտին» հարցազրույց տվեց Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության անդամ, կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նրա ներկայացմամբ՝ «Հանրապետականը ունեցել է եւ ունի լուրջ պատմություն, լուրջ գաղափարախոսություն եւ, ինչպես շուրջ 20 տարի առաջ, այնպես էլ այսօր, ունի լրջագույն դերակատարություն երկրի ներքին եւ արտաքին քաղաքականության մեջ: Եվ սա պատահական չէ, որովհետեւ մեր կուսակցությունն ազգային-պահպանողական կուսակցություն է, ոչ թե այլոց նման մեկ-երկու կամ երեք մարդու, այլ՝ հազարավորների կուսակցություն: ՀՀԿ-ի բոլոր լիդերները մեր երկրի պատմության մեջ կարեւոր դերակատարություն են ունեցել, եւ այսօր էլ մեր կուսակցության լիդերը երկրի նախագահն է, որի ղեկավարությամբ Հանրապետականը ավելի կուռ է, ավելի համախմբված եւ շատ ավելի կարեւոր դերակատարություն ունի երկրի զարգացման եւ բարգավաճման գործում: Եթե 90 թվականին մենք ունեինք միայն մեկ պատգամավոր խորհրդարանում՝ Աշոտ Նավասարդյանը, 1995-ին՝ 5, ապա 1999-ին, «Միասնություն» դաշինքի ժամանակ, մենք ունեինք 30-ից ավելի պատգամավոր, իսկ դրանից հետո՝ 64 պատգամավոր եւ բացարձակ մեծամասնություն խորհրդարանում: Այսօր կուզեի մեկ բան շեշտել, այն, որ 2007-ի խորհրդարանական ընտրություններին մեր կուսակցությունը ապացուցեց, որ մենք կուսակցականամոլ չենք: Պարզ է, չէ՞, որ Հանրապետականը կարող էր միայնակ ձեւավորել կառավարություն՝ դրա համար ունենալով բոլոր հնարավորությունները՝ ե՛ւ կադրային ռեսուրսներ, ե՛ւ մեծամասնություն: Բայց մենք չգնացինք այդ ճանապարհով, որոշեցինք ներգրավել այլ քաղաքական ուժերի, ստեղծեցինք լայն քաղաքական կոալիցիա: Հետագայում նույնը կրկնվեց նաեւ նախագահական ընտրություններից հետո: Հանրապետականը մշտապես եղել է գործի կուսակցություն, եւ մեր բոլոր խոստումները մենք կատարել ենք եւ կատարում ենք: Ճիշտ է, ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում հեշտ չէ, բայց անգամ այս պայմաններում Հանրապետականը հավատարիմ է իր գաղափարական սկզբունքներին»:
Պարոն Շարմազանովը նկատեց նաեւ, որ ե՛ւ 2007-ի խորհրդարանական, ե՛ւ 2008-ի նախագահական ընտրություններում ՀՀԿ-ի ծրագրային կարեւորագույն կետերը առնչվում են արտաքին քաղաքականությանը, ղարաբաղյան հիմնախնդրի լուծմանը: Մեր զրուցակիցը այս հարցերի կարգավորմանն ուղղված իշխանության գործողություններում առաջընթաց է տեսնում. «Հիշում եք, որ մեր ծրագրային դրույթներից էր նաեւ նախաձեռնող արտաքին քաղաքականությունը, որի մասին մեր հայտարարությունները ժամանակին շատերի համար անհասկանալի էին, ոմանք չէին պատկերացնում, թե ինչպես է դրսեւորվելու Հայաստանի կողմից նախաձեռնողական քաղաքականությունը այսպիսի բարդ տարածաշրջանում: Ես միայն թվարկեմ այն քայլերը, որ կատարվել են այս ուղղությամբ: Նախագահի հրավերով Գյուլը եկավ Հայաստան: Թե ինչ հիացմունքով դրան արձագանքեցին նույն եվրոպական երկրները՝ հայտնի է: Հաջորդը՝ հիշում եք, թե երկրի նախագահը ինչպես հակադարձեց Մյունխենում հարեւան երկրի ներկայացուցչին, ինչպես խոսեց ՄԱԿ-ի 63-րդ նստաշրջանում: Այս ամենը, եւ ոչ միայն սա, դառնում է այն նախաձեռնողական քաղաքականության հիմքը, որը վարում է մեր երկիրը տարածաշրջանում»:
ՀՀԿ-ական պատգամավորը վստահ է՝ որեւէ կուսակցություն հենց այնպես իշխանություն չի դառնում, «իշխանությունը ժողովրդի մեծամասնությունն է, եւ եթե տվյալ կուսակցությունը դառնում է իշխանություն, ուրեմն ժողովուրդը ընդունում է քո քաղաքականությունը: Իսկ Հանրապետականը շատերից տարբերվում է նաեւ նրանով, որ երբեք ջայլամի քաղաքականություն չի վարել, մենք գլուխներս չենք կոխում հողը եւ չենք ասում՝ ամեն ինչ լավ է: Մենք այս ժողովրդի մի մասնիկն ենք: Սովորական օրինակ բերեմ՝ մոտ մեկ տարի է, ինչ ՀՀԿ ղեկավարն է դարձել երկրի նախագահը, եւ այս մեկ տարվա ընթացքում երկրում մի մարզ չկա, որտեղ երկու անգամ նախագահը եղած չլինի, իսկ սա նշանակում է, որ ամբողջ երկիրն է նախագահի ուշադրության կենտրոնում: Մենք նախկին իշխանությունների նման կաբինետներից չենք ղեկավարում երկիրը, մենք բոլորս գիտենք մեր ժողովրդի դարդն ու ցավը եւ թույլ էլ չենք տա, որ ինչ-որ մեկն այդ դարդուցավի վրա դիվիդենդներ շահի եւ ժողովրդի զգացմունքների վրա խաղա պոպուլիստական կոչերով: Մենք պրոբլեմները շատ լավ գիտենք եւ գիտենք դրանց լուծման ճանապարհը: Գիտենք, որ կա արդարության դեֆիցիտ, կա վստահության դեֆիցիտ, կա համաշխարհային ճգնաժամ, եւ ունենք քաղաքական կամք՝ բոլոր խնդիրները լուծելու համար: Ոմանք ժամանակին կրավորական կեցվածք էին ընդունում, այսօր հանրապետության նախագահը գնում է եւ տեղերում հստակ տեսնում իրավիճակը, լուծումներ է տալիս»: