Սոցիոլոգիական ասոցիացիայի նախագահ Գեւորգ Պողոսյանը երեկ ՄԱԱ-ում հայտարարեց, թե Երեւանի ավագանու ընտրություններում երկու քաղաքական ուժ կարող է հաղթահարել 40 տոկոսանոց շեմը՝ ՀՀԿ-ն ու Հայ ազգային կոնգրեսը. «Եվ հիմնական պայքարն ընթանալու է Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Գագիկ Բեգլարյանի միջեւ»: Հարցին՝ «Արդյոք 2008թ.-ի նախագահական ընտրություններում քվեների 22%-ը ստացած Լեւոն Տեր-Պետրոսյանի վարկանիշը ներկայումս աճե՞լ է»՝ Գեւորգ Պողոսյանը պատասխանեց. «Դուք երկու բան հաշվի չեք առնում, որ նախագահական ընտրությունների ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանը մրցում էր Սերժ Սարգսյանի հետ, հիմա իր մրցակիցն ուրիշ մարդ է: Երկրորդը՝ դուք հաշվի չեք առնում, որ նախագահական ընտրություններից հետո 1 տարի անցել է, մթնոլորտը չի փոխվել, իշխանությունների նկատմամբ դժգոհությունը աճել է, անվստահությունը խորացել է: Քրեական տարրերի գլուխ բարձրացումը, որի դեմը մեր ոստիկանությունը չի կարող առնել՝ այս ամենը հօգուտ իշխանության չի աշխատում: Այս առումով, կարծում եմ, որ մի քիչ շանսերը փոխվել են, եւ մի քիչ աշխատելու տեղ ունի ՀՀԿ-ն»: Իսկ կոալիցիայի մաս կազմող մյուս ուժերի մասին կարծիք հայտնեց, թե նրանցից շատերը գիտեն, որ չեն հաղթելու, բայց ուզում են չափել իրենց ուժերը՝ իրենց հետագա գործունեության համար: