Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ՝ ԽԱՂԻ ՄԻՋՈՑՈՎ

Ապրիլ 01,2009 00:00

Ըստ հեղինակի, խաղն ուսանողներին կսովորեցնի հետաքննական լրագրություն

«Երբ 2009 թ. «ԷՄ-ԷԼ-ԱՅ» լրատվական գործակալությունից ստացանք հաղորդագրություն, որ սույն թվականի փետրվարի 25-ին տնից դուրս է եկել հայտնի լրագրող Մարիամ Գրիգորյանը եւ այլեւս չի վերադարձել, «ՅՈՒ-ԷՍ-Ի-ԷԼ ՄԵԳԶԻՆ» լրատվական գործակալությունը միանգամից անցավ նրա որոնման աշխատանքներին: Օգնության միակ օղակը լրագրողի մայրն էր՝ տիկին Լաուրան, որը մեզ հանձնեց Մարիամի օրագիրը, որտեղ նա պատմում էր «Կյանքի խոսք» աղանդի մասին»… Սա հատված է «Հետաքննական լրագրության եւ տեղեկատվական իրավունքի մրցույթ» խաղից, որը Հայաստանում անցկացվում է երկրորդ անգամ: Խաղի հեղինակ Կարեն Անդրեասյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ առաջին անգամ խաղն իրականացվել է անցյալ տարի եւ հովանավորվել է Նիդեռլանդների ԱԳ նախարարության ու Եվրոպական լրագրության կենտրոնի կողմից: Նա, մանրամասնելով խաղի էությունը, ասաց. «Գաղափարը հետեւյալն է. տարբեր բուհերի լրագրության ֆակուլտետների ուսանողներ մրցում են միմյանց հետ՝ թե ով ավելի լավ կհետաքննի ինչ-որ ակտուալ խնդիր: Մրցույթի էությունն այն է, որ փորձում ենք երիտասարդ լրագրողին սովորեցնել, թե ինչ է հետաքննական լրագրությունը, նրանց համար հնարավորություն ստեղծում դա անել գործնականում: Մենք ամեն անգամ այնպիսի թեմա ենք ընտրում, որն ակտուալ է Հայաստանում: Օրինակ, նախորդ տարվա թեման կոռուպցիան ու թրաֆիքինգն էր: Այսինքն՝ հորինված մի սպանության պատմություն էր, որի մեջ ուսանողը հասկանում էր ոչ միայն այն, թե ինչպես պետք է հետաքննի նման բարդ իրավիճակներում հայտնվելիս, ինչպես իր իրավունքը ճիշտ կիրառի, այլեւ հասկանա, թե ինչ թրաֆիքինգի խնդիրներ կան, կոռուպցիան ինչպես է դրսեւորվում այդ ոլորտում եւ այլն: Այս տարի խաղի թեման կրոնական կազմակերպություններն են՝ աղանդները, որոնք, բոլորս էլ գիտենք, թե ինչ վնասակար ազդեցություն են ունենում: Խաղը տեւում է մեկ ամիս: Ընթացքում իրականացվում է հետաքննություն, ապա լրագրող ուսանողներին միանում են իրավաբան ուսանողները: Եվ երբ լրագրող ուսանողները վերջացնում են իրենց հետաքննությունը՝ խաղարկային հոդվածներ են տպում, իսկ դրանք իրավաբան ուսանողները դատի են տալիս: Տեղի է ունենում դատախաղ, որտեղ մի խումբ իրավաբաններ ներկայացնում են լրագրողին, մի խումբ էլ՝ լրագրողի զոհին»: Ըստ Կ. Անդրեասյանի. «Խաղը տեւել է մեկ ամիս: Խաղի ամբողջ հետաքրքրությունն այն է, որ ռեալ մարդիկ խաղում են հորինված պերսոնաժներ: Այսինքն, բժիշկն իրականում բժիշկ է, բայց խաղում է աղանդավորի դեր: Ուսանողների համար ռեալությունը մոտեցված է մաքսիմումի, այսինքն՝ լրագրողը գնում է հիվանդանոց, տեսնում է բժշկին, անունը նույնն է…»:

Հեղինակի փոխանցմամբ, խաղին մասնակցում են ութ բուհի ուսանողներ. «Քանի որ ռեսուրսներ չունեինք՝ խաղը Երեւանից դուրս կազմակերպել, այդ պատճառով էլ ընտրվել են այն բուհերը, որոնք գործում են Երեւանում եւ որոնք ունեն ե՛ւ լրագրության, ե՛ւ իրավագիտության ֆակուլտետներ, այսինքն՝ որպեսզի նույն բուհն իր լրագրողին ապահովի իր իրավաբանով: Ամեն բուհի հետ ունենք համագործակցության հուշագիր եւ թիմերի ընտրությանը մենք չենք խառնվում: Ամեն բուհի թիմի խնդրել ենք, որ ներկայացնի մի դասախոս, որը հանդիսանում է նաեւ խմբի ղեկավար: Բուհերն իրենք են ընտրել իրենց թիմին, իսկ մենք նրանց տրամադրել ենք նյութեր, անցկացրել սեմինարներ, որ հետաքննական լրագրություն, լրագրողական էթիկա եւ տեղեկատվական իրավունք սովորած գան- մասնակցեն մեր միջոցառմանը: Յուրաքանչյուր բուհից խաղին մասնակցում է 10 հոգի՝ 5 լրագրող, 5 իրավաբան»: Հարցին՝ եթե ուսանողներն իրենց հետաքննության ընթացքում բախվեն որեւէ լուրջ խնդիրների, դո՞ւք եք պատասխանատու դրա համար, Կ. Անդրեասյանը պատասխանեց. «Պատասխանատվությունը բուհի վրա է եւ համապատասխան դասախոսի: Մենք երբեւէ չենք միջամտում ուսանողների ընտրության հարցերին: Մենք ուսանողների ցուցակների հետ որեւէ կապ չունենք: Բուհերն իրենք են ընտրում իրենց բարձր կուրսերի ուսանողներին, կարծում եմ՝ ոչ ոք առաջին կուրսեցու չի բերի, հիմնականում ավարտական կուրսերից են լինում»: Կրկին դառնալով խաղին՝ հեղինակը նշեց, որ ուսանողներին հնարավորություն է ընձեռված գնալ եկեղեցի, պետական մարմիններ, կրոնի հարցերով վարչություն. «Այդ գործերի մեջ իրենց հատուկ զգուշացվել է, որ իրենց համար պատասխանատու են միայն խմբի ղեկավար դասախոսը, բուհն ու իրենց ծնողները, որ իրենք հանկարծ ուղեղի լվացման չենթարկվեն որեւէ աղանդի կողմից: Ինչ վերաբերում է ուսանողներին սպառնող վտանգներին՝ մենք նրանց մի քանի անգամ զգուշացրել ենք, տրվել են համապատասխան նյութեր, որոնց մեջ նշված են եղել այդ վտանգները: Մեր արդյունքները ցույց տվեցին, որ այդ 40 լրագրող ուսանողներն էլ խիստ զգույշ մոտեցում ունեն եւ ավելի պատրաստված են, քան որեւէ հասուն լրագրող: Ես խաղի ընթացքում անձամբ հանդիպել եմ նրանց, որպես խաղի պերսոնաժներից մեկը, եւ իմ դերը եղել է այն, որ բացատրեմ, թե ոնց են լինում այդ վտանգները: Զգուշացրել եմ, որ իրենք իրենց ֆիզիկական վտանգի չենթարկեն, ինչպես, ըստ խաղի, արել է լրագրող Մարիամ Գրիգորյանը: Նշեմ նաեւ, որ խաղի սցենարով նախատեսված էր պարտադիր հանդիպում Հայ առաքելական եկեղեցու սպասավորի հետ, որ նա եւս լիներ այդ ֆիլտրը՝ զգուշացումը, այսինքն՝ մարդ, որը կկարողանար նրանց ապահովագրել վտանգներից: Խաղի ամբողջ ընթացքում Արարատյան թեմի առաջնորդարանը մեզ հետ սերտ համագործակցել է, օժանդակել, տրամադրել նյութեր ու միշտ պատրաստ է եղել ցանկացած ուսանողի հետ հանդիպել»:

Հեղինակի փոխանցմամբ. «Հետաքննության վերջում յուրաքանչյուր թիմ պարտավոր է 5 էջանոց հոդված ներկայացնել: Հոդվածները ստուգվելու են մասնագիտական խմբի՝ ժյուրիի կողմից»: Իսկ թե ինչ է սպասվում հաղթող թիմին՝ Կ. Անդրեասյանը ասաց. «Հաղթող թիմը 1 շաբաթով գնալու է Նիդեռլանդիա»:

Հավելենք նաեւ, որ խաղի արդյունքներն ամփոփվելու են այսօր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել