Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Առաջընթացը տեսանելի է

Ապրիլ 01,2009 00:00

\"\"«Առավոտին» տված հարցազրույցում ասաց հունահռոմեական ըմբշամարտի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Արմեն Բաբալարյանը:

Օրերս ավարտված հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի առաջնության արդյունքներով կազմավորվեց հանրապետության այդ տարիքային խմբի հավաքականը, որն սկսում է նախապատրաստվել մրցաշրջան 2009-ի պաշտոնական մրցումներին:

– Գո՞հ եք առաջնությանը մասնակցած ըմբիշների մրցելույթների մակարդակից:

– Միանգամից ասեմ, որ այս առաջնությունը կրկին ցույց տվեց, որ ըմբշամարտը մեզանում իրավամբ է հենակետային համարվում: Ավելին, արդեն մինչեւ 96 եւ 120 կգ քաշային կարգերում մարզիկներ ունենք, որոնց կարելի է փորձարկել նաեւ միջազգային մրցագորգերում, մի բան, որից վերջին տարիներին նեղված ենք եղել: Հասկանալի է, որ բոլոր մասնակիցները հավասար հնարավորություններ չէին կարող ունենալ: Բայց եզրափակիչ մտածները բավականին հասուն գոտեմարտեր անցկացրին: Նրանցից ոմանք իրենց հասցրել են ցույց տալ միջազգային ասպարեզներում ու հիմա էլ ապացուցեցին իրենց կարգը, մյուսներն էլ, որ պատանեկան տարիքից նոր են անցել երիտասարդների շարքեր, իրենց լավագույն կողմերով դրսեւորեցին:

– Այսինքն՝ սերնդափոխությունը բնականոն հունո՞վ է ընթանում:

– Այո: Հիմա մնում է նորեկների հետ շարունակել հետեւողականորեն աշխատել, միջազգային գորգերի հնարավորություն ընձեռել: Գիտե՞ք՝ երիտասարդական հավաքականն իր խնդիրներով մի փոքր տարբերվում է մյուսներից: Այստեղ ըմբիշների հոսքը համեմատաբար արագ է ընթանում: Պատանեկանից եկող տղաները կարճ ժամանակ են ունենում իրենց դրսեւորելու համար: Ով կարողանում է, հետագայում մեծահասակների ազգային հավաքական տեղափոխվելու շանս է ունենում, ով ոչ՝ որքան էլ ցավալի է, ավարտում է մեծ սպորտում իր կարիերան: Այս շարժը հարահոս է:

– Եվ երիտասարդականի մարզիչների պատասխանատվությո՞ւնն է ավելի մեծ, քանի որ այս միջանկյալ օղակի աշխատանքից է կախված մարզաձեւի վաղվա օրը:

– Անպայման: Օրինակ, հիմա սկսվել է 2012 թվականի ամառային օլիմպիական խաղերի նախապատրաստության քառամյա փուլը: Մեր խնդիրը ոչ միայն Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններում մեդալներ նվաճելն է, այլեւ մեծահասակների հավաքականին արժանի կադրեր մատակարարելը:

– Դուք կարեւորեցիք տղաներին միջազգային ասպարեզի հնարավորություն ընձեռելը: Ցանկությունը՝ ցանկություն: Բայց դա անհրաժեշտ չափով իրականանալի՞ է:

– Խնդիր չեմ տեսնում: Մինչեւ այսօր եւ հիմա էլ ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանն ըմբշամարտը մշտապես պահել է ուշադրության կենտրոնում: Իսկ ֆեդերացիայի նորընտիր նախագահ Սամվել Կարապետյանի գալով՝ բոլոր հարցերն ավելի լիարժեք լուծում են ստացել:

– Հիմա կընտրեք հավաքականի թեկնածուներին: Կոնկրետ ծրագրեր կա՞ն մշակված:

– Հավաքներ եւ միջազգային մրցաշարեր՝ Բաթումում, Անթալիայում, Իրանում՝ նրանց ազգային թիմերի հետ համատեղ: Այնուհետեւ պլանավորված է եւս երկու ուսումնամարզական հավաք՝ հունիսին, որից հետո արդեն կմասնակցենք Թբիլիսիում հուլիսի 2-ին մեկնարկող Եվրոպայի առաջնությանը: Դրանից հետո կշարունակենք մարզումները, բայց արդեն նախապատրաստվելով օգոստոսին Անկարայում կայանալիք այս տարիքային խմբի աշխարհի առաջնությանը:

– Կարծում եմ, որ հավաքների հրավիրելու եք հաղթողներին եւ մրցանակակիրներին: Այս պարագայում կարեւորվում է ներքին առաջնությունում ճիշտ մրցավարությունը, որպեսզի պատվո պատվանդանին բարձրանան իրոք արժանավորները: Այս առաջնության մրցավարությունից գո՞հ եք:

– Լավ կլինի գնահատականը տա ֆեդերացիայի մրցավարական հանձնաժողովը: Ընդհանուր առմամբ՝ նորմալ էր: Կային վրիպումներ, բացթողումներ: Բայց դրանք անխուսափելի են:

– Որովհետեւ հատկապես հունահռոմեական ըմբշամարտում կանոնները հաճախակի՞ են փոխվում:

– Դա նույնպես մեծ դեր է կատարում: Պատահում է, որ մեկ մրցաշրջանի ընթացքում տարբեր մրցումներ անցկացվում են տարբեր կանոնակարգերով: Պատահում է, որ հաճախ մարզիչներն էլ լիարժեք չեն կողմնորոշվում, թե իրենց սաներին ո՞ր կանոններով նախապատրաստեն: Ի՞նչ արած՝ սա է իրավիճակը: Ստիպված ենք հարմարվել: Կարծում եմ, որ հարկավոր է մրցավարներին եւ մարզիչներին ՖԻԼԱ-ի սեմինարներին ավելի հաճախակի մասնակցելու հնարավորություն ընձեռել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել