Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կոմպոզիտորների միության վարկանիշը զրո է

Ապրիլ 01,2009 00:00

Համոզված է այդ միության անդամ Լեւոն Չաուշյանը

\"\"
Լ. Չաուշյանը արտահերթ համագումար էր պահանջում:

Հայաստանյան ստեղծագործական որոշ միություններում, գարնան գալուն պես, էլ ավելի են թեժացել կրքերը: Չի բացառվում, որ Գրողների միությունում սկիզբ առած կռիվների, պարզաբանումների, մեկ-մեկ էլ՝ ձեռնամարտի ու «ռազբորկաների» ավանդույթը փոխանցվի նաեւ Կոմպոզիտորների եւ երաժշտագետների միություն: Առաջնորդվելով հ/կ-ների մասին օրենքի դրույթներով՝ կոմպոզիտոր, միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանը արդեն պաշտոնապես հայտարարել է մայիսի 23-ին կայանալիք համագումարի մասին, իսկ կոմպոզիտոր, Հայկական երաժշտական համաժողովի նախագահ Լեւոն Չաուշյանի հայտարարություններն ու իրական քայլերը «իրար հետ չեն խոսում»: Բանն այն է, որ օրեր առաջ պարոն Չաուշյանը հեռուստաեթերով հայտարարել էր, թե մարտի 21-ին է կայանալու համագումարը, որն այդպես էլ տեղի չունեցավ:

«Առավոտի» հետ հանդիպման ժամանակ Լ. Չաուշյանն ասաց, որ Կոմպոզիտորների միությունը չուներ ջեռուցման սիստեմ եւ դահլիճում, ուր պետք է անցկացվեր համագումարը, ավելի սառն էր, քան դրսում. «Հաշվի առնելով միության տարեց որոշ անդամների առողջական վիճակը, որոշեցինք համագումարը հետաձգել մոտավորապես մեկ ամսով»:

Մեր զրուցակիցը, շեշտելով, որ ինքը 1969-ից Կոմպոզիտորների միության անդամ է, խնդրեց խոսել ոչ թե Հայկական երաժշտական համաժողովի մասին, որի նախագահն է ինքը, այլ ավելի կոնկրետ ու հրատապ լուծում պահանջող հարցերից: Պարոն Չաուշյանը ներկայացրեց Կոմպոզիտորների եւ երաժշտագետների միության 43 անդամների ստորագրություններով Ռ. Ամիրխանյանին ուղղված գրությունը, որում մասնավորապես ասված է. «Հայաստանի կոմպոզիտորների եւ երաժշտագետների միավորման (ՀԿԵՄ) վերջին համագումարի ժամանակ՝ 2004 թ. հունիսի 7-ին, ընտրվել է ղեկավարություն, որի լիազորությունները, համաձայն ՀԿԵՄ գործող կանոնադրության, սպառվել են դեռեւս 2006 թ. հունիսի 7-ին, հետեւաբար, ՀԿԵՄ ղեկավար մարմինները իրավասու չեն շարունակել գործունեությունը: Նկատի ունենալով վերը նշվածը, ինչպես նաեւ այս տարիների ընթացքում կուտակված ստեղծագործական եւ կազմակերպչական բազմաթիվ խնդիրները, մենք՝ միավորման ներքոստորագրյալ անդամներս, պահանջում ենք ս.թ. փետրվար ամսից ոչ ուշ հրավիրել արտահերթ համագումար»: Ստորագրողների թվում են միության պատվավոր նախագահ Էդվարդ Միրզոյանը, Ալեքսանդր Հարությունյանը եւ այլք:

Լ. Չաուշյանը տեղեկացրեց, որ օրերս նախաձեռնող խմբի անունից նամակ են հղել ՀՀ արդարադատության նախարար Գ. Դանիելյանին, որում մասնավորապես ասված է. «Նախաձեռնող խմբի անդամներս (այդ թվում՝ կոմպոզիտորներ Է. Սադոյան, Վ. Բաբայան, Յու. Գալստյան, Ա. Սաթյան, Ս. Սուքիասյան եւ այլք) խնդրում ենք կասեցնել ՀԿԵՄ վաղուց ժամկետանց նախագահ պարոն Ռ. Ամիրխանյանի եւ վարչության կողմից կատարվող թե ֆինանսական, թե իրավական ապօրինի գործողությունները՝ մինչեւ արտահերթ համագումարի անցկացումը»:

Մեզ հետ զրույցում Լ. Չաուշյանը փաստեց, որ իրենց միությունը միշտ էլ եղել է կուռ, կազմակերպված, միասնական եւ որի դերակատարությունը շատ մեծ էր մեր հանրապետության մշակութային կյանքում. «Կոմպոզիտորների միության կարծիքը մշտապես հաշվի էր առնվում պարգեւներ ու կոչումներ շնորհելիս, փառատոներ ու մրցույթներ անցկացնելիս եւ այլ հարցերում: Փաստորեն, այսօր միության վարկանիշը հավասարվել է զրոյի, ինչը մենք բացատրում ենք առաջին հերթին միության անգործությամբ: Էլ չխոսենք այն մասին, որ խաթարվել է կապը երաժշտական կոլեկտիվների, մարզերի հետ… Ավելին, այսօր ոչ մի կոմպոզիտոր չի ղեկավարում եւ ոչ մի մշակութային բնագավառ, մինչդեռ իր մասնագիտությունից ելնելով՝ կոմպոզիտորը ամենաբազմակողմանի երաժիշտն է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել