Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ԷՐԳԻՐ» ՌԵՍՏՈՐԱՆՈՎ ԷՐԳՐԻ ՀԱՐՑԵՐԸ ԼՈՒԾԵԼ ԵՆ»

Ապրիլ 01,2009 00:00

ՀՅԴ մասին երեկ ասաց կուսակցության երբեմնի համակիր, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը

«Հայելի» ակումբի երեկվա հյուրերը հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հ/կ-ի պատասխանատու, հուշարձանագետ Սամվել Կարապետյանն ու Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանն էին: Նրանց կարծիքով, այսօր մակերեսային վերաբերմունք կա ազգային արժեքների հանդեպ:

Ս. Կարապետյանը, օրինակ, գտնում է, որ ապրիլքսանչորսյան միջոցառումները հաճախ վերածվում են շոուի, եւ Ծիծեռնակաբերդ այցելողներից շատերի ծաղիկներն անկեղծ չեն. վկան՝ հուշահամալիր տանող ճանապարհի ապականությունն ու մարդկանց անլուրջ վերաբերմունքն է: Հուշարձանագետի համոզմամբ, պատճառն այն է, որ հեռացել ենք ազգային արմատներից ու մեզ հարազատացրել օտարը: «Ես տարիներ շարունակ ձգտում եմ հասկացնել մեր պետական այրերին, որ ծաղիկներ դնելուց առաջ նախ պետք է Արեւմտյան Հայաստանի՝ փշրանքների ձեւով մեզ հասած հուշարձանների՝ գերեզմանոցների, եկեղեցիների հետեւից պետականորեն գնանք: Չնայած գերեզմանոցներ առհասարակ չունենք, մնացել են կոտրատված խաչքարեր կամ տապանաքարեր՝ տների ու գոմերի պատերի մեջ: Մինչդեռ 30 տարի այդ փշրանքների հետեւից է գնում ընդամենը հասարակական կազմակերպություն: Ցավոք, վերջերս մեր հիմնադիր նախագահ Արմեն Հախնազարյանն էլ վախճանվեց, ու հիմա հայտնի չէ, թե այդ գործի շարունակությունն ինչպես է լինելու… Փաստորեն, այն, ինչ մեկ մարդ էր ի զորու անել, կարծես թե պետությունն ի վիճակի չէ»,- փաստեց Ս. Կարապետյանը: Նա անդրադարձավ նաեւ Արեւմտյան Հայաստանի մասին նկարվող ֆիլմերին. «Վերջերս էրգրի վերաբերյալ մեկը մյուսի հետեւից ֆիլմեր են մեջտեղ գալիս… Լավ է, որ կարեւորվում է այն, բայց, ցավոք, ամեն ինչ վատ է մատուցվում: Էրգրի մասին ֆիլմ նկարելուց առաջ նախ պիտի պատկանելության հասկացությամբ եւ զգացումով առաջնորդվել, պիտի տիրոջ կեցվածք ունենալ, սիրել ազգայինը: Նժդեհն անպարտելի էր, որովհետեւ ազգային գաղափարներով էր սնել իր մարտիկներին, Կոմիտասը հանճարեղ էր, որովհետեւ իր մատուցած նյութը սնվում էր ազգային ակունքներից: Իսկ այսօր մենք ո՞ր ոլորտի մեջ ենք ազգային դրսեւորում»:

Ռ. Բաբայանը կարծում է, որ տարիներ են պետք՝ գիտակցելու համար, թե ինչ է եղել իրականում. «Հաճախ եղեռնը համարում ենք ընդամենը միլիոնուկես հայի մորթվելը, տարածքներ կորցնելը, եւ մոռանում ենք, թե ինչ ահավոր հետք է թողել այն մեր ազգային հոգեբանության ու մտածողության վրա: Ձեւավորվել է զոհի մտածողություն, իսկ զոհը զուրկ է ազգային արժանապատվությունից ու ազգային արժեքներ հասկանալուց… Ես լրիվ համաձայն եմ, որ ապրիլի 24-ը դարձել է «մայովկայի» նման մի բան…»:

Ս. Կարապետյանին հարցրինք՝ այդքան կարեւոր գործ անող իրենց կազմակերպությունն ու անձամբ ինքը ինչո՞ւ չեն դիմում Հայ դատը «սեփականաշնորհած» եւ իրեն էրգրի ցավերով մորմոքող կուսակցությանը՝ ՀՅԴ-ին: Հուշարձանագետն ասաց. «Այդ կուսակցությունն ինձ գործով չի համոզել, որ իրականում մորմոքվում է էրգրի ցավերով»: Մեր հաջորդ հարցին էլ՝ մի՞թե Թուրքիայի դրոշ այրելով են Եղեռնի զոհերի հիշատակ հարգում, նա պատասխանեց. «Դա էլ թատրոնի մաս է… ես ամեն տարի ուղղակի ամաչում եմ, երբ դրոշ են այրում: Այդ մասին անընդհատ ասել եմ ու հիմա էլ կրկնում եմ՝ թշնամու դրոշն այրում են, երբ մարտում են ձեռք բերած լինում: Եթե պիտի գնաս խանութից փողով կտոր առնես, երեխեքով նստես՝ թշնամու դրոշ սարքես, հետո էլ այրես, դա իմ մեջ ընդամենը ծիծաղ է առաջացնում: Մեղքս գալիս են էդ երեխեքը, որ այդ կուսակցության գաղափարի ներքո նման դաստիարակություն են ստանում»:

Ռ. Բաբայանն էլ նշեց, որ հարկավոր չէ կուսակցություններից շատ բան պահանջել՝ մեծ տեղ տալ նրանց. «Ախր նորմալ երկրներում հասարակական կազմակերպություններն են առաջ տանում կյանքը, ոչ թե կուսակցությունները»:

Դառնալով ՀՅԴ-ի գործունեությանը՝ Ս. Կարապետյանը շարունակեց. «Ես կարծում եմ, որ «Էրգիր» ռեստորանը կառուցելով՝ իրենք լուծել են էրգրի հարցերը: Գոնե մեր այս տասնամյակների գործունեության ընթացքում իրենց բացարձակ անտարբեր կեցվածքը ասածս է փաստում: Արմեն Հախնազարյանը, որ տարիներ շարունակ աշխատել է Արեւմտյան Հայաստանում, ժամանակին նեղվում էր, որովհետեւ Պարսկաստանի իր կուսակիցները մի առիթով ասել էին՝ էդ Արմենը ումի՞ իրավունքով ա գնում Արեւմտյան Հայաստան… Պարզվում է՝ դաշնակցությունը պիտի թույլ տար, որ որեւէ մեկը գնար Արեւմտյան Հայաստան՝ հուշարձան չափագրելու կամ լուսանկարելու… Է, դո՛ւք անեիք՝ մի մարդու վրա չմնար… Ամեն անցնող օրվա հետ պակասում են մեր նախնիների հետքերը… Լավ, ինչի՞ համար են մոլորակով մեկ սփռված Հայ դատի գրասենյակները, որ զբաղված են ամեն ինչով, բացի Հայ դատից… Օրինակ, Բոստոնի Հայ դատի գրասենյակում տեսել եմ Վիլսոնի Սեւրի դաշնագրի քարտեզի օրիգինալը՝ փոշու ու կեղտի մեջ: Ախր ուրիշ բան պետք չի անել, ուղղակի հարկավոր է այդ փաստաթուղթը հրապարակել եւ տարածել, դե արեք, է՛…»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել