Լեհաստանի նախկին նախագահ Լեհ Վալենսան երեկ իր ինտերնետ բլոգում հայտարարել է, որ այլեւս հրաժարվում է մասնակցել պաշտոնական միջոցառումներին ու հանդիպումներին: Բացի այդ, «Սոլիդարնոստ» հակակոմունիստական շարժման հիմնադիրը հայտնեց, որ վերադարձնելու է իր բոլոր շքանշաններն ու կոչումները եւ մեկնելու է երկրից: Վալենսայի զայրույթն է առաջացրել հերթական գիրքը, որի ավելի քան 600 էջում Հիշողության ազգային ինստիտուտի 24-ամյա պատմաբանը ներկայացնում է նախկին նախագահի յուրովի գրված կենսագրությունը: Հեղինակը մասնավորապես պնդում է, որ Վալենսան համագործակցում էր կոմունիստական ռեժիմի հատուկ ծառայությունների հետ, իսկ երիտասարդ տարիներին ուներ արտամուսնական որդի, որը մահացել է 4 տարեկան հասակում: Այդ սկանդալային տեղեկությունները պատմաբանը հիմնավորում է մոտ 50 վկաների հետ զրույցներով, սակայն որեւէ վկայի անուն գրքում նշված չէ: Ըստ Վալենսայի, Հիշողության ազգային ինստիտուտը վարվում է ավելի վատ, քան ֆաշիստները: Վերջիններս սպանում էին թշնամիներին եւ հակառակորդներին, իսկ ինստիտուտի աշխատողները ոչնչացնում են ընկերներին ու հերոսներին: Սկանդալին արձագանքել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը, ըստ որի, հիշյալ ինստիտուտը պետք է պահպանի գաղափարախոսական եւ քաղաքական չեզոքությունը, հակառակ դեպքում՝ այն կզրկվի պետական ֆինանսավորումից: Բացի այդ, վարչապետը կոչ արեց Վալենսային վերանայել իր որոշումը, քանի որ նման հեղինակավոր մարդիկ պետք են Լեհաստանում: Միաժամանակ, «Վրեմյա նովոստեյ» թերթը հայտնում է, որ աշխարհահռչակ լեհ ռեժիսոր Անջեյ Վայդան պատրաստվում է ֆիլմ նկարել Վալենսայի մասին, որով փորձելու է հակահարված տալ «Սոլիդարնոստի» հիմնադրի մասին տարածվող ասեկոսեներին: