Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման երեկ սկսել է իր առաջին եվրոպական շրջագայությունը: Ըստ «Ազատություն» ռ/կ-ի՝ առաջիկա շաբաթվա ընթացքում նա կայցելի Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Չեխիա, Lեհաստան եւ Թուրքիա, որտեղ կներկայացնի Վաշինգտոնի դիրքորոշումը ժամանակակից աշխարհի հրատապ խնդիրների վերաբերյալ՝ ֆինանսատնտեսական ճգնաժամից մինչեւ ահաբեկիչների դեմ պայքարը Աֆղանստանում եւ Պակիստանում: Ակնկալվում է, որ Lոնդոնում՝ աշխարհի 20 գերտերությունների գագաթաժողովի շրջանակներում, Օբաման կհանդիպի Ռուսաստանի եւ Չինաստանի առաջնորդներին, ովքեր վերջին ամիսներին հետեւողականորեն հայտարարում են դոլարի գերակայությանը վերջ տալու եւ նոր համաշխարհային արժույթ ստեղծելու անհրաժեշտության մասին: Տնտեսական ճգնաժամի շուրջ դժվարին քննարկում է սպասվում նաեւ բուն գագաթաժողովի ընթացքում: Լոնդոն կատարելիք այցի նախօրեին Financial Times-ին տված հարցազրույցում Օբաման ասել է, թե համաշխարհային տնտեսության շուրջ 85%-ը տնօրինող երկրները պետք է «համախմբվեն եւ միասնական քաղաքականություն որդեգրեն այն քայլերի շուրջ, որոնք կարող են խթանել առեւտուրն ու տնտեսության զարգացումը»: Շաբաթվա վերջին Օբաման կմեկնի Ստրասբուրգ, որտեղ մեկնարկելու է ՆԱՏՕ-ի հիմնադրման 60-ամյակին նվիրված հոբելյանական գագաթաժողովը: Հանդիպման օրակարգում հիմնականում աֆղանական պատերազմն է, որտեղ հաղթանակելու համար, Օբամայի համոզմամբ, Միացյալ Նահանգներն ու Եվրոպան պետք է միավորվեն: «Այժմ խաղասեղանին է դրված ոչ միայն Միացյալ Նահանգների անվտանգությունը, այլեւ այն գաղափարը, որ ազատ ժողովուրդները կարող են միավորվել համընդհանուր անվտանգության շուրջ: Սա էր 60 տարի առաջ ՆԱՏՕ-ն հիմնադրելու պատճառը, եւ սա պետք է լինի մեր նպատակն այսօր»,- անցած շաբաթ հայտարարել է Բարաք Օբաման: