Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրակացարանային ռոմանտիկա

Ապրիլ 01,2009 00:00

Այստեղ ապրելով՝ համ ինքնուրույնություն ես ձեռք բերում, համ իսկական ընկերներ

«2005 թվականին, երբ ընդունվեցի ԵՊՀ, Երեւանում մնալու խնդիր առաջացավ: Չէինք ուզում բարեկամի տանը մնալ, որովհետեւ դա իր դժվարություններն ունի»,- պատմում է Անժելան: Ծնողներն էլ չէին ուզում, որ նոր քաղաք եկած երեխան մենակ մնար: Այնուամենայնիվ, նա սկսեց ապրել մորաքրոջ տանը: Ընտանիքը մեծ էր, եւ Անժելան դարձավ բազմանդամ ընտանիքի տասներորդ անդամը: «Բարեկամի տանն ապրելը նման է ուրիշի տուն հարս գնալուն: Ստիպված հարմարվում ես այդ տան կենցաղին: Չնայած հարազատի տանն ես, բայց երբեմն ստիպված ես լինում սահմանափակել այս կամ այն ցանկությունդ»,- ասում է նա: Անժելան այդպես ապրեց 1.5 տարի, մինչեւ մորաքրոջ ընտանիքը մեկնեց ԱՄՆ, իսկ բնակարանը տրվեց վարձակալության: «Ստիպված եղա տեղափոխվել մեկ այլ բարեկամի տուն: Կես տարի էլ այնտեղ մնալուց հետո տեղափոխվեցի մյուս բարեկամիս մոտ»: Զավեշտի նմանվող այս պատմությունից հետո Անժելան որոշեց, որ ինքն առանձին պիտի բնակվի: Սակայն բնակարան վարձելն ուսանողներից շատերի համար թանկ հաճույք է: Մի քանի փաստաթուղթ, եւ Անժելան հայտնվեց Զեյթունի ուսանողական հանրակացարանի 6-րդ մասնաշենքում:

Մինչ նա կպատմեր իր պատմությունը, թիվ 98 երթուղայինը մեզ տեղ հասցրեց: Փաստաթղթերս պահակին ցույց տալու կարիք չեղավ: Ներս մտնելու հարցը լուծվեց Անժելայի՝ «ընկերուհիս ա» պարզաբանմամբ: Կիսամութ, նեղ միջանցքի ծայրին գտնվող սենյակի դուռը հյուրընկալ ճռռաց: Միանգամից զգացվում է, որ այստեղ ժպիտով են ընդունում անգամ անծանոթ հյուրերին: Սեղան, երկու աթոռ, մի քանի մեծ ու փոքր պահարաններ եւ երեք մահճակալ, որոնցից մեկը Սոնայինն է:

Սոնան ծնունդով Ապարանից է, սովորում է «Հայբուսակ» համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում: «Առաջին կուրսում մնում էի բարեկամներիս տանը: Նեղվում էի, որ նրանք վարձով էին ապրում, ես էլ իրենց հետ»,- ասում է Սոնան: Նա էլ Անժելայի նման որոշ ժամանակ անցկացրել է այս բարեկամի տնից այն բարեկամի տուն տեղափոխվելով: Երբ ընդունվեց աշխատանքի, հնարավորություն ստեղծվեց բնակարան վարձելու: Սոնան պատմում է, որ որոշ ժամանակ առանձին բնակարան է վարձել, բայց աշխատավայրից հեռու լինելու պատճառով թողել է այն: Ծանոթներից մեկի խորհրդով դիմել է համապատասխան մարմինների՝ այստեղ բնակվելու համար: Երկար քաշքշուկներից հետո գործը գլուխ է եկել: «Եթե առանձին բնակարանի համար ամսական վճարվող 30-40 հազար դրամով հանրակացարանում կարելի է 1 տարի բնակվել, ինչո՞ւ չօգտվել դրանից»,- ասում է նա: Սոնան խոստովանում է, որ սկզբում մի քիչ տարօրինակ էր «տարբեր շրջաններից եկած մարդկանց, էլ չեմ ասում՝ հնդիկների ու պարսիկների հարեւանությամբ ապրելը՝ տարբեր կենցաղներ, տարբեր սովորույթներ»: Հանրակացարանի այս սենյակում մշտապես համերաշխության ու ջերմության յուրօրինակ մթնոլորտ է: «Արդեն յոթ ամիս է՝ միասին ենք ապրում, բայց երբեւէ չենք վիճել»,- հպարտությամբ ասում են նրանք:

Անգամ կենցաղային հարցերի շուրջ վեճեր չեն ծագում: Սենյակի գործերն անում են հավասար՝ առանց «գլուխ պահելու» կամ արած գործերը «երեսով տալու»: Ամբողջ հարկում այս սենյակն աչքի է ընկնում «լավ» սնվելու կարողությամբ, ինչի պատասխանատուն Սոնան է: «Սիրում եմ ճաշ եփել, եթե տրամադրված ես պատրաստում՝ ամեն ինչ շատ լավ է ստացվում»,- ասում է նա: «Ծանր» ճաշեր ա եփում,- ժպտալով միջամտում է Անժելան ու ավելացնում:- Բոլորը զարմանում են՝ ոնց կարելի ա հանրակացարանում տոլմա, հարիսա ու թաբուլե ուտել»:

Այստեղ հավասար կիսվում են տնից ուղարկված բոլոր ծանրոցները, անգամ փողն է կիսվում: «Կասսա ունենք, միասին որոշակի գումար ենք դնում: Մեր ծախսի փողն է: Մեզնից յուրաքանչյուրը կարող է գնել այն, ինչ ուզում է»,- իրենց չգրված նորմերին լիովին համապատասխանող որոշումներին մանրամասն ծանոթացնում են նրանք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել