Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱՐՁՐԱՀԱՐԿԸ՝ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔ

Ապրիլ 01,2009 00:00

Մինչդեռ Երեւանի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանը հայտարարում է, որ այդ շենքը թիվ 145 դպրոցի համար վտանգ չի ներկայացնում:

\"\"
Արդյո՞ք նորակառույցի եւ դպրոցի միջեւ այս տարածությունը
18 մ է կազմում»:

Արաբկիր համայնքի Սիլվա Կապուտիկյանի անվան թիվ 145 դպրոցի անմիջապես դեմ-դիմաց շինարարություն է ընթանում, ընդ որում՝ դպրոցից շատ փոքր հեռավորության վրա: Դպրոցի տնօրեն Ժաննա Թադեւոսյանը «Առավոտի» հետ զրույցում իր վրդովմունքը հայտնեց այդ կապակցությամբ. «Արդեն երկու անգամ դիմել եմ Երեւանի քաղաքապետին, պատրաստվում եմ եւս մեկ անգամ նոր քաղաքապետին նամակով դիմել: Այժմ իմ, դպրոցի աշխատակազմի եւ ծնողական խորհրդի առաջնային մտահոգությունը աշակերտների անվտանգության հարցն է: Բառացիորեն մի քանի օր առաջ վերամբարձ կռունկից՝ տեղափոխման ժամանակ, պանելային սալիկներ ընկան ուղիղ դպրոցի բակ, որտեղով անցուդարձ են անում աշակերտները, եւ փլվեց դպրոցի պարիսպը: Երբ նախորդ անգամ դիմել էի քաղաքապետարան, ինձ խոստացել էին, որ անվտանգության բոլոր կանոնները կապահովեն: Իսկ ինչ վերաբերում է շինարարությանը, ապա, ըստ քաղաքապետարանի պատասխանի, այն թույլատրելի է: Էլ չեմ խոսում այն մասին, որ եթե դպրոցից 2-3 մետր հեռավորության վրա կառուցվի 12 հարկանի շենք, ապա այն կփակի դպրոցի՝ բնական լույսի բոլոր աղբյուրները»:

Դպրոցի տնօրենը եւ աշխատակազմը մեզ հետ զրույցում ասացին, որ իրենք չգիտեն, թե ում պատվերով է իրականացվում շինարարությունը, բայց հայտնեցին, որ Հովսեփ Էմինի 16 հասցեում կառուցվող բնակելի շենքը կառուցվում է ճիշտ այն տեղում, որտեղ ժամանակին ընդամենը մեկ սեփական տուն էր տեղակայված: Ըստ կրթօջախի աշխատակազմի՝ բնակելի այս շենքի կառուցումը զայրացրել է նաեւ Գյուլբենկյան 43 հասցեում գտնվող շենքի բնակիչներին: Նոր կառուցվող շենքը նրանց բնական լույսի աղբյուրն էլ է փակելու: «Առավոտը» փորձեց լսել նաեւ այս պատմության մեջ ներգրավված մյուս կողմերի պարզաբանումները:

Շինհրապարակում պարզեցինք, որ շինարարական աշխատանքներն իրականացվում են «Հիդրոէլեկտրաշին» կազմակերպության կողմից: Զրուցեցինք բնակելի շենքի շինարարական աշխատանքների ղեկավար Սուրեն Հակոբյանի հետ: Պանելային սալիկի՝ վերամբարձ կռունկից դպրոցի բակ ընկնելու մասին նա ասաց. «Այդպիսի բան տեղի չի ունեցել: Երբ շինարարության համար անհրաժեշտ փայտյա ձողեր էինք տեղափոխում, դրանցից մեկն է ընկել, իսկ բարձրացնելիս դիպել է դպրոցի քառասուն տարվա ցանկապատին եւ վնասել: Բայց մենք տեղում վերանորոգել ենք ցանկապատի այդ հատվածը»: «Առավոտը» լսեց նաեւ բնակելի շենքի պատվիրատու, «Էն-կա-էն շին» ՍՊԸ-ի տնօրեն Արամ Ազոյանի պարզաբանումները: Երբ նրան փոխանցեցինք դպրոցի տնօրենի պատմած միջադեպը եւ դժգոհությունները, Ա. Ազոյանն ասաց. «Դպրոցի տնօրենը, կոպիտ ասած, իրենից դուրս բաներ է հնարում: Եթե պետք է դպրոցում գործ անել, նա կարող է մեր շինարարներին ժպտերես, բարի դեմքով հրավիրել դպրոց: Իսկ որ օրը ձախ ոտքի վրա է վեր կենում, սկսում է բողոքի ակցիաներ անել: Մեր կողմից որեւէ խախտում չկա, մեր գործունեությունը լրիվ օրինական է: Ինչպես կարգն է՝ քաղաքապետարանի կողմից ստացել ենք թույլտվություն: Թե որ վարչությունն է դա տվել, տեղյակ չեմ, քանի որ սկզբից ես չեմ զբաղվել այդ հարցերով: Հետո, թույլտվությունը ոչ ինձանով է որոշվում, ոչ էլ մի քանի մարդկանց կողմից, դա որոշում են մասնագետները, իսկ նրանք որոշել են, որ կարելի է այդտեղ նման շինություն կառուցել, դրա հիման վրա էլ շինթույլտվություն են տվել: Իսկապես, կառուցվում է բնակելի շենք, եւ աշխատանքները կավարտվեն մինչեւ այս տարվա հոկտեմբեր»:

Ա. Ազոյանն ասաց, որ իրենք ունեն բոլոր փաստաթղթերը, բայց երբ ակնարկեցինք դրանք ներկայացնելու մասին, նա ասաց. «Նայած, թե ում, դա արդեն մեր որոշելու հարցն է: Եթե պետք է տվյալ մարդուն ներկայացնել, կներկայացնենք, բայց պատահական մարդկանց՝ ոչ»:

«Առավոտի» հետաքննության արդյունքում պարզ դարձավ, որ բարձրահարկ շենքերի կառուցման թույլտվությունը տալիս է Երեւանի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանը: Նրա հետ անձամբ զրուցել հնարավոր չեղավ, քանի որ չէր պատասխանում ոչ մի հեռախոսի: Ուստի «Առավոտը» գրավոր դիմեց գլխավոր ճարտարապետին եւ նրանից ստացավ հետեւյալ գրավոր պատասխանը. «Կառուցվող շենքի եւ թիվ 145 դպրոցի միջանկյալ հատվածով անցնում է միջթաղային ճանապարհ: Հեռավորությունը կառուցվող շենքի եւ դպրոցի մասնաշենքի միջեւ կազմում է 18.0 մետր: Այդ շենքը աշխարհագրորեն տեղադրված է դպրոցից հյուսիս, ինչը նշանակում է, որ ինսոլյացիոն առումով, ինչպես նաեւ բնական լուսավորության ապահովման տեսանկյունից այն դպրոցի շենքի համար արգելք հանդիսանալ չի կարող: Ինչ վերաբերում է իրականացվող շինարարության աշխատանքների կազմակերպմանը, մասնավորապես՝ կապված անվտանգության խնդիրների հետ, հայտնում ենք, որ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության կողմից տեղում կկատարվեն համապատասխան ուսումնասիրություններ եւ անհրաժեշտության պարագայում կառուցապատողին կպարտավորեցվի ձեռնարկել լրացուցիչ միջոցառումներ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել