Հավայի լռվել ենք
Վերջին ժամանակներս հաճախակի է խոսվում հայոց լեզվի որակական անկման մասին: Այն տպավորությունն է ստեղծվում, թե հասարակության (հատկապես մեծ սերնդի) կողմից վերջապես պահանջ կա վեր բարձրացնելու մայրենի լեզվի անաղարտության խնդիրը: Սա ուրախալի փաստ է… Թվում է՝ սառույցը հալչում է…
Մեր հասարակությունը, հատկապես երիտասարդությունը, այժմ ունի այլ պահանջներ, որոնք վերաբերում են նաեւ լեզվագործածությանը: Այս «պահանջների» արդյունքն է, որ մեր օրերում լեզվի ցանկացած ոճի պարագայում՝ լինի դա գործառական, պաշտոնական, հրապարակախոսական, անգամ՝ գեղարվեստական, գերակշռող են դառնում առօրյա-խոսակցականի տարրերը: Բնականաբար, վերջիններիս հետ մեկտեղ գրական լեզվի ասպարեզ նաեւ մուտք է գործում ժարգոն կոչվածը, քանի որ այն խոսակցականի լեզվագործածության միջոց է եւ հատուկ չէ գրական լեզվին:
Մեր հասարակության մեջ ժարգոնների մերժումը մի ստվար զանգվածի կողմից արդյունք է այն պարզ գիտակցման, որ մեր օրերում դրա կրողների մեծ մասը կրթական ցածր մակարդակ ունեցողներն են, քանի որ յուրաքանչյուր մարդ, ով գիտելիքների զգալի պաշար է ստանում՝ հասնելով ինքնագիտակցության մի որոշակի աստիճանի, այլեւս փորձում է խուսափել ժարգոնից: Բայց դա բավականին դժվար է հատկապես մեր հասարակության մեջ «ժարգոնի գլոբալիզացման» մերօրյա պայմաններում:
Ժարգոնի տարածումը լայնորեն ապահովող աղբյուրներից գլխավորը հեռուստատեսությունն է: Իսկ եթե մեր հեռուստատեսությունը տեղ է տալիս ժարգոնը կրող եւ լեզվական բոլոր իրադրություններում անկաշկանդորեն գործածող անձանց, այսինքն՝ դառնում է երեւույթի խրախուսման աղբյուրը, ապա մենք չենք սխալվի, եթե վկայենք հեռուստատեսության ցածր մակարդակի մասին: Փաստորեն, հեռուստատեսությունը հասարակական ցածր մակարդակի պահանջն է, իսկ ցածր մակարդակը՝ մեր իրականությունը:
Հեռուստատեսությամբ ժարգոնը տարածողներն են ոչ միայն որոշ «երգիչներ»՝ ռեպերներ, այլեւ մեծ լսարան ունեցող հումորային ծրագրեր: Ուստի եթերով ժարգոնային բառերի անկաշկանդ գործածությունը լսողներիս առիթ կարող է տալ ենթադրելու, որ դա սովորական երեւույթ է, ուստի կարելի է եւ չխուսափել դրանից:
Իսկ չխուսափելու հետեւանքներից է այն, որ մեծ տարածում գտած ժարգոնային բառերի եւ արտահայտությունների շարքը բավականին ընդարձակ է եւ հասկանալի հասարակության լայն զանգվածի կողմից: Դրանցից են՝ «բեսամթ, լոքշ, բիթի, կայֆ, կայֆարիկ, մուտիլովշիկ, մուտիտ անել, յան տալ, յուղ վառել, հավայի, դզել, լռվել, քուչա, տժժալ, ցքցքալ, ջոգել, աբիժնիկ, քյառթու…»: Նորօրյա երիտասարդությունը կարծում է, թե նմանատիպ արտահայտություններով գեղագիտական խոր մտքեր է արտահայտում:
Ժարգոնային արտահայտությունները խորթ չեն նաեւ իգական սեռի ներկայացուցիչներին: Խնդիրն ունի ավելի մտահոգիչ կողմեր, քանի որ հասարակության մի ստվար զանգվածի կողմից բացասական վերաբերմունք է ձեւավորվել ոչ թե ժարգոն կրող, այլ դրանք մերժող մարդկանց հանդեպ: Ավելին՝ որոշ միջավայրերում անգամ չեն ընդունվում ժարգոններից խուսափող մարդիկ: Սրա գիտակցումը մի պահ խոր հիասթափություն է առաջացնում: Ի վերջո՝ հասկանում ես, որ պայքարն անօգուտ է, չէ՞ որ լեզուն չվերահսկվող համակարգ է, որքան էլ ցանկանանք դրա հանդեպ խիստ վերահսկողություն սահմանել…
Ուստի մնում է միայն բարձրաձայնել երեւույթի բացասական կողմերի եւ արդունքների մասին՝ սպասելով դրական «արձագանքի», որն արժեքավոր կլինի հատկապես այն դեպքում, եթե երեւույթի կանխումն արձագանքողների շրջանակն ընդլայնվի գրական՝ առանց ժարգոնային լեզվի պահպանումը արժեւորող գիտակից երիտասարդներով… Չէ՞ որ այսօրվա երիտասարդության աղճատված խոսակցական լեզուն ապագա լեզվի հայելին կարող է լինել…