Լրահոս
Օրվա լրահոսը

ԶԱՐՄԱՆԱԼԻ Է

Ապրիլ 01,2009 00:00

Մեր կյանքում զարմանալի շատ բաներ կան: Զարմանալի են, ասենք, մարդկային ձեւախեղումները:

Մենք ապրում ենք փոքր երկրի փոքր քաղաքում, որտեղ հասարակական եւ քաղաքական դաշտում եղած բոլորն էլ իրար գիտեն եւ գաղտնիքներ չկան: Գիտեն ե՛ւ իրար անցյալ, ե՛ւ ներկա: Գիտեն՝ ով ինչ եւ ինչպես է արել ու անում: Ու զարմանում ես, թե ինչ թեթեւությամբ են, իշխանությունից զրկվելուց անմիջապես հետո, երեկվա ընտրակեղծիքների ու բռնությունների համահեղինակները դառնում արդարության, բարոյականության ու հանդուրժողականության մարտիկ եւ զարմանալուն զուգընթաց պատկերացնում ես, թե ինչ եռանդով, իշխանական բուրգում մնալու դեպքում, կշարունակեին ստել, կեղծել ու արդարացնել իշխանության կատարած ցանկացած անբարո քայլ:

Զարմանալի է, երբ մինչեւ ատամները զինված, պետական բոլոր լծակներին տիրապետող եւ այդ լծակները միայն իր անձնական իշխանությունը պահելուն ծառայեցնող իշխանավորը, օգտագործելով բանակը, ոստիկանությունը, բանտերը՝ ծեծում, սպանում ու բռնանում է՝ ի հայտ են գալիս գործիչներ, ովքեր օգնության կարիք ունեցողին ձեռք մեկնելու ու պաշտպանելու փոխարեն, իրենց անաչառ ու անկողմնակալ հայտարարելով, սառնասրտորեն հետեւում են, թե ինչպես է հալածվում ու բանտվում իշխանավորի դեմ դուրս եկած ընդդիմադիրը:

Զարմանալի է, որ շատերը չեն հասկանում, որ պաշտպանել պաշտպանության կարիքն ունեցողին՝ չի նշանակում լինել նրա կուսակիցը, գաղափարակիցն ու աջակիցը: Նույնիսկ չի նշանակում լինել կողմնակալ: Դա ուղղակի նշանակում է լինել մարդ, լինել քաղաքացի:

Զարմանալի է, որ պաշտպանության կարիքն ունեցողին չպաշտպանողի, անաչառի, անկողմնակալի եւ զարգացումներին կողքից դիտողի, իբր մեր այսօրը պատմական զարգացումների համատեքստում դիտարկողի եւ ուսումնասիրողի դերակատարումն ստանձնածները, որպես կանոն, երբեք էլ հստակ դիրքորոշում չեն ունեցել: Նրանք կոմսոմոլի ժամանակ կուսակցական տոմս երազող կոմսոմոլներ են եղել, ՀՀՇ ժամանակ՝ ուղղափառ ՀՀՇ-ականներ: Այսօր էլ, այս խառը ժամանակներում, ինչպես միշտ, արեւի տակ իրենց տեղն ունենալու հոգսերով տարված անկողմնակալներ են:

Զարմանալի է, որ մարտի մեկից հետո հստակ դիրքորոշում ունեցող, իրոք անաչառ ու անկողմնակալ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանն էլ հանկարծ սկսեց լուծել ոչ թե անաչառ լինելու, ինչպիսին ինքն արդեն մեկ տարի է ինչ կար, այլ ամեն կերպ անաչառ երեւալու խնդիր: Նա նույնիսկ հայտարարեց, որ թեկուզ ամբողջ Եվրոպան էլ մեր քաղբանտարկյալներին քաղբանտարկյալ անվանի, ինքն այդ բառը չի արտասանի, որովհետեւ դա կդիտարկվի որպես կողմնակալություն: Բայց այդպես էլ անհասկանալի է մնում, թե ինչու է քաղբանտարկյալին քաղբանտարկյալ անվանելը, ասել է թե՝ իրերն իրենց անուններով կոչելը, ընկալվում որպես կողմնակալություն:

Զարմանալի է, թե ինչ թեթեւությամբ են մարդիկ խզում կապերը եւ այրում այնքան դժվարությամբ կառուցված կամուրջները: Մարտի 1-ից անմիջապես հետո Արմեն Հարությունյանը պետական պաշտոնյաներից միակն էր, որ կարողացավ հստակ դիրքորոշվել: Նա համարձակորեն արտահայտում էր իր կարծիքները կատարված ու կատարվող զարգացումների վերաբերյալ: Նա կարողացավ իրեն դրսեւորել որպես քաղաքացիական կեցվածք ունեցող գործիչ ու իրավապաշտպան: Կարողացավ պաշտպանի ինստիտուտին արժանի դեմք ու կեցվածք հաղորդել: Նրա գրասենյակի աջակցությամբ բազմաթիվ բանտարկյալների ու այլ օգնության կարիք ունեցողների է հնարավոր եղել օգնել: Բայց նրա տարեկան զեկույցի հրապարակումից հետո ընդդիմադիր որոշ գործիչներ զարմանալի թեթեւությամբ, մեկ վայրկյանում, այրեցին ամենածանր օրերին իրենց ու նրա միջեւ գցված կամուրջները, չգիտես ինչ տրամաբանությամբ նրանից սխրանք ու հերոսություն պահանջելով եւ ոչ մի կերպ չհասկանալով, որ ուրիշից հերոսություն պահանջել չի կարելի, եթե նույնիսկ ինքդ հերոս ես:

Զարմանալի է, որ մամուլը չեն սիրում եւ ընդդիմադիր, եւ իշխանական գործիչները, չնայած երկուսն էլ աշխատում են այն առավելագույնս օգտագործել: Եվ ծիծաղելի է, երբ մամուլի վրա հարձակվելիս նրանք օգտագործում են նույն բառապաշարը:

Զարմանալի է, որ սովետական դպրոց չանցած, անկախության տարիներին կրթված ու ինքնահաստատված երիտասարդը մամուլի մասին օրինագիծ է մշակում, որը «խոսքի ազատությունը ամենաթողություն չէ» ելակետային դրույթը մտրակ դարձրած, փորձում է սահմանափակել առանց այն էլ սահմանափակված խոսքի ազատությունը: Նա անգամ փորձում է արգելել մամուլի միջոցներին՝ հիշատակել հայաստանյան գործիչների մականունները: Իսկ ի՞նչ անի լրագրողը, եթե երկրիդ պաշտոնյաների մի հսկայական զանգված գալիս է քրեական աշխարհից, որտեղ մարդ առանց մականուն չի լինում, իսկ մականուններն էլ չափազանց դիպուկ ու բնութագրական են:

Զարմանալի է, որ իրեն մտավորական համարող հայաստանցին այդպես էլ չկարողացավ աչքը կտրել իշխանավորի քսակից ու նրա մատի շարժումը որպես անպայման կատարվող ցուցում չընդունել:

Զարմանալի է, որ 1988-90թթ. մաքրող ու լվացող, ստրկական անցյալը ներկայից բաժանող համաժողովրդական պայքարից հետո, 1990թ. եկած նոր, ազատամիտ եւ, որ ամենակարեւորն է՝ ժողովրդի համակրանքը վայելող իշխանություններն այդպես էլ չկարողացան մի կարեւորագույն խնդիր լուծել, ինչով եւ դրեցին մեր արատավոր այսօրվա հիմքը, որից դուրս պրծնելու համար դեռ հայտնի չէ, թե էլ ինչ զոհաբերություններ են պահանջվելու: Նրանք թույլ տվեցին, որ խորհրդային ստրկական անցյալը առանց մաքրվելու, առանց զղջման, իր վարք ու բարքով, իր հին սովորույթներով հանդերձ՝ մեր նոր կյանք սողոսկի: Խոսքն այստեղ նախկին կոմունիստների մասին չէ: Թող մեր լուսավոր ներկայում լինեին նաեւ անցյալի գործիչներ: Դա նույնիսկ կարելի էր ընկալել որպես նորերի մեծահոգության ու անցյալի ու ներկայի հաշտեցման դրսեւորում: Թող պաշտոնավարեին նախկին կոմունիստական հրահանգիչներն ու քարտուղարները: Թող նույնիսկ ԿԳԲ-ի ու ոստիկանության սպաները ծառայեին Անկախ Հայաստանի ոստիկանությունում ու անվտանգության մարմիններում: Թող լինեին, թող աշխատեին: Բայց մի հանցավոր անփութությամբ թույլատրվեց, որ մեր պետության ամենավերին օղակներ թափանցեն խորհրդային հատուկ ծառայությունների գործակալները՝ մատնիչներն ու սադրիչները: Ոչ մի կերպ այդ տարիներին հնարավոր չեղավ ընդունել լուստրացիայի մասին օրենք, որը կարգելեր չիկարելիի սահմանն անցած, ամենահետին զբաղմունքով՝ մատնությամբ ու սադրանքով իր կյանքը դասավորող, իր ընկերների, իր շրջապատի, իր ծանոթների ու անծանոթների վրա մատնագրեր գրող մարդկանց մուտքը օրենսդիր մարմին ու պետական ապարատ: Եվ տեղավորվեցին նրանք ամենուր, ամենավերին ատյաններ, ճյուղավորվեցին չարորակ ուռուցքի պես, ժամանակի ընթացքում վերից վար լցրեցին իրենց տեսակով եւ հիմնավորվելով՝ իրենց առաջ կանաչ լույս վառողներին հեռացրին իշխանությունից ու դարձան անբարոյականությունը համընդհանուր նորմ դարձրած իշխանություն: Հենց նրանց հետ էլ այսօր մենք գործ ունենք: Եվ արդեն ավելի քան պարզ է, որ նրանց համար բանսարկություններով իշխանավարելը, բանտերը քաղաքական գործիչներով լցնելն ու խաղաղ ցուցարարների վրա կրակելը խնդիր չէ:

Զարմանալի է, որ զարմանում ենք նորմալ հասարակություններում գոյություն չունեցող ահա այս կարգի թերությունների վրա, փորձում ենք լուծել այնպիսի խնդիրներ, որոնք մարդկության զարգացած մասը մի 200-250 տարի առաջ արդեն լուծել է եւ այս իմաստով անհասկանալի եւ մերժելի ենք աշխարհի այն ժողովուրդների համար, որոնց ընտանիքին իբր ձգտում ենք անդամակցել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել