Լրահոս
Օրվա լրահոսը

«Ապրեք, էրեխեք, բայց մեզ պես չապրեք»

Ապրիլ 01,2009 00:00

Թումանյանի ծննդավայրի՝ Դսեղի երիտասարդները իրենց հուզող խնդիրներին լուծումներ են առաջարկում:

Արդեն մեկ տարուց ավելի է՝ Լոռու մարզի Դսեղ գյուղում գործում է երիտասարդական գործունեության ակումբը: Այն զբաղվում է գյուղի երիտասարդության խնդիրներով՝ բարձրացնում դրանք, քննարկում, լուծումներ առաջարկում եւ դիմում գյուղապետարանին ու մարզպետարանին: Մի քանի տարի առաջ, երբ գյուղի երիտասարդների հետ զրուցում էի նրանց հուզող խնդիրների մասին, պարզեցի, որ դրանք բավականին շատ են, ու ոչինչ չի արվում լուծումներ գտնելու համար: «Գյուղում երիտասարդների համար ոչ աշխատատեղեր կան, ոչ ժամանցի վայրեր: Երիտասարդներին ոչինչ չի մնում, քան գնալ գյուղից»,- ասում էր Աննան, ով ավարտել էր «Մխիթար Գոշ» համալսարանը եւ վերադարձել գյուղ: Իսկ այսօր Աննան երիտասարդական գործունեության ակումբի անդամ է: «Գյուղում շատ անելիքներ կան, եւ մենք մեր հնարավորությունների սահմաններում փորձում ենք ինչ-որ բան անել: Հիմա զբաղվում ենք միջհամայնքային փողոցների լուսավորության հարցով, նախատեսում ենք կազմակերպել աղբահանություն, գյուղում պետք է իրականացվի կանաչապատում»,- ասում է ակումբի նախագահ Մարգարիտա Չատինյանը:

Ակումբի անդամները կամավորներ են, ծրագրերը իրականացնելու համար ակումբը դրամահավաք է նախաձեռնում: Ֆինանսական լուրջ միջոցներ ունեցող հովանավորներ չունեն, օգնողները գյուղի բնակիչներն են, ինչն իր դրական կողմն ունի: Ամեն մեկն իր ներդրման չափով տեր կկանգնի արվածին: «Մենք որոշեցինք ոչ թե մեղավորներ փնտրել մեր գյուղի խնդիրների համար, այլ փորձել ինչ-որ չափով լուծել: Սկզբից ակումբի անդամներն ավելի շատ էին: Հետո որոշ երիտասարդներ չցանկացան շարունակել աշխատանքները եւ դուրս եկան: Կան նաեւ ուսանողներ, ովքեր մեր ոչ բոլոր ժողովներին ու սեմինարներին են մասնակցում, բայց մեզ հետ են: Նրանք կարգավորում են Երեւանի, Վանաձորի հետ կապված հարցերը: Ցանկանում ենք դրամահավաք կազմակերպել եւ բաղնիքի շենքը վերանորոգելով՝ միջոցառումների անցկացման սրահ սարքել: Նախագիծն արդեն ձեռք ենք բերել»,- պատմում է Մարգարիտան:

Գյուղի դպրոցում գերմաներենն է որպես օտար լեզու դասավանդվում, երիտասարդական գործունեության ակումբն էլ գյուղում անգլերենի դասընթացներ էր կազմակերպել: Պարապում էին Վանաձորից եկած կամավորները: Առաջիկա ծրագրերում համակարգչի ուսուցումն է: Ցավոք, այսօր գյուղում ինտերնետ կապ չկա: Պարբերաբար կազմակերպվում են տարատեսակ քննարկումներ, օրինակ՝ ժողովրդավարական պետության, մարդու իրավունքների եւ նման թեմաներով: Երիտասարդական գործունեության ակումբը, իհարկե, չի կարող լուծել գյուղի երիտասարդության հիմնախնդիրները: Այն պարզապես հնարավորություն է՝ միասին քննարկել խնդիրները, լավ հասկանալ դրանք եւ քայլեր ձեռնարկել դրանց լուծման կամ լուծմանը նպաստելու համար: Ակումբը հիմնադրվել է նախկին գյուղապետ Ռաֆայել Վարդանյանի օրոք: Համագործակցությունը շարունակվում է նաեւ ներկայիս գյուղապետ Գառնիկ Հովսեփյանի հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել