Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՇԽԱՏԵՆՔ ԲՈԼՈՐՍ

Ապրիլ 01,2009 00:00

\"\"Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով Սյունիքի մարզում է

Երեկվանից երկօրյա աշխատանքային այցով Սյունիքում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի, էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի եւ գյուղատնտեսության նախարար Արամայիս Գրիգորյանի ուղեկցությամբ:

Երկրի ղեկավարը այցը սկսեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից: Պատվիրակությունը նաեւ հարգանքի տուրք մատուցեց Երկրորդ աշխարհամարտում եւ արցախյան գոյամարտում զոհվածների հիշատակին եւ ծաղիկներ դրեց նրանց հիշատակը հավերժացնող հուշահամալիրում:

Սերժ Սարգսյանը մարզի խնդիրները քննարկեց մարզպետարանում հրավիրված փակ խորհրդակցությունում, որից հետո լրագրողներին տրամադրվեց պաշտոնական տեղեկատվություն: Ըստ այդմ, քննարկվել են հանքարդյունաբերության խնդիրները եւ մարզի սոցիալ-տնտեսական զարգացման հարցերը: Սերժ Սարգսյանը մասնավորաբար ասել է, որ մարզի երեք խոշոր արդյունաբերական ձեռնարկությունները պետք է աշխատեն: «Ես լիովին տեղյակ եմ այս ձեռնարկություններում տիրող վիճակին: Ձեռնարկություններն ի վիճակի են եւ պետք է աշխատեն այս պայմաններում, նույնիսկ, եթե աշխատեն զրոյական շահույթով, քանի որ, բացի նրանից, որ այսօր աշխատանքը սոցիալական խնդիր է լուծում, վաղվա բարձր շահույթի համար հիմք է դառնում: Ես խորապես համոզված եմ, որ եթե Քաջարանի կոմբինատը 1990-ականի վերջին եւ 2000-ի սկզբին դժվարություններով չաշխատեր, ապա այս վերջին 5-6 տարիներին հսկայական շահույթներ չէր ունենա: Ձեռնարկությունները միանշանակորեն պետք է աշխատեն, եւ եթե կառավարությունից որեւէ հարցի լուծում է կախված, ապա մենք պատրաստ ենք քննարկել: Հայտնի է, որ արտահանման հիմնական ծավալները այդ ձեռնարկությունների արդյունք են: Բացի այդ, այս ձեռնարկությունները նաեւ մեր խոշոր հարկատուներն են, ուստի նաեւ պետական եկամուտների խնդիր է առաջանում: Պետք է գտնել այնպիսի լուծումներ, որոնց շնորհիվ կարող են անխոչընդոտ աշխատել անբարենպաստ այս պայմաններում, բայց կարծում եմ, որ այսօր հասել ենք մի վիճակի, որ պետք է դնենք հանրապետության բոլոր ձեռնարկությունների աշխատելու խնդիրը: Առավել եւս, որ ազգային արժույթի արժեզրկման պայմաններում եւ համաշխարհային շուկաներում որոշակի զսպումների պարագայում անպայման պետք է կարողանանք օգուտներ քաղել»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը:

Անդրադառնալով սոցիալական խնդիրներին՝ ՀՀ նախագահը նշել է, որ սոցիալական ոլորտում խոչընդոտներ չպետք է առաջանան. «Մի բան, որ հանրապետությունում չի լինելու՝ հստակ է: Որեւէ աշխատավարձ, թոշակ կամ սոցիալական նպաստ չի կրճատվելու: Նաեւ որեւէ խոչընդոտ չի լինելու դրանք մարդկանց հասցնելու համար: Ինչ պայմաններ էլ ստեղծվեն, դրանք պետք է ժամանակին հասնեն մարդկանց: Որեւէ ձգձգում մենք կգնահատենք անբարեխիղճ աշխատանք: Պետական բյուջեից բոլոր հատկացումները կարվեն ժամանակին: Սա է մեր գլխավոր խնդիրը»:

Խորհրդակցությունից հետո լրագրողներին հանդիպեցին «Գեո Պրո Մայնինգ» եւ «Դինո Գոլդ Մայնինգ» ընկերությունների ղեկավարները: Նրանք ասացին, որ «Գեո Պրո Մայնինգը» վերազինվում է եւ, անկախ միջազգային շուկայում գների տատանումներից եւ ճգնաժամից՝ ընկերության բոլոր 900 աշխատողները կշարունակեն աշխատել: Իսկ «Դինո Գոլդ Մայնինգի» ղեկավարի խոսքով՝ իրենց մոտ աշխատանքները վերսկսվել են, արդեն այս ամսվա վերջին այս ձեռնարկությունում կաշխատի 900-950 մարդ:

ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւրգյանն ասաց, որ խորհրդակցության ժամանակ արձանագրվեց, որ եթե նախագահի հետ պայմանավորվածությունները կյանքի կոչվեն մարզում եւ հատկապես՝ հանքարդյունաբերության ոլորտում, լուրջ խնդիրներ չեն լինի, նույնիսկ ճգնաժամի պայմաններում:

Այսօր Սերժ Սարգսյանը կայցելի «Արմեն-Սարմեն» գյուղահամալիր, Որոտան ՀԷԿ, Գորիս, Սիսիանի «Վի Էյջ Սթոուն» ընկերություն եւ կվերադառնա Երեւան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել