Լրահոս
Օրվա լրահոսը

Բնակիչներին ջրից զրկել են

Ապրիլ 01,2009 00:00

«Երեւան ջուրը» հրաժարվում է բնակչի հետ ջրամատակարարման պայմանագիր կնքել, պատճառաբանելով, որ դա կամ պետք է անեն ամբողջ շենքի բնակիչները, կամ էլ՝ համատիրությունը:

Կառուցապատում իրականացնող «Գլենդել Հիլզ» ընկերությանը պատկանող Արգիշտի 11/3 շենքում 4 օր ջուր չի մատակարարվել։ Բանն այն է, որ շենքի բնակիչները չեն համարվում «Երեւան ջուր» ընկերության բաժանորդ, բաժանորդը ջրի խողովակների ցանցի սեփականատեր «Գլենդել Հիլզն» է, որն էլ քանի օր է՝ հրաժարվել է բնակիչների փոխարեն ջրի վարձ վճարել, ինչի պատճառով էլ շենքում ջուրը կտրել են։ Շենքի բնակիչ Շուշան Դոյդոյանի խոսքերով, իրենց ոչ ոք չի զգուշացրել, որ պետք է բաժանորդ դառնան ջուր մատակարարող ընկերությանը. «Հանկարծակի վերցրել են ու ջուրը կտրել: Մենք նոր ենք տեղեկանում, որ պետք է պայմանագիր կնքեինք «Երեւան ջրի» հետ։ Եթե ավելի վաղ իմանայինք՝ միջոցներ կձեռնակեինք։ Փոքր երեխա ունեմ, առանց ջուր ինչպե՞ս կարող ենք կենցաղային հարցերը լուծել: Սա այն դեպքը չէ, որ սպասենք շուտով հարցը կլուծվի, ջուրը մեզ շատ անհրաժեշտ է: Այդքան թանկ էլ վճարել ենք ու այս շենքում տուն գնել, ինչո՞ւ պիտի այսօր նման խնդիրների առաջ կանգնենք: Փաստորեն, նման խնդիր կարող է առաջանալ նաեւ հոսանքի հետ կապված, մենք ապահովագրված չենք նման խնդիրներից»։ Շ. Դոյդոյանն արդեն դիմել է «Երեւան ջուր» ընկերությանը՝ բաժանորդ դառնալու ակնկալիքով, որտեղից պատասխանել են, որ իրենք գործ չունեն անհատ քաղաքացու հետ, պետք է ամբողջ շենքը կամ համատիրությունը դիմի, որպեսզի կարողանան պայմանագիր կնքել եւ դառնալ ջրի մատակարար։ «Գլենդել Հիլզից» էլ բնակչին պատասխանել են, որ իրենք այլեւս չեն կարող բնակչի փոխարեն ջրի վարձ վճարել։

Այս առնչությամբ, «Գլենդել Հիլզ» ընկերության տնօրեն Վահե Ալմոյանը «Առավոտին» պարզաբանեց, որ չնայած իրենք պարտավոր չէին բնակիչների փոխարեն ջրի վարձ վճարել, սակայն շենքը հանձնելուց հետո 6 ամիս ընկերությունը վճարումներ է կատարել ե՛ւ ջրի, ե՛ւ հոսանքի համար. «Մենք այդ ընթացքում դիմել ենք, որ իրենց դարձնեն բաժանորդ, չեն հասցրել այդ աշխատանքները կատարել, դրանից հետո ընկերությունը եւս 6 ամիս մուծել է բնակիչների վարձերը։ Մեզ նամակ էին ուղարկել, որ եթե չմուծենք ջրի վարձը, կկտրեն, մենք էլ ասացինք, որ այլեւս չենք մուծելու, քանի որ ընթացք չկա այս աշխատանքներին, եւ չի կարող այսպես շարունակվել։ Ինչքան տեղյակ եմ, այդ շենքի բնակիչները գնացել են քաղաքապետարան, առայժմ տեղեկություններ ունենք, որ քաղաքապետարանը միջնորդել է եւ խոստացել, որ 1 ամսվա ընթացքում այդ աշխատանքները կկատարվեն»։ Մեր հարցին, իսկ ինչո՞ւ բնակիչներին նախօրոք չի զգուշացվել բաժանորդ դառնալու անհրաժեշտության մասին, պարոն Ալմոյանը պատասխանեց. «Զգուշացում չի էլ կարող լինել, քանի որ մենք ենք բաժանորդ համարվում, այնտեղ մեկ հաշվիչ է դրված: Բայց 1 տարի է՝ արդեն հանձնել ենք այդ շենքը, նրանք պետք է ընդունեն մեզանից եւ բնակիչներին դարձնեն բաժանորդ։ Մեր նպատակը դա է»:

Մեր այն դիտարկմանը, որ բնակիչները դիմել են, սակայն «Երեւան ջուրը» նրանց չի բաժանորդագրում, նա պատասխանեց. «Նրանք չեն վերցնում մեզնից մեր հաշվիչը եւ նրանց դարձնում իրենց բաժանորդ: Դրա համար էլ միջնորդել ենք քաղաքապետարան, մենք շատ ուրախ կլինենք, որ այդ հարցը լուծվի»: Հարցին էլ, թե հնարավոր չէ՞ր՝ ընկերությունը բնակիչներից հավաքագրեր այդ գումարները, որպեսզի նման խնդիր չառաջանար, Վ. Ալմոյանն ասաց. «Մենք կառուցապատողն ենք, դա կարող է անել համատիրությունը կամ որեւէ կազմակերպություն: Չգիտես ինչու, այս պրոցեսը երկարում է, եւ մենք մեծ գումարներ ենք տալիս բնակիչների փոխարեն: Ընկերությունն էլ, երեւի թե, պարտավոր է ընդունել եւ դարձնել նրանց բաժանորդ»: Նա ասաց, որ տեղեկություններ ունի, թե շենքում իրականում ջուր կա:

«Երեւան ջուր» ընկերությունից էլ հայտնեցին, որ բնակելիի ջրամատակարարման պատասխանատուն կառուցապատող կազմակերպությունն է՝ «Գլենդել Հիլզ» ՍՊԸ-ն, որն էլ հանդիսանում է միակ պայմանագրային կողմը ջրամատակարարող ընկերության հետ հարաբերություններում. «Վերջինիս կողմից մատակարարած ջրի դիմաց ունեցած պարտքը մարվել է երեկ, որից հետո անմիջապես վերականգնվել է շենքի ջրամատակարարումը: Քաղաքապետարանում «Երեւան ջրի» ներկայացուցչի հետ հանդիպման ժամանակ բնակիչներին պարզաբանվել է խնդրի էությունը եւ նշվել վերջինիս լուծման հնարավոր ուղիները: Մեր ընկերության նկատմամբ բնակիչները որեւէ պահանջ չունեն: «Երեւան ջուրը» ողջունում է բաժանորդ դառնալու բնակիչների ցանկությունը, քանզի որպես առեւտրային կառույց նա շահագրգիռ է ավելացնել ջրի սպառումը: Միաժամանակ հարկ է նշել, որ տվյալ հարցը կարող է լուծվել միայն շենքը կառուցապատող կազմակերպության կողմից տարածքային կառավարման նախարարության Ջրտնտպետկոմիտեին պաշտոնապես դիմելուց եւ առկա մի շարք խնդիրները օրենսդրության շրջանակներում լուծելուց հետո: Ասել, թե՝ տեղի ունեցածը հետեւանք է կառուցապատող կազմակերպություն-բնակիչներ ոչ հստակ փոխհարաբերությունների, կամ շենքը կառավարող մարմնի բացակայության, այդպես չէ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել