Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի դիրքորոշումը չի ներկայացվելու

Ապրիլ 01,2009 00:00

Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի կանխատեսումների, մարտին երկրում գնաճը կլինի 1-1,5%-ի սահմանում: Այս մասին երեկ լրագրողներին ասել է բանկի փոխնախագահ Վաչե Գաբրիելյանը: Խոսելով վերաֆինանսավորման տոկոսադրույքների հնարավոր փոփոխության մասին՝ Վ. Գաբրիելյանը թեեւ նշել է, որ գնաճային ճնշումների պատճառով առաջիկայում Հայաստանում տոկոսադրույքների իջեցում չի լինի, սակայն հավելել է. «Միաժամանակ, ելնելով այն բանից, որ Հայաստանի տնտեսական աճի հեռանկարներն ամենահոռետեսականը չեն՝ չենք բացառում, որ տարվա ընթացքում տոկոսադրույքները կիջնեն»:

Անդրադառնալով այս տարվա ապրիլի 2-ին Լոնդոնում կայանալիք «G-20»-ի անդամ երկրների ղեկավարների գագաթաժողովին, որտեղ մասնակից երկրները պետք է ներկայացնեն իրենց դիրքորոշումը տնտեսական ճգնաժամի հաղթահարման ուղիների վերաբերյալ, ԿԲ փոխնախագահը ասել է. «Հայաստանը ունի հստակ դիրքորոշում ֆինանսատնտեսական ճգնաժամը հաղթահարելու ուղիների վերաբերյալ, բայց չեմ կարծում, որ Լոնդոնում կայանալիք «G-20»-ի երկրների գագաթաժողովի ժամանակ հենց մեր երկրի դիրքորոշումն է ներկայացվելու: Այնտեղ Ռուսաստանի ֆինանսների նախարարը կներկայացնի ԱՊՀ միասնական դիրքորոշումը»:

Նշենք, որ երեկ Մոսկվայում գումարվել է ԱՊՀ անդամ երկրների կենտրոնական բանկերի նախագահների եւ ֆինանսների, էկոնոմիկայի նախարարների մասնակցությամբ խորհրդակցություն, որտեղ մասնակից երկրների ներկայացուցիչները պետք է ներկայացնեն իրենց դիրքորոշումը:

Վ. Գաբրիելյանը տեղեկացրել է նաեւ, որ Հայաստանում գործող 8 առեւտրային բանկերի միջոցով կբաշխվի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման համար նախատեսված $50 միլիոն վարկը: Գումարը բանկերին կտրամադրվի 8-9% տարեկան տոկոսադրույքով, իսկ բանկերն էլ կորոշեն, թե ինչ տոկոսադրույքով պետք է վարկը տրամադրեն ձեռնարկատերերին: Վ. Գաբրիելյանի տեղեկացմամբ, նախապես ԿԲ-ն ընտրված 8 բանկերին կհատկացնի հավասարաչափ գումար, սակայն եթե բանկերից որեւէ մեկը կարճ ժամկետում տեղաբաշխի վարկային միջոցները, նրան հատկացվող գումարի չափը կարող է ավելանալ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել