Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄԸ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ Է

Ապրիլ 01,2009 00:00

ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի կարծիքով, եթե կենսաթոշակներն ու նպաստները գոնե 20%-ով չբարձրացվեն, ապա երկրում սոցիալական լարվածությունը կլինի անխուսափելի:

\"\"
Ըստ Վ. Դալլաքյանի, եթե կառավարությունը բարի կամք դրսեւորի՝ թոշակներն ու նպաստները կբարձրանան:

Հայաստանի Կենտրոնական բանկը այս տարվա համար կանխատեսել էր ընդամենը 8% գնաճ, սակայն դոլարի արժեւորումը ցույց տվեց, որ նախորդ ամիս մի շարք ապրանքներ թանկացան միջինը 15-20%-ով: Նկատի ունենալով այն, որ այսօրվանից գազի, ջրի եւ էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումից հետո դարձյալ թանկացումներ կլինեն, ապա պարզ է դառնում, որ 8%-անոց գնաճը, մեղմ ասած, անիրատեսական է: Երկրում սոցիալական լարվածությունից խուսափելու համար, Ազգային ժողովի պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը օրենսդիրներին առաջարկում է 20%-ով բարձրացնել կենսաթոշակները, գործազրկության նպաստները եւ սոցիալական այլ վճարումները: Պատգամավորի նախաձեռնությամբ, այս տարվա մարտի 11-ին ԱԺ է ներկայացվել «Սոցիալական պաշտպանության ոլորտում պետական ծախսերի ինդեքսավորման մասին» օրենքի նախագիծը:

«Առավոտի» հետ զրույցում Վիկտոր Դալլաքյանը նշեց, որ օրենսդրական նախաձեռնության անհրաժեշտությունը պայմանավորված է ֆինանսատնտեսական ճգնաժամի, դրամ-դոլար փոխարժեքի փոփոխման, գազի, էլեկտրաէներգիայի եւ ջրի սակագների բարձրացմամբ. «Բացի այդ, վերջին շրջանում գրանցվել է, մասնավորապես, առաջին անհրաժեշտության ապրանքների գների՝ միջինը 20%-ով բարձրացում: Բնակչության գնողունակության անկում է նկատվում եւ դրանով իսկ պայմանավորված՝ սոցիալական վիճակի վատթարացում: Նախագիծը նպատակ ունի մեղմել ստեղծված իրավիճակի ազդեցությունը»: Մեր կառավարության գործը հեշտացնելու համար, պատգամավորը նաեւ նշել է, թե որտեղից պետք է գումարներ գտնել՝ կենսաթոշակներն ու նպաստները բարձրացնելու համար: Վ. Դալլաքյանի կարծիքով, անհրաժեշտ ֆինանսական միջոցներ հնարավոր է ապահովել ստվերային տնտեսության կրճատման հաշվին. «Խոշոր բիզնեսը եւ ընդհանրապես բիզնեսը հարկային դաշտ տեղափոխելը, ստվերի դեմ պայքարը համարում եմ սկզբունքային խնդիր, անկախ այս կամ այն օրենսդրական նախաձեռնություններից: Միջազգային հեղինակավոր անկախ կազմակերպությունների կողմից արված ուսումնասիրություններով՝ Հայաստանի տնտեսության 65-70%-ը ստվերային է: Եվ, ցավոք, ես առարկայական քայլեր չեմ տեսնում խոշոր կամ ընդհանրապես ստվերային բիզնեսը հարկային դաշտ բերելու առումով, սակայն կարծում եմ, որ եթե համապատասխան քայլեր կատարվեն, ապա դա կնպաստի այս օրենսդրական նախաձեռնության ֆինանսական կողմը լուծելու համար: Բացի այդ, համապատասխան ֆինանսական աղբյուր կարող է հանդիսանալ նաեւ պետական ապարատի եւ Կենտրոնական բանկի վարչական ծախսերի կրճատումը: Ի դեպ, ասեմ, որ այդ օրենսդրական նախաձեռնությունը միտված է հատկապես բնակչության անապահով խավերի խնդիրների լուծմանը, որոնց թիվը մոտավոր հաշվարկներով ավելի քան 1 միլիոն մարդ է: Ես խոսում եմ առնվազն 20% բարձրացման անհրաժեշտության մասին, իսկ եթե կառավարությունը հնարավորություն ունի, ապա կարող է ավելի շատ բարձրացնել, բայց առնվազն 20%-ով՝ պարտավոր է: Ճգնաժամը պետք է հաղթահարել ոչ թե չունեւորներին ունեզրկելով, այլ ունեւորների հաշվին նրանց հիմնախնդիրները լուծելու ճանապարհով: Ֆինանսների նախարարն ընդհանուր առմամբ հավանություն է տվել այս գործընթացի իրականացմանը: Չնայած որեւէ թիվ չհրապարկվեց, բայց ասաց, որ մոտեցումն ընդունելի է»:

Վ. Դալլաքյանը առաջարկել է օրենքն ընդունել հունիսի 1-ից, սակայն, նրա խոսքերով, ըստ կանոնակարգի, նախագծի քննարկման համար հաջորդ նիստը տեղի է ունենալու ապրիլի 27-30-ը, սակայն, «եթե կառավարությունը բարի կամք դրսեւորի», ապա քննարկումը կարող է տեղի ունենալ ապրիլի 6-ին. «Դա կլինի միանգամայն հիմնավոր եւ ադեկվատ՝ ստեղծված իրավիճակին: Համենայնդեպս, լավատեսորեն եմ տրամադրված, որ կառավարությունը կառաջնորդվի խելամտության կանխավարկածով»:

Ի պատասխան մեր այն հարցին՝ թե դոլարի արժեւորման հետեւանքով տեղի ունեցած թանկացումները ֆինանսական առումով ինչքանո՞վ են ազդել իր ընտանիքի բյուջեի վրա, նա ասաց. «Մեր տան ֆինանսների նախարարը կինս է: Խանութ եւ առեւտրի զանազան օբյեկտներ չեմ հաճախում, քանի որ գնում եմ ամենաանորակ եւ ամենաթանկ ապրանքները, դրա համար էլ ինձ հակացուցված է խանութ գնալը: Բայց ընտանիքիս անդամները պարբերաբար ինձ տեղեկություններ են տալիս գների տատանումների վերաբերյալ: Ինչ-որ առումով նրանք դրական դեր են կատարել այս օրինագծի ստեղծման գործում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել