Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՉԵՄ ՔՆՆԱԴԱՏԵԼՈՒ ԱՅՍ ԿԱՄ ԱՅՆ ԿՈՂՄԻՆ

Ապրիլ 01,2009 00:00

\"\"Ասում է Երեւանի ավագանու ընտրություններում ՀՅԴ ցուցակը գլխավորող ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը

– Բազմաթիվ մեկնաբանություններ կան, թե քաղաքապետի ընտրություններում կոալիցիայի մաս կազմող ուժերի թեկնածուները՝ բացի ՀՀԿ-ից, առավել պատրաստվում են ուղղակի ձայներ հավաքել՝ հետո Երեւանի ավագանու կազմում կոալիցիան վերստեղծելու համար: Որքանո՞վ եք իրական համարում այս սցենարը:

– Յուրաքանչյուր սցենար, բնականաբար, ունի ապրելու իրավունք: Բայց այս դեպքում, առնվազն մեր մասով՝ համարում եմ այս սցենարը ոչ իրատեսական եւ ոչ ճշգրիտ: Նախ՝ թեեւ կոալիցիայի մեջ ենք, բայց ունենք մեր հստակ դիրքորոշումն առնվազն սոցիալ-տնտեսական զարգացման վերաբերյալ: Սա առավելապես վերաբերում է նաեւ Երեւանին: Եվ այստեղ հիմնական խնդիրը ոչ թե պարզապես զարգացում ապահովելն է, այլ որակական փոփոխություն ապահովելը: Շուտով կհրապարակվեն նաեւ նախընտրական ծրագրերը, եւ կերեւան էական տարբերությունները:

Եթե իսկապես ստանանք այնքան ձայներ, որ կարողանանք ձեւավորել մեր պահանջները՝ թող վստահ լինեն թե՛ ընտրողները, թե՛ այն անձինք, որոնք ճանաչում են ինձ եւ մեր թիմի անդամներին, որ մեր համամասնական ցուցակում ընդգրկվածները երբեք չեն համաձայնի այդ սցենարին: Հասկանում եմ, որ կարող եմ այս խոսքերով վանել շատ մարդկանց՝ հատկապես իշխանամերձ շրջանակից, բայց ճշմարտությունը մնում է ճշմարտություն: Եթե ստանանք այնքան ձայներ, որ կարողանանք մասնակցություն ապահովել քաղաքապետական կառավարման ոլորտում եւ ունենալ էական ազդեցություն, ապա թող վստահ լինեն, որ ծրագրերի լավագույն իրականացնողը կարող ենք լինել մենք՝ այն մարդիկ, որոնք մշակել են այդ ծրագրերը:

– Փաստորեն այս կապակցությամբ տարբե՞ր մոտեցումներ կան ՀՅԴ-ում, քանի որ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտաշես Շահբազյանը հավանական էր համարել, թե ընտրություններից հետո կարող է ստեղծվել նոր կոալիցիա:

– Դա կարող է լինել մի դեպքում, եթե չունենանք այն ձայները ստանալու հնարավորությունը, որով կկարողանանք վերցնել քաղաքապետական լծակները: Ընդամենը 7%-ի հաղթահարման դեպքում, իհարկե, դա հավանական սցենար է: Բայց չէի ցանկանա, որ ստանանք այդքան ձայն: Կուզենայի, որ ստանայինք շատ ձայներ, եւ մեր հասարակությունն առաջին անգամ տեսներ, թե իսկապես որն է կառավարման արդյունավետ մոդելը:

– Շատ ձայներ ստանալուն խոչընդոտ կարող է դառնալ թեկնածուներից մեկի կողմից վարչական ռեսուրսի կիրառումը: Ձեզ հասե՞լ են ահազանգեր, որ քաղաքապետարանի ենթակայությամբ գործող առողջապահական ու կրթական հիմնարկներն արդեն իսկ ծառայեցվում են հօգուտ Երեւանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող թեկնածուի՝ ցուցակներում տվյալներ հավաքելով եւ այլն:

– Անշուշտ, տեղյակ եմ դրա մասին: Ինչպես եւ բոլոր ընտրությունների ժամանակ չի բացառվել վարչական լծակների կիրառումը, այս դեպքում նույնպես փորձ է արվում դրանք գործադրել: Ճշմարտությունն այն է, որ ներկա համակարգը չի բացառում վարչական ռեսուրսի կիրառումը: Պարզապես ընտրողը պետք է գիտակցի, որ ֆինանսական կամ վարչական լծակներով իրականացված ցանկացած ընտրություն չի կարող հանգեցնել իր կյանքի բարելավման:

– Ձեր նախկին կուսակից Ռուբեն Հակոբյանն այն առնչությամբ, որ ընտրություններից մի քանի ամիս առաջ թեկնածուներից մեկը նշանակվեց քաղաքապետ՝ զարմանք էր արտահայտել, որ «կոալիցիոն գործընկերներն այս առիթով լռել են, կարծես թե համաձայնել են այս նշանակմանը»: Բայց ըստ նրա, սա ազնիվ չէ հենց կոալիցիոն մյուս ուժերի նկատմամբ, քանի որ կողմերից մեկին մեկնարկային վիճակում տրվեց առավելություն:

– Ընդհանրապես, կարծում եմ, որ մեր հասարակությունը եւ հատկապես պետական կառավարման համակարգը դեռ շա՜տ հեռու են ազնիվ վարքագիծ դրսեւորելուց:

Ես սա դիտարկում եմ իբրեւ գործող օրենսդրության շրջանակում ՀՀ նախագահի լիազորության իրացում: Իհարկե, ցանկալի կլիներ, որ դա լիներ օրենսդրական կանոնները պահպանելով: Բայց ես պատրաստ եմ նույնիսկ գործող քաղաքապետի հետ մրցակցել՝ որեւէ խնդիր չեմ տեսնում:

– Այնուամենայնիվ, համարում եք, թե այս նշանակմամբ խախտվե՞լ են օրենսդրական կանոնները:

– Կարծում եմ, որ որոշակի վերլուծության արդյունքում ինքներդ կգաք այդ համոզմանը, որ, այո՛, կան օրենսդրությամբ նախատեսված որոշակի մեխանիզմներ՝ այդ թվում, վարչապետի առաջարկությունը, որն այս դեպքում չի պահպանվել, համենայնդեպս, նախկին քաղաքապետի ազատման եւ նորի նշանակման պաշտոնական հաղորդագրության մեջ:

– Այս ընտրությունների բնութագրականն է դարձել, որ ընդդիմությունը ցանկանում է առավելագույնս քաղաքականացնել դրանք, իսկ իշխանությունը՝ փորձում քաղաքապետի լիազորությունները հանգեցնել գրեթե բացառապես աղբահանությանը: Ձեր կարծիքով, ի՞նչ խնդիրներ են այսպիսով փորձում լուծել երկու կողմը:

– Նախ ուզում եմ մի փոքրիկ գաղտնիք բացել՝ իմ քարոզչական տեխնոլոգիան չի ենթադրում քննադատել այս կամ այն կողմին: Լինելու է բացառապես համագործակցության հնարավորությունների դիտարկում՝ երկու կողմին էլ: Երկրորդ՝ չեմ ընդունում այս իրարամերժ մոտեցումները, որ մեկն ասում է՝ քաղաքակա՛ն է, մյուսը՝ բացարձա՛կ քաղաքական չէ: Երկու կողմն էլ պիտի իրենց մոտեցումները տեղաշարժեն դեպի կենտրոն:

Իրականում թե՛ օրենսդրությամբ, թե՛ պրակտիկայում Երեւանի քաղաքապետը եւ ավագանին չեն կարող չլինել քաղաքական: Ավագանու ձեւավորման մեխանիզմն ինքնին ենթադրում է, որ դա քաղաքական մարմին է: Քաղաքապետի որոշակի լիազորություններ էլ ենթադրում են, որ նա, այո՛ պետք է ծավալի քաղաքական ակտիվ գործունեություն՝ սկսած քաղաքացիների քաղաքական իրավունքները երաշխավորելուց, ավարտած նրանց համար ոլորտային՝ տնտեսական, սոցիալական, մշակութային քաղաքականության որոշակի առաջարկներ իրականացնելը: Սակայն քաղաքական գործունեությանն անպայման պետք է հետեւի նաեւ պրոֆեսիոնալ կառավարում՝ սա նույնպես շատ կարեւոր է, քանի որ չի կարող քաղաքական գործիչը, որը մեծ հաջողություն է ունեցել քաղաքական կյանքում՝ մենեջերական հատկություններ չունենալով, արդյունավետ իրականացնել քաղաքապետի լիազորությունները՝ ամեն օր առնչվելով կենցաղային խնդիրներին՝ քաղաքի մաքրության ապահովմանը եւ այլն:

– Կարծես բոլոր կուսակցությունների ցուցակներն էլ կազմվել են միայն այն տրամաբանությամբ, թե քաղաքապետն ու ավագանին քաղաքական համակարգի մաս են, ուստի առաջադրել են գերազանցապես քաղաքական դեմքերի: Այնուամենայնիվ՝ չե՞ք կարծում, թե այսպիսով կարող են տուժել զուտ քաղաքային, երեւանցուն հետաքրքրող խնդիրները:

– Չէի ուզենա վերլուծել ցուցակները: Կխոսեմ միայն մեր ցուցակի մասին, որում կան իսկապես պրոֆեսիոնալներ՝ մարդիկ, որոնք չեն ծավալել քաղաքական ակտիվ գործունեություն, սակայն ունեն կառավարման փորձ: Եվ իհարկե՝ կան նաեւ անձինք, որոնք զբաղվում են քաղաքականությամբ: Փորձել ենք ապահովել ոսկե հավասարակշռություն: Իհարկե, ընտրողները կգնահատեն, թե թիմերից որ մեկին են հավանում:

Բայց մի քանի կարեւոր խնդիրներ կցանկանայի շեշտադրել: Ես մեր հասարակությանը կառաջարկեի նախկինում թույլ տված սխալները չկրկնել՝ փողով քվեարկությունը երբեք լավ բանի չի բերել: Եվ երկրորդը՝ Երեւանն իբրեւ համայն հայության մայրաքաղաք՝ առաջին անգամ պետք է ձեւավորի իր իշխանությունը՝ ընտրությունների միջոցով: Եթե այսօր նորից փորձենք աղավաղել համակարգը՝ չենք կարող հետագայում մեղադրել իշխանությանը: Եվ Աստված տա՝ այս ընտրություններից դուրս գանք ավելի միասնական ու հանդուրժող, կառավարումն իրականացվի ավելի կարող ուժերի ներգրավմամբ՝ անկախ քաղաքական պատկանելությունից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել