Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԿՈԱԼԻՑԻԱ ՀՀԿ-Ի ԵՎ ՀԱԿ-Ի ՄԻՋԵ՞Վ

Ապրիլ 01,2009 00:00

Երեւանի ավագանու ընտրություններում ՀՅԴ նախընտրական շտաբը գլխավորելու է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: Այս մասին երեկ «Հայացք» ակումբում կայացած ասուլիսում տեղեկացրեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտաշես Շահբազյանը: Նա նաեւ հայտնեց, թե արդեն նախապատրաստել են իրենց ծրագիրը, եւ անհրաժեշտ համարեց, որ այս ընտրություններում մրցակցությունը ծավալվի ծրագրերի շուրջ:

Հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է արդյոք, որ ընտրությունների վերջին փուլում ՀՅԴ-ն պաշտպանի ՀՀԿ թեկնածուին՝ Արտաշես Շահբազյանը պատասխանեց. «Շատ քիչ հավանական եմ համարում նման զարգացումը, որովհետեւ մենք ցանկանում ենք ինքնուրույն գնալ եւ ապահովել մեր արժանի տեղն ավագանու ընտրություններում»: Ավելի ուշ ասաց. «Եթե իսկապես առողջ մրցակցություն լինի ուժերի միջեւ, ապա մենք առավելագույնս կկարողանանք ցույց տալ, թե ինչ ներուժի եւ կարողությունների տեր է մեր թեկնածուն»: Եվ հարցադրմանը, թե ինչո՞ւ թեական արտահայտվեց առողջ մրցակցության մասին՝ այսպես արձագանքեց. «Ես սա ասում եմ՝ հաշվի առնելով նախագահական ընտրությունների դառը փորձը, երբ ամեն ինչ գնաց կամ-կամի, սեւ ու սպիտակի հակադրության վրա՝ հասցնելով ծայրահեղության»:

ՀՅԴ խմբակցության քարտուղարը չբացառեց, որ ընտրություններից հետո կարող է ստեղծվել նոր կոալիցիա, որի մեջ կարող է մտնել նաեւ ՀԱԿ-ը. «Ես ավելի հավանական եմ համարում, որ ձեւավորվի իսկապես կոալիցիա: Եվ չեմ ուզում ասել, որ անպայման նույն ուժերը կարող են կազմել այդ կոալիցիան: Չի բացառվում, որ այդ կոալիցիայի մեջ լինի, օրինակ, նաեւ այսօրվա ընդդիմությունը: Հիմա սա կարող է ձեզ մի քիչ տարակուսանքի տեղիք տալ, մեղմ ասած, բայց ինչո՞ւ ոչ: Քաղաքականությունը մի այնպիսի բան է, որ… Ի վերջո, կա քաղաքական իրողություն, իրականություն, որի հետ բոլորս հաշվի ենք նստում»: Եվ քիչ հավանական համարեց, որ ավագանու ընտրություններում որեւէ քաղաքական ուժ կարող է հավաքել ձայների 40%-ը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել