Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Սեւ PR-ով մի զբաղվեք»

Ապրիլ 01,2009 00:00

Փոխքաղաքապետ Կամո Արեյանը պնդում է, որ քաղաքապետարանը՝ իր կառույցներով, եւ թաղապետարանները լծված են համաքաղաքային ծրագրերի իրագործմանը:

«Դրանք հերթական նախընտրական շահարկումներն են՝ դեռեւս քարոզարշավը չսկսված, որոնց մեջ ներքաշվում են նաեւ հանրակրթական համակարգը, առանձին կառույցներ: Երեւանի քաղաքապետարանի կողմից քաղաքապետարանին ենթակա հանրակրթական դպրոցներին որեւէ նման հրահանգ չի տրվել, չի էլ տրվելու, նման թերթիկներ չեն բաժանվել եւ չեն էլ բաժանվելու, մանավանդ, որ նման ցուցակներ կազմելու անհրաժեշտությունը չկա»,- այսպես արձագանքեց փոխքաղաքապետ Կամո Արեյանը «100 տոկոսանոց» ցուցակների մասին մամուլի հրապարակումներին, որ Երեւանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող դպրոցների տնօրեններին, թաղապետարանների բոլոր աշխատակիցներին տրվել են հանձնարարականներ ավագանու եւ քաղաքապետի ընտրություններում գործող քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի օգտին ստորագրություն հավաքելու համար:

Պարոն Արեյանը վստահեցնում է, որ մայրաքաղաքի հանրակրթական դպրոցները իրենց բնականոն գործունեությամբ են զբաղված եւ իրականացնում են միմիայն կանոնադրությամբ իրենց վերապահված գործառույթները՝ «որեւէ դպրոց ներքաշված չէ նախընտրական նախապատրաստական որեւէ աշխատանքում»: Ըստ մեր զրուցակցի, նույնը վերաբերում է նաեւ քաղաքապետարանի մյուս կառույցներին. «Մարդիկ զբաղված են պաշտոնի անձնագրով իրենց տրված գործառույթներով եւ պարտականություններով: Քաղաքապետարանը եւ 12 թաղային համայնքների աշխատակազմերն այս պահին զբաղված են քաղաքապետարանի 2009 թվականի համաքաղաքային ծրագրերով նախատեսված աշխատանքներով: Մասնավորաբար, տարածքների սանիտարական մաքրման, աղբահանության, բարեկարգման, ծառատունկի ու կանաչապատման, բակային համայնքների լուսավորության եւ համանման այլ աշխատանքներով: Սրանք մեր սովորական աշխատանքային գործառույթներն են եւ որեւէ կապ չունեն նախընտրական ժամանակահատվածի հետ եւ նախընտրական նպատակ չեն հետապնդում»:

Դիտարկմանը, որ անցած բոլոր ընտրությունների՝ լինեն դրանք ՏԻՄ, թե նախագահական, փորձը ցույց է տալիս, որ ադմինիստրատիվ ռեսուրսն օգտագործվում է տվյալ պահին իշխանության ներկայացուցչի կողմից, ինչո՞վ են տարբերվում առաջիկա ընտրությունները, որ բացառում եք այդ ռեսուրսի օգտագործումը՝ Կամո Արեյանը պատասխանեց. «ՀՀ Ընտրական օրենսգրքի համաձայն՝ ԿԸՀ-ի կողմից հաստատվել է նախընտրական միջոցառումների ժամանակացույց, այդ թվում՝ նախընտրական քարոզարշավի մեկնարկի սկիզբը: Քարոզարշավին դեռ մեկ ամիս կա. այն կիրականացվի օրենքով սահմանված կարգով, ԿԸՀ-ի կողմից սահմանված ժամանակահատվածում եւ կընթանա օրենքով նախատեսված բոլոր տեխնոլոգիաներով: Մինչ քարոզարշավի սկիզբը, այդ ընթացքում եւ ընտրություններից հետո, ընթացքի մեջ են լինելու քաղաքապետարանի 2009 թվականի բոլոր ծրագրերը: Այդ ընթացքում քաղաքապետարանը շարունակելու է իր սովորական գործառույթները, եւ դրանք չեն կարող համարվել նախընտրական արշավի բաղադրիչ: Մենք չպետք է թույլ տանք, որ քաղաքի բնականոն կենսագործունեությանը միտված առօրյա աշխատանքները թունավոր կերպով շահարկվեն»:

«Այն, ինչ արվում է մայրաքաղաքում, արվում է բնակիչների համար, իսկ դրանց մեջ են նաեւ շահարկողները: Բոլորին կոչ եմ անում, հորդորում եւ խնդրում՝ սեւ PR-ով չզբաղվել: Երբ կգա ժամանակը, այնժամ էլ թող բոլորը զբաղվեն իրենց քարոզչությամբ»,- եզրափակեց Կամո Արեյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել