Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱ ՆԱԽ՝ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ ԷՐ, ՀԵՏՈ՝ ՎԿԱ

Ապրիլ 01,2009 00:00

\"\"Իսկ հիմա «Վարդաշեն» ՔԿՀ պետի նախկին տեղակալ Գագիկ Հովհաննիսյանը քաղկալանավոր է

2007թ. սեպտեմբերի 4-ին «Վարդաշեն» ՔԿՀ պետի տեղակալ, մայոր, իսկ այսօր քաղբանտարկյալ Գագիկ Հովհաննիսյանի դեմ քրեական գործ էր հարուցվել՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման եւ բռնություն գործադրելու մեղադրանքով: Քրգործը հարուցվել էր նույն ՔԿՀ-ի կալանավոր, նախկինում ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների համար դատապարտված՝ «Պուտանկա» մականունով Ռոբերտ Կարապետյանին ծեծելու փաստի առնչությամբ: Ու թեեւ քրգործը հարուցվել էր դեռեւս 2007թ. սեպտեմբերին, այդուհանդերձ, Գ. Հովհաննիսյանին ձերբակալել էին միայն 5 ամիս անց՝ 2008թ. փետրվարի 7-ին: Մինչ այդ Գ. Հովհաննիսյանը գործում ներգրավված է եղել որպես կասկածյալ, եւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել էր ստորագրությունը քաղաքից չբացակայելու մասին: Ավելի ուշ փոխվել էր նրա կարգավիճակը: Գործը քննող քննիչը որոշում էր կայացրել, թե՝ քանի որ վերացել են Գ. Հովհաննիսյանին մեղադրանք առաջադրելու հիմքերը, ուստի՝ նա այդ գործում ներգրավված կլինի որպես վկա: Փետրվարի 7-ին միայն նրան ձերբակալել էին: Մինչ այդ իշխանությունները թերեւս հույս էին ունեցել, որ իրենց կհաջողվի որպես պատանդ պահել Գ. Հովհաննիսյանին եւ «հորդորել» նրա հորը՝ 2008թ. նախագահական ընտրությունների ժամանակ ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի Լոռու մարզի նախընտրական շտաբի պատասխանատու Համլետ Հովհաննիսյանին, որպեսզի նա փոխի Տեր-Պետրոսյանին սատարելու մտադրությունը: Հ. Հովհաննիսյանին ուղղակի հասկացնել են տվել, որ հակառակ դեպքում նրա որդուն աշխատանքից կազատեն, կդատեն եւ այլն: Ապարդյուն հորդորներից եւ Գ. Հովհաննիսյանի կողմից զբաղեցրած պաշտոնից սեփական կամքով ազատվելու դիմում ներկայացնելուց հետո քրգործեր էին հարուցվել ոչ միայն նրա վրա, այլեւ հոր: Վերջինս այսօր գտնվում է հետախուզման մեջ՝ մարտիմեկյան դեպքերի առնչությամբ, եւ մեղադրվում է ՀՀ ՔՕ 300 եւ 225 հոդվածներով:

Գագիկ Հովհաննիսյանի գործը 2008թ. հունիսին ուղարկվեց դատարան: Երեւանի Քրեական դատարանը այս տարվա հունվարի 12-ին նրան դատապարտեց 2 տարվա ազատազրկման: Այս օրերին ՀՀ Վերաքննիչ դատարանում լսվում է նրա պաշտպանների բողոքը՝ ընդդեմ կայացված մեղադրական վճռի: Ե՛վ ՀՀ Քրեական դատարանում, ե՛ւ Վերաքննիչում Գ. Հովհաննիսյանի շահերի պաշտպան Հովիկ Արսենյանն ու Գիվի Հովհաննիսյանը (ամբաստանվողի եղբայրն է) միջնորդություններ են ներկայացրել, որ դատահոգեբուժական եւ հոգեբանական համալիր փորձաքննություն նշանակեն տուժող Ռոբերտ Կարապետյանի նկատմամբ, որովհետեւ, ըստ առկա փաստաթղթերի, նա 2005-ից մեկուսարանի հոգեբույժի մոտ հաշվառման մեջ է գտնվում: Պաշտպանի մատուցմամբ, տուժողին վերաբերող բժշկական փաստաթղթերում տարբեր ախտորոշումներ կան՝ անձի անկայունություն, փսիխոպատիա, նեւրոսթենա եւ այլն: Պաշտպան Գ. Հովհաննիսյանի ասելով՝ այն, որ տվյալ անձնավորությունը հոգեպես անառողջ է, ակնհայտ է եղել նաեւ նրա տված հակասական ցուցմունքներից: Օրինակ, անգամ դատաքննության ընթացքում նա մեկ ասել է, թե իրեն մեկուսարանում ծեծել են երկու, մեկ էլ, թե՝ երեք հոգով:

Երբ Գ. Հովհաննիսյանի գործը 2008թ. հունիսին ընդունվել է Քրեական դատարանի վարույթ, այս «տուժող» կալանավորի նկատմամբ պատժի ձեւը փոխարինվել է «բաց ռեժիմով», այն է՝ առավոտվանից մինչեւ կեսգիշեր՝ տանը կամ աշխատավայրում, գիշերները՝ մեկուսարանում: Գ. Հովհաննիսյանի պաշտպանները պնդում են, որ դա կատարվել է իշխանությունների եւ կալանավորի հետ ներքին պայմանավորվածության արդյունքում: Այն է՝ կալանավորը դատարանում կպնդի իր ցուցմունքները ՔԿՀ պետի տեղակալի դեմ եւ որպես փոխհատուցում կհայտնվի ազատության մեջ: Սա այն դեպքում, երբ «Պուտանկան» այդ պահին պատիժը կրելիս է եղել «ավազակային հարձակման» մեղադրանքով, որի համար 2003թ.-ին դատապարտվել էր 9 տարվա ազատազրկման:

Թե՛ Քրեական դատարանում, թե՛ Վերաքննիչում, սակայն, տուժողին դատահոգեբուժական փորձաքննության ենթարկելու պաշտպանների միջնորդությունները մերժվել էին շատ զավեշտական պատճառաբանություններով՝ եթե տուժողը հոգեպես անառողջ մարդ է, ինչպե՞ս է տաքսի մեքենա վարում կամ կալանքը «բաց ռեժիմով» կրում: Այնինչ, օբյեկտիվ քննություն կատարելու դեպքում թե՛ դատարանը, թե՛ դատախազությունը առաջին հերթին պարտավոր էին պարզել, թե՝ իսկապես, ինչպե՞ս է նման մարդը հայտնվել «բաց ռեժիմում», կամ ո՞վ է հոգեկան հիվանդին տաքսի մեքենա վստահել եւ այլն: Պաշտպան Գիվի Հովհաննիսյանի մատուցմամբ, ե՛ւ ինքը, ե՛ւ Հ. Արսենյանը բազմաթիվ անգամ են դատարանում հայտարարել, որ վաղ թե ուշ այդ «տուժող» կալանավորը, որն իր կյանքի մեծ մասն անցկացրել է կալանավայրում, քան՝ ազատության մեջ, էլի մի հանցագործություն է անելու եւ էլի հայտնվելու է ճաղերի ետեւում: Բայց քանի որ դատախազների կամ դատարանների համար էականը ամենեւին էլ դա չէր, այլ Գ. Հովհաննիսյանին իր ըմբոստության համար պատժված ու ազատազրկված տեսնելը, նրանք մերժել էին պաշտպանների միջնորդությունները:

Իսկ տուժողի «առանձնահատկությունները» դրսեւորվեցին շատ արագ՝ անկախ դատախազության կամ դատարանների կամքից: Մարտի 27-ի լույս 28-ի գիշերը Ռ. Կարապետյանը փորձել է այրել Ներքին Շենգավիթում գտնվող իր զոքանչի տունն ու «բաջանաղի» ավտոմեքենան: Արդյունքում՝ տան լուսամուտն այրվել է, բայց տունը՝ ոչ, որովհետեւ տանտերերն ու հարեւանները կարողացել են հանգցնել կրակը: Փաստի առիթով Շենգավիթի քննչական բաժնում քրգործ է հարուցվել, Ռ. Կարապետյանն էլ արդեն կալանավորվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 185-րդ հոդվածի 2-րդ մասով՝ «դիտավորությամբ գույքի ոչնչացում կամ վնասում՝ հրկիզման եղանակով»:

Գ. Հովհաննիսյանի փաստաբանների մատուցմամբ, իրենց պաշտպանյալի գործով անցնող այլ վկաներ, որոնք հաստատել են տուժողի հայտարարությունը, ըստ էության, չկան: Նույն գործով պայմանական ազատազրկման դատապարտված «Վարդաշեն» ՔԿՀ եւս երկու աշխատակիցներ, որոնք, իբր, Գ. Հովհաննիսյանի հետ միասին ծեծել էին կալանավորին, բացի այն, որ իրենց մեղավոր չէին ճանաչել, նաեւ իրենց ցուցմունքներում պնդել էին, որ կալանավորի հայտարարությունն իրականությանը չի համապատասխանում: «Այս ամենը փաստում է մի բանի մասին. պարզապես եղել է հրահանգ՝ մարդուն դատապարտել, եւ դատարանը նրան դատապարտել է, ու վերջ»,- նկատեց պաշտպան Գ. Հովհաննիսյանը:

Ապրիլի 2-ին Վերաքննիչ դատարանում այս գործով հերթական նիստն է լինելու: Ու թեեւ դատաքննությունն արդեն վիճաբանությունների փուլում է, բայց պաշտպաններն էլի միջնորդելու են Ռ. Կարապետյանի նկատմամբ դատահոգեբուժական համալիր փորձաքննություն նշանակել արդեն նոր ի հայտ եկած հանգամանքների՝ «տուժողի» կատարած նոր հանցագործության հիմքով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել