Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ՄԵՐ ԹԵԿՆԱԾՈՒՆ ԵՎ ՑՈՒՑԱԿԸ ԼԱՎՆ ԵՆ»

Ապրիլ 01,2009 00:00

\"\"Վստահ է ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը

– «Բարգավաճ Հայաստան»-ի համար Երեւանի ավագանու ընտրությունները քաղաքակա՞ն են, թե՞ սովորական ՏԻՄ ընտրություններ են:

– Իմ անձնական կարծիքն ասեմ՝ չի կարող սա չլինել քաղաքական ընտրություն, որովհետեւ քաղաքական կուսակցություններ են մասնակցում այս ընտրություններին, եւ սա քաղաքական պատասխանատվության հարց է, սա ոչ թե պարզապես մեկ, երկու, 20 կամ 123 հոգու պետական պաշտոնի մղելու հարց է, այլ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից երաշխավորված մարդկանց՝ քաղաքական ասպարեզ հանելու հարցն է: Մենք մեր ցուցակին այդպես ենք վերաբերվում: Սա Գագիկ Ծառուկյանի եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հայտն է Երեւանի կառավարմանը: Մենք ինչո՞ւ ենք կարեւորում, օրինակ, մեր ծրագրի ստեղծումը: Բոլոր կուսակցություններից առաջինն ենք սկսել պատրաստել մեր ծրագիրը՝ Երեւանի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիրը (բոլոր մյուս կուսակցությունների ներկայացուցիչները տարբեր առիթներով նույնը պնդում են իրենց կուսակցությունների մասով- Մ. Ե.), եւ այդ ծրագիրը վստահել ենք գրել մեր ընկերներին, որոնք վերջին տարիներին ՀՀ կառավարության, պետության պատվերով Երեւանի եւ համայնքային զարգացման ծրագրերի բոլոր հիմնական փաստաթղթերի համահեղինակներ են: Այսինքն՝ սա լրջագույն, մոտ 20 էջանոց ծրագիր է, որը, եթե այս ընտրություններն էլ չլինեին, միեւնույն է՝ ներգրավված էր քաղաքային իշխանության ձեւավորման եւ նրա խնդիրների լուծման մեջ: Մենք սա ենք ներկայացնելու: Մենք չենք գնում ընտրությունների՝ պայմանավորվելու, զիջելու կամ գլխից ինչ-որ բաներ խոսելու համար, մենք գնում ենք հաղթելու: Մենք տրամադրված ենք, որ մեր թեկնածուն եւ ցուցակը լավն են, եւ այդ ցուցակին առավելագույն տոկոսի ձայն ենք բերելու: Ընտրություններից հետո կտեսնեք՝ ինչ վիճակ է, հետո նոր մնացած բաների մասին կխոսենք:

– Դուք այդքան համոզվա՞ծ եք, որ հաղթելու եք, բայց բոլորին է հայտնի, որ նույնքան համոզված է նաեւ Հանրապետականը, իսկ քաղաքապետի պաշտոնը ՀՀԿ-ն ոչ մեկի չի պատրաստվում զիջել:

– Այս խոսակցություններն էլ իմ դուրը չեն գալիս, որովհետեւ մենք այսօր ունենք բավականաչափ ռեսուրսներ Երեւանի բոլոր տեղամասերում կարգուկանոնին հետեւելու եւ թույլ չտալու, որ լինեն կեղծիքներ: Ես կարծում եմ՝ մենք մեր կազմակերպչական ռեսուրսը, մասնավորապես՝ մեր համայնքային շտաբները եւ ենթաշտաբները ուղղելու ենք նրան, որ որեւէ մեկը չկարողանա անել կեղծիքներ ընտրությունների ընթացքում:

– Դուք ո՞ւմ կողմից եք սպասում կեղծիքներ, Հանրապետականի՞:

– Գիտե՞ք ինչ կա, ընդհանրապես, եթե դուք նայեք նախագահական ընտրություններից հետո վերջին դատավարությունների մեխանիզմը, շատ դժվար է ասել՝ ով է ավելի շատ կեղծիք արել, որովհետեւ եթե դատվողների թվին նայենք, իմ աչքին ընդդիմությունն ավելի շատ է կեղծել, քան իշխանությունը, բայց ես հիմա դրա գնահատականը չեմ ուզում տալ: Պարզապես պետք է թույլ չտալ այդ մթնոլորտը: Հասկանում եմ, որ կրքերը կբորբոքվեն, որ զանազան խմբեր կմտնեն ընտրությունների մեջ, որոնք ոչ միշտ են ունեցել ոչ դրական ազդեցություն այդ պրոցեսի վրա, բայց նորից եմ կարեւորում քաղաքական կամքի դրսեւորումը հիմնական քաղաքական դերակատարների կողմից: Եթե մենք, Հանրապետականը, ՕԵԿ-ը, ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը վեր կենանք ու հայտարարություններ անենք, որ հետեւելու ենք ընտրությունների օրինականությանը եւ նույնիսկ աշխատելու ենք իրար հետ, որ կեղծիքներ ու խախտումներ չլինեն, ու եթե դրանից հետո էլի կեղծիք ու խախտում լինի, էն էլ՝ մեծ չափերով, ուրեմն մենք ընդհանրապես վարկաբեկված քաղաքական համակարգ ունենք, որի մասին ես չէի ուզենա հիմա էսքան մռայլ տոներով խոսել:

– Խոսեցիք դատավարությունների մասին, կոնկրետ ո՞ր դատավարությունները նկատի ունեք:

– Թույլ տված բռնությունների, կեղծիքների կապակցությամբ նախագահական ընտրություններից հետո սկսված դատավարությունները, ուզում եմ ասել, որ նկատի ունեմ փետրվարի 19-ին եւ դրան նախորդող շրջանում տեղի ունեցած դատավարությունները:

– Դիտո՞ւմ եք Երեւանի ավագանու ընտրությունը՝ որպես նախագահականի երկրորդ փուլ:

– Աշխարհի բոլոր ընտրությունները հաջորդ ընտրությունների նախաշեմն են, եւ ընդհանրապես՝ քաղաքական կուսակցության մշտական աշխատանքային խնդիրը ընտրություններին պատրաստ լինելն է: Որպես երիտասարդ կուսակցություն՝ մենք հարմարվել ենք էդ մտքին, որ դա պերմանենտ ընտրությունների նախապատրաստություն է, եւ շատ լուրջ տրամադրված ենք այս ընտրություններին նույնպես արժանավոր ձեւով մասնակցելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել