Լրահոս
Օրվա լրահոսը

ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆՆ ԱՎԱՐՏՎԵՑ

Մարտ 31,2009 00:00

Երեկ ՀՀ ԴԱՀԿ մամուլի ծառայությունից «Առավոտին» տեղեկացրին, որ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի 2009 թ. փետրվարի 24-ի թիվ 232 հրամանի համաձայն, ԴԱՀԿ ծառայության Գեղարքունիքի մարզային բաժնի պետ, արդարադատության մայոր Սեւակ Բաղդասարյանի լիազորությունները դադարեցվել են, եւ նշանակվել է ծառայողական քննություն:

Ծառայողական քննության արդյունքում պարզվել է, որ Ս. Բաղդասարյանը 2009 թ. իր ընկերոջ՝ «Գեղառսպաս» ՓԲԸ տնօրեն Կառլենի խնդրանքով բանկից վարկ ստանալու նպատակով կազմել է «հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացված լոտի մասին» կեղծ արձանագրություն՝ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Գ. Լուսավորիչի 18 հասցեում գտնվող, «Գեղառսպաս» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը Գավառ քաղաքի բնակիչ Սուսաննա Վանեցյանին (որը հանդիսանում է Կառլենի կինը) վաճառելու մասին, որից հետո կնքվել է առքուվաճառքի կեղծ պայմանագիր, որը նոտարական վավերացում է ստացել:

ԴԱՀԿ ծառայության Գեղարքունիքի մարզային բաժնի պետ Ս. Բաղդասարյանի պնդմամբ, վերջինս չի գիտակցել, որ կազմված փաստաթղթերը կարող են իրավական հետեւանք ունենալ եւ չի հետեւել դրանց ընթացքին:

Արդյունքում՝ «Գեղառսպաս» ՓԲԸ-ի տնօրենը արձանագրությունը եւ պայմանագիրը ներկայացրել է Գեղարքունիքի մարզի ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե՝ համապատասխան գրանցում ստանալու նպատակով, սակայն պետական գրանցումը չի կատարվել:

Ս. Բաղդասարյանը իր կողմից տրված բացատրության մեջ զղջացել է իր արարքի համար:

ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի հրամանով, կատարվածին քրեաիրավական գնահատական տալու նպատակով միջնորդագիր է ուղարկվել ՀՀ գլխավոր դատախազություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել