Տարածուած երեւոյթ է, որ տղաները Հայաստանում հաճախ իրար դիմում են «արա» բառով, ինչպէս որ արեւմտահայերի մօտ տարածուած է «ծո» կամ «տո» ասելը (նկատենք, որ «ծո» կամ «տո» նոյն բառերն են. հայերէնում ծօ փոխակերպութիւնը եղել է, օրինակ՝ թորել-ծորել, խայթել-խայծել, տատանիմ-ծածանիմ, թեքիլ-ծեքիլ, ծեքծեքիլ); Յստակ է միայն, որ «արա» բառը կապ չունի հեթանոսական չաստուածութեան՝ Արայի կամ Արա Գեղեցիկ արքայի հետ:
Այս «արա» դիմելաձեւի բացատրութեան համար առաջ քաշածս վարկածը հիմնուած է ակադեմիկոս Գր. Ղափանցեանի՝ «Հայոց լեզուի պատմութիւն» աշխատութեան մէջ հաթի (խեթերէնի) եւ հայերէնի ընդհանուր լեզուատարրերի մասին ուսումնասիրութեան նիւթերի վերլուծութեան վրայ: Ղափանցեանի հայ-հաթական բառերի ցանկում ներկայացուած է նաեւ iriara (ireara) բառը, որից նա բխեցնում է հայերէնի «իրար» կամ «իրարու» բառը։ Նկատենք, որ դա, ըստ Հայկազեան բառարանի, գրական գրաբար չէ, այլ ռամկական է, բացատրելով՝ միմեանս, մի ընդ միւսն իմաստով: Iriara-ի մէջ, սակայն, iri մասնիկը ոչ թէ հաթերէն է, այլ հուրիական (խուռիերէն) հնչողութիւն ունի (յիշեցնենք, որ լեզուաբանները ուրարտական սեպագիր լեզուն անուանում են նաեւ նոր-հուրիական լեզու) եւ նշանակել է «ընկեր», իսկ ara մասնիկը կայհաթերէնում՝ նոյնպէս «ընտիր ընկեր» կամ «բարեկամ» իմաստով: Այդ հաթերէն ara արմատի կրկնաւոր բառը՝ aras-aran նշանակել է՝ ընկերն-ընկերոջ, մէկ-մէկու, ինչպէս որ լատիներէնում կայ alter-alterum, որտեղ alter նշանակում է otheroftwo եւ այստեղից անգլերէնում կայ alternate, alternative (տես՝ Arcade, Dictioneryofwordorigins»), իսկ հայերէնում ընկերն-ընկերոջ կրկնաւորի իմաստն ունի ԻՐԱՐ-IREARA (iriar) բառը:
Ակադեմիկոս Ղափանցեանը ireara-իրար բառի ծագումնաբանութիւնը բացատրելով, իր նիւթն աւարտել է այդքանով: Մենք վերոյիշեալ ծագումնաբանութիւնից յետոյ ներկայացնում ենք մեր համեստ ենթադրութիւնը, որ Հայաստանում տղաների՝ միմիանց «արա» դիմելը ծագել է հաթերէնի ara-ընկեր բառարմատից: