Սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչները մտադիր են Մոսկվայում օտարերկրացիների մասնակցությամբ համասեռականների շքերթ կազմակերպել՝ «Եվրատեսիլի» եզրափակիչի օրը։
«Կիրակի տեղի է ունեցել համասեռականների կազմակերպության կազմկոմիտեի նիստ, որի ընթացքում որոշում է կայացվել, որ համասեռականների սլավոնական շքերթը կանցկացվի Մոսկվայում, մայիսի 16-ին՝ «Եվրատեսիլի» եզրափակիչի օրը»,- նշել է ակցիայի կազմակերպիչ Նիկոլայ Ալեքսեեւը։ Այդ մասին հաղորդում է ԼվՑպՐՒՈՍր-ը։
Նա նախազգուշացրել է, որ համասեռականները չեն պատրաստվում սահմանափակվել միայն շքերթով։
«Համասեռականների սլավոնական շքերթի շրջանակներում մայիսի 14-ից 17-ը տեղի կունենան մշակութային եւ քաղաքական միջոցառումներ, իսկ 16-ին մենք կտոնենք հոմոֆոբիային դիմադրության միջազգային օրը»,- պատմել է Ալեքսեեւը։ Ըստ վերջինիս՝ ակցիան կոչվելու է ոչ թե «Համասեռականների մոսկովյան շքերթ», այլ «Սլավոնական», քանի որ ակցիային կմասնակցեն Բելառուսի համասեռականների խմբերը, որոնք այդ նպատակով հատուկ կժամանեն Մոսկվա։
Ըստ tert.am-ի, Ալեքսեեւը նաեւ հավելել է, որ մայիսյան տոներից հետո Համասեռականների միությունը մտադիր է հայտ ներկայացնել քաղաքապետարան՝ Մոսկվայում երթ եւ ցույց, ինչպես նաեւ այլ միջոցառումներ անցկացնելու համար։
«Մենք փնտրելու ենք ակցիայի անցկացման օրինական տարբերակներ, իսկ եթե դրական պատասխան չլինի, ապա դա ոչ մի կերպ չի սահմանափակի մեր գործողությունները։ Մենք, ամեն դեպքում, ակցիան անցկացնելու ենք՝ անկախ իշխանությունների որոշումից»,- նշել է Ալեքսեեւը՝ հավելելով, որ «Սահմանադրության մեջ ամրագրված է քաղաքացիների կամքի ինքնադրսեւորման իրավունքը, եւ մենք դա ենք պահանջում»։