Լրահոս
Օրվա լրահոսը

14 շուն՝ 1 սենյականոց բնակարանում

Մարտ 31,2009 00:00

Շնիկներով տիկինը՝ Աջափնյակ համայնքում

Տիկին Անահիտը արդեն եկար տարիներ է՝ ինչ ապրում է Աջափնյակ համայնքի 16-րդ թաղամասի 23 շենքում: Սակայն վերջին տարիներին մշտական կռիվների մեջ է իր հարեւանների հետ: Ապրում է մենակ, ավելի ճիշտ՝ տան միակ մարդ արարածն ինքն է, մնացածը՝ տարբեր տեսակի ու չափի շներ են, որոնց նա տուն է բերել փողոցից: Սկզբում դրանք մեկ-երկուսն էին եւ չնայած նյարդայնացնում էին շենքի բնակիչներին, բայց նրանք ոչինչ չէին ձեռնարկում: Այդ շներից մեկը ոչ միայն շենքի, այլ նաեւ բակի շատ երեխաների է կծել, շատերն էլ վախենում են մենակ բակ իջնել: Տիկին Անահիտը անպատվում է բոլոր նրանց, ովքեր փորձում են մի «թթու» խոսք ասել իր «երեխաներին»: Հարցը շատ է լրջացել, քանի որ շները գնալով շատանում են: «Որ վերելակը փչանում ա, վախենալով ենք բարձրանում հարկերով, որովհետեւ կարող ա Անոն իրա շքախմբով դիմացդ դուրս գա»,- ասում է նույն շենքի բնակիչ տիկին Հրանուշը:

Հերիք չէր շենքի աղբից առաջացած հոտը, դրան է ավելացել նաեւ շնիկների զուգարանի հոտը, քանի որ նրանք հաճախ իրենց կարիքները հոգում են տարբեր հարկերում ու անկյուններում: «Ինչքա՞ն կարելի է դիմանալ: Հարեւաններով հավաքվելու ենք ու վերջ դնենք այս երեւույթին: Նրանց կեղտը ոտքի հետ տուն է գալիս, հիվանդության բուն է»,- բարկացած ասում է բնակիչներից Կարլենը:

Շենքի բնակիչները դիմում գրեցին եւ ուղարկեցին թաղապետարան: Աջափնյակ համայնքի «Հայուղեւորտրանս» համատիրության նախագահ Անահիտ Թորոսյանն այս առիթով ասում է, որ դիմումը ուղարկվել է սանէպիդկայան, որտեղ էլ որոշում է կայացվել շներին հանձնել «Յունիգրաֆ X» ՍՊԸ-ին: «Մենք մի քանի անգամ այցելել ենք Անահիտին ու բացատրել, որ չի կարելի շներին պահել շենքում: Մի խոսքով, փորձել ենք հոգեբանորեն նախապատրաստել նրան»,- ասում է համատիրության նախագահ Անահիտ Թորոսյանը:

Հարցը վերջերս իր լուծումը ստացավ: Համատիրության նախագահը Աջափնյակ համայնքի շրջակա միջավայրի պահպանման աշխատակիցների եւ «Յունիգրաֆ X» ՍՊԸ-ի հետ շենքից հանեցին 13 մեծ ու փոքր շուն: Դրանց մեջ էր նաեւ մի հիվանդ շուն, որի վրա մազ գրեթե չէր մնացել: Այնուամենայնիվ, որպես սփոփանք՝ ժամանակավոր թողեցին 14-րդին:

Տիկին Անահիտի հետ չհաջողվեց զրուցել, բայց նրա ձայնը լսելի էր շենքով մեկ: Մինչեւ օրս շենքի բնակիչներին անիծում է, բայց վերջիններս գոհ են, քանի որ լուծվեց շենքի գլխավոր խնդիրներից մեկը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել