Ճգնաժամի պատճառով որոշ գեղեցկության սրահների մատուցած ծառայությունները թանկացել են, հաճախորդները՝ պակասել:
Ասում են՝ համաշխարհային տնտեսական ճգնաժամը Հայաստան չէր հասնելու… Հասավ, այն էլ ներխուժեց այնպիսի ոլորտներ, որ անգամ այդ ոլորտի ներկայացուցիչները չէին սպասում: Խոսքը գեղեցկության սրահների մասին է. «Ելենա», «Մարսելիա», «Մոխրոտիկ», «Աֆրոդիտե», «Իվ Րոշե», «Սերգեյ Զվերեւ», «NN»… Սրանք Երեւանում գործող հարյուրավոր գեղեցկության սրահներից մի քանիսն են: Հետաքրքիր է, կարողանո՞ւմ են նրանք ճգնաժամի պայմաններում գոյատեւել, պահպանել իրենց հաճախորդներին, իսկ հաճախորդներն, արդյոք, չե՞ն քչացրել գեղեցկության սրահներ իրենց այցելությունները: Օրինակ, 57-ամյա ուսուցչուհի տիկին Շուշանը մեզ հետ զրույցում ասաց. «Նախկինում ես ամեն առավոտ դպրոց գնալիս մազերս հարդարում էի դպրոցի կողքին գործող փոքրիկ վարսավիրանոցում: Այնտեղ սպասարկումը բավական էժան էր եւ իմ գրպանին համապատասխան: Այսօր այդ հաճույքից ստիպված զրկվեցի. ճգնաժամի պայմաններում գեղեցկության սրահների մատուցած ծառայությունների գները եւս թանկացան: Եթե ես այն ժամանակ 500 դրամով էի մազերս հարդարում, ապա այսօր դարձրել են 1000, պատճառաբանելով, որ ճգնաժամ է, մի կերպ են գոյատեւում: Այսօր արդեն միայն տոնից տոն, առիթից առիթ եմ ինձ այդ հաճույքը թույլ տալիս»:
23-ամյա վեբ-դիզայներ Տիրուհին էլ ասաց. «Ամեն առավոտ չէի հարդարում մազերս, բայց շաբաթվա մեջ գոնե 2-3 անգամ հաճախում էի գեղեցկության սրահ: Այսօր կրճատել եմ այցելություններս, որովհետեւ թանկացրել են: Այն ժամանակ 1000 դրամով էի մազերս հարդարում, այժմ դարձրել են 1500 դրամ: Դա նշանակում է, որ ամբողջ աշխատավարձս պետք է ծախսեմ մազերս հարդարելու վրա»:
Ինչպե՞ս են գոյատեւում գեղեցկության սրահները ճգնաժամի այս պայմաններում, արդյոք, չե՞ն պակասել վերջիններիս հաճախորդները՝ մատուցած ծառայությունների գների բարձրացման պատճառով՝ այս եւ այլ հարցերի պատասխանները ստանալու ակնկալիքով շրջեցինք քաղաքում գործող մի քանի գեղեցկության սրահներով:
«Մոխրոտիկ» սրահի մենեջեր Լինայի խոսքով՝ ճգնաժամը մեծ վնաս է հասցրել ոլորտին. «Հաճախորդների կտրուկ նվազում կա: Եթե նախկինում մարդիկ ամեն առավոտ աշխատանքի գնալիս մազերը հարդարում էին, այսօր միայն ինչ-որ կարեւոր տեղ գնալիս: Մեր վարսավիրանոցը, որ ուներ բազմաթիվ հաճախորդներ, հիմնականում՝ մշտական, այսօր արդեն զգում է այդ պակասը»:
«Մարսելիա» գեղեցկության սրահի մենեջերը (նա չցանկացավ ներկայանալ) նույնպես դժգոհեց հաճախորդների պակասից. «Յուրաքանչյուր վարսավիրանոց գոյատեւում է հաճախորդների շնորհիվ, եւ մեկ հաճախորդ կորցնելն էլ զգալիորեն ազդում է անգամ ամենահարուստ ու մեծ վարսավիրանոցի վրա: Այժմ հաճախորդներն էլ մի տեսակ քմահաճ են դարձել: Դա խոսում է դժվարությամբ գրպանից 1000-1500 դրամ հանելու եւ մազերին կամ մատներին տրամադրելու մասին: Մեղադրելու էլ չէ. այսօր մարդիկ դժվարությամբ են այդ 1000 դրամը վաստակում: Բայց պետք է հասկանալ, որ մենք էլ իրենցով ենք ապրում, նրանց այցելություններով»:
«Ելենա» գեղեցկության սրահի մենեջեր Նինան ասաց. «Չէր կարող այդ ճգնաժամը չազդել մեր հասարակության վրա: Նաեւ՝ վարսավիրանոցների: Կոնկրետ մեր վարսավիրանոցի վրա մոտ 20% ազդել է, հաճախորդների թիվն էլ՝ պակասել: Մասնավորապես, նկատվում է հաճախորդների՝ միայն վարսերը հարդարելու նպատակով սրահ հաճախելու նվազում: Եթե առաջ մեր հաճախորդները գալիս էին իրենց մազերն ու մատները հարդարելու, ապա այսօր մատնահարդարները գրեթե գործ չունեն, իսկ վարսահարդարման բաժնում էլ հաճախորդները շատ քչացել են»:
Եթե «Ելենա» գեղեցկության սրահում հաճախորդների թվի մոտ 20% նվազում է գրանցվել, ապա «NN» սրահին ճգնաժամը 50% է վնաս հասցրել: Ըստ վերջինիս տնօրեն Գարիկի. «Մեր հաճախորդների հաճախելիությունը շատ է նվազել: Եթե նախկինում հաճախորդը այցելում էր 2 օրը մեկ, այսօր արդեն՝ 4 օրը մեկ են գալիս»: «Մոխրոտիկ» գեղեցկության սրահի մենեջեր Լիանան փաստեց. «Մեզ մոտ ոչ մի թանկացում չի գրանցվել: Օրինակ, մազ կտրելը մեզ մոտ արժե 700 դրամ, եթե այն դարձնենք 1000՝ մեր հաճախորդը կգնա ուրիշ տեղ կկտրի: Մեր թաղամասը հարուստ թաղամաս չէ եւ անգամ 200-300 դրամը մարդկանց համար նկատելի է: Դեռեւս գոյատեւում ենք ու չենք թանկացնի: Թանկացնելով՝ միայն մեզ ենք վնաս տալու: Հաճախորդը այդ դեպքում կնախընտրի ինքն իր մազերը հարդարել, այլ ոչ թե դիմել մեզ»:
«Մարսելիա» սրահի մենեջերն էլ նշեց. «Առայժմ գները չենք բարձրացրել, չգիտեմ, միգուցե այս պայմաններում չկարողանանք գոյատեւել եւ մի փոքր թանկացնենք, բայց դեռ ամեն ինչ նույնն է, սակայն չեմ կարող ասել վաղը ինչ կլինի»:
«NN» գեղեցկության սրահի տնօրենի խոսքով էլ, չնայած շատ սրահներ թանկացրել են ծառայությունների գները, բայց իրենք՝ դեռ ոչ: «Ելենա» սրահի մենեջեր Նինան էլ հավելեց. «Ժողովրդի մեջ թյուր կարծիք կա ձեւավորված՝ եթե մի բան թանկ է, ուրեմն լավ է, համամիտ չեմ այդ կարծիքին: Մենք միշտ աշխատել ենք հասարակության բոլոր շերտերին համապատասխան գներով եւ միգուցե դրանով է պայմանավորված եղել մեր մեծ թվով հաճախորդներ ունենալը: Գները չենք թանկացրել, ոչ էլ պատրաստվում ենք: Վաղ թե ուշ այս ճգնաժամը կավարտվի, հո այսպես չի՞ մնալու»: