Ֆուտբոլի աշխարհի 2010 թվականի գավաթի խաղարկության որակավորման փուլի հերթական խաղում Հայաստանի ազգային հավաքականը կրկին հուսախաբ արեց իր երկրպագուներին՝ սեփական հարկի տակ ոչ-ոքի՝ 2:2 խաղալով Էստոնիայի ընտրանու հետ:
Դատելով 5-րդ խմբում ընդգրկված հավաքականների մակարդակից՝ միայն Էստոնիան էր, որից կարելի էր հնարավորին չափ առավել միավորներ կորզել: Բայց՝ ավաղ: Ի զորու չեղանք, այն էլ՝ հարազատ հարկի տակ, որտեղ պատերն էլ են օգնում:
Հանդիպումից առաջ գլխավոր մարզիչները ֆուտբոլասերներին տարբեր խոստումներ էին տալիս: Յան Պոուլսենը հավաստիացնում էր, որ մեր ընտրանին անելու է ամեն ինչ՝ իր երկրպագուներին վերջապես հաղթանակի բերկրանք պարգեւելու համար, իսկ Տարմո Րյուտլին չէր թաքցնում, որ ֆուտբոլում չգրված օրենք կա. արտագնա խաղում հասնել ոչ-ոքիի, իսկ հաղթանակի համար պայքարելու մասին մտածել տանը: Եվ մարզիչների այս հեռակա պայքարում, փաստորեն, հաղթեց Րյուտլին:
Հանդիպման մանրամասները վերապատմելու հարկ չկա. բոլորը դա տեսել են կամ ստադիոնում, կամ հեռուստաէկրաններին՝ ուղիղ հեռարձակմամբ: Մեզ ավելի հետաքրքրեց հանդիպումից հետո մեր գլխավոր մարզչի՝ ասուլիսում (նախապես ասեմ, որ տողերիս հեղինակը ներկա չի եղել) հնչեցրած մտքերի հակասականությունը: Ըստ ՀՖՖ կայքում տեղադրված մամուլի քարտուղարության տեղեկատվության, պարոն Պոուլսենը սկզբում հայտարարել է. «Ես գոհ չեմ մեր թիմի ելույթից: Մենք դանդաղ էինք, հաճախ կորցնում էինք գնդակը, չափից շատ էինք սխալներ թույլ տալիս: Սա վերաբերում է, մասնավորապես, առաջին կեսին: Երկրորդում մի փոքր բարելավեցինք մեր խաղը»: Բայց քիչ անց նաեւ ավելացնում է. «Մեր բոլոր տղաները, առանց բացառության, լավ աշխատեցին խաղադաշտում: Նրանք պայքարում էին, եւ այդ առումով ես նրանցից գոհ եմ»: Անհասկանալի է, մարզիչը, ի վերջո, մեր հավաքականի ցուցադրած խաղից գո՞հ է, թե՞ դժգոհ:
Անկախ ամեն ինչից, ֆուտբոլի մեր ազգային հավաքականն աշխարհի գավաթի որակավորման մրցաշարում անցկացրած հինգ հանդիպումներում վաստակեց առաջին միավորը, որը, հուսանք, վերջինը չի լինի:
Մեր խմբի մյուս զույգերի հանդիպումներում Իսպանիան 1:0 հաշվով հաղթեց Թուրքիային՝ ցույց տալով հարյուր տոկոսանոց արդյունավետություն, իսկ հյուրընկալողի դերում հանդես եկած Բելգիան 2:4 հաշվով զիջեց Բոսնիային:
Հինգ տուրից հետո 5-րդ խմբի մրցաշարային աղյուսակն այսպիսի տեսք է ստացել:
1.Իսպանիա 5 5 0 0 11-1 15
2.Բոսնիա 5 3 0 2 16-6 9
3.Թուրքիա 5 2 2 1 5-3 8
4. Բելգիա 5 2 1 2 9-9 7
5. Էստոնիա 5 0 2 3 4-15 2
6.Հայաստան5 0 1 4 3-15 1