Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՏՎԱԲԵՐ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մարտ 31,2009 00:00

\"\"Հայաստանի մշակույթի նախարարության նախաձեռնությամբ շաբաթ օրը Կամերային երաժշտության տան ճեմասրահում տեղադրված 33 խաղատախտակների շուրջ՝ Դրեզդենում կայացած շախմատի համաշխարհային օլիմպիադայի հաղթողներ, գրոսմայստերներ Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը եւ Տիգրան Պետրոսյանը հանդիպեցին մշակույթի անվանի գործիչների հավաքական թիմի հետ:

Գրոսմայստերներից յուրաքանչյուրը միանգամից հանդես էր գալիս 11 խաղատախտակի առջեւ, ինչը յուրատեսակ միաժամանակյա խաղի սեանս էր:

Մարզամշակութային այս յուրատեսակ մրցապայքարին ներկա էր նաեւ ՀՀ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը:

Հաշվի առնելով ուժերի անհավասարությունը՝ կազմակերպիչները կազմել էին նաեւ արվեստագետների թիմին աջակցող խումբ, որում ընդգրկվել էին օլիմպիադայի չեմպիոն, գրոսմայստեր Արտաշես Մինասյանը եւ օրերս ՖԻԴԵ-ի կանանց անդրանիկ «Գրան Պրիում» աշխարհի 12 ուժեղագույն շախմատիստուհիների մեջ երկրորդ տեղը գրաված Էլինա Դանիելյանը: Նրանց տրված էր անհրաժեշտության դեպքում մշակույթի գործիչներից յուրաքանչյուր մասնակցին ընդամենը մեկ քայլ հուշելու իրավունք:

Պայքարն սկսվելուց առաջ մշակութային գործիչները մեր փառապանծ չեմպիոնների հետ խաղատախտակի առջեւ հանդիպելն իրենց համար պատիվ համարեցին, արտահայտելով նաեւ ամբողջ հայ ժողովրդի ապրած հպարտության զգացումը՝ ամենաբարձր կարգի մրցումներում նրանց տարած փայլուն հաղթանակների համար, որոնց ցանկում մի քանի օր առաջ նոր գրառում կատարեցին Էլինա Դանիելյանն ու Սանկտ Պետերբուրգում երկրորդ անգամ Եվրոպայի կանանց փոխչեմպիոն հռչակված Լիլիթ Մկրտչյանը: Նրանք նաեւ նշեցին, որ մարզական եւ մշակութային յուրաքանչյուր հաղթանակ, նվաճում բարձրացնում է ազգի ոգին, միավորում հասարակությունը, եւ իրենք այս միջոցառումը նույնպես դիտարկում են հենց այդ տեսանկյունից:

Ինչպես եւ սպասվում էր, բացահայտ առավելությամբ հաղթեցին գրոսմայստերները: Խաղացված 33 պարտիաներում նրանք ընդհանուր առմամբ տարան 31 հաղթանակ եւ միայն երկուսում ոչ-ոքի գրանցվեց:

Թե մշակույթի գործիչները, թե շախմատիստները ցանկություն հայտնեցին, որպեսզի այս միջոցառումը դառնա ավանդական:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել